ՌՈՒՍԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ․ ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՅՆ ԽՈՑԵԼԻ

brent

Կփլուզվի՞ արդյոք ռուսաստանյան տնտեսությունը։ Էակա՞ն են արդյոք պատժամիջոցները։ Սրանք այժմ ամենահաճախ տրվող հարցերն են, երբ խոսք է գնում ՌԴ տնտեսության մասին, ասել է ՌԴ Կենտրոնական բանկի նախկին առաջին փոխնախագահ և ֆինանսների նախկին փոխնախարար Սերգեյ Ալեքսաշենկոն։ Ելույթ ունենալով Center for the National Interest-ում՝ Ալեքսաշենկոն մեկնաբանել է, թե ինչպես են Ռուսաստանի վրա անդրադարձել նավթի գնանկումները, ռուբլու փոխարժեքի նվազումը, գնաճն ու արևմտյան պատժամիջոցները։

Մեկ տարի առաջ մեկ բարել նավթն արժեր մոտ 100 դոլար, իսկ այժմ դրա գինը գրեթե 2 անգամ ցածր է։ ԱՄՀ-ի վերջին կանխատեսումների համաձայն՝ այս տարի ՌԴ տնտեսության անկումը կկազմի 3,4% (դեռ 2012 թ․-ին աճի այդ ցուցանիշն էր առկա). Ռուսաստանում ետաճ է, ամենաերկարատևը՝ 1997թ․-ից հետո։ Սակայն կրախ չի նախանշվում, նշել է Ալեքսաշենկոն՝ կարճ եզրահանգում կատարելով՝ ռուսական տնտեսությունն ավելի կայուն է, քան կարծում են շատերը։

Սակայն տնտեսագետը ոչ մի դեպքում չի փորձում գունավորել Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Ավելին, նա հայտարարել է, որ բավականին «մռայլ» կանխատեսումներ ունի տնտեսության վերաբերյալ։

2092Պատժամիջոցներն իրենց վնասը հասցրել են, սակայն նախորդ տարի դրանց ազդեցությունը փոփոխության է ենթարկվել։ 2014 թ․-ի դեկտեմբերին ֆինանսական պատժամիջոցները 50%-ով անկման պատճառ են հանդիսացել, երբ բառացիորեն մի քանի շաբաթվա ընթացքում ռուբլու կուրսը նվազել է երեք անգամ, ասել է Ալեքսաշենկոն։  30%-ով անկման պատճառ են դարձել նավթի գնանկումները, իսկ մնացածը Կենտրոնական բանկի վատ կառավարման հետևանքն է։ Սակայն այժմ կայունության որոշակի մակարդակ է առաջացել, և պատժամիջոցների ազդեցությունը նվազել է։ Ալեքսաշենկոյի խոսքով՝ նավթի գներն առավել կարևոր են դարձել, և ներկայում դրանք խնդիրների աղբյուր են 45 տոկոսով։ Պատժամիջոցներին բաժին է ընկնում 40%-ը, իսկ մնացածը ղեկավարության թերություններն են։

Թեև ՌԴ տնտեսության վրա ֆինանսական պատժամիջոցների ազդեցությունը հեռանկարում նվազման միտումներ է ցուցաբերում, այնուամենայնիվ, Ալեքսաշենկոյի խոսքով,  բյուջեի վրա դրանց ազդեցությունն առավել նկատելի է դառնում։ Սանկցիաները Ռուսաստանին զրկել են փոխառությունների հաշվին բյուջեն ֆինանսավորելու հնարավորությունից, և հետագա մասնավորեցումն այստեղ դժվար թե օգնի, կարծում է նա։ Մնում է մեկ տարբերակ՝ բյուջեի դեֆիցիտը լրացնել պահուստների հաշվին։ Թեև այս տարբերակն էլ թերություններ ունի, քանի որ սպասումների համաձայն՝ պատժամիջոցները երկարատև բնույթ են կրելու, ուստի պահուստներն անհրաժեշտ է տնտեսել։

Հենց այն պահին, երբ պետք էր մեծացնել պետական ծախսերը՝ անհատական սպառման նվազումը փոխհատուցելու նպատակով, ռուսաստանյան բյուջեն կրճատվում է, ասել է Ալեքսաշենկոն։ Ավելին, նմանատիպ կրճատումներն ամենահզոր հարվածը հասցնում են ներդրումներին (նախապատվությունը տրվում է սոցիալական առաջնային կարիքներին), ինչն էլ նվազեցնում է աճի հեռանկարը։ Սկսած հաջորդ տարվանից՝ լրացուցիչ փորձություն կարող են դառնալ ռազմական ծախսերը, և առաջին հերթին կտուժեն արևմտյան տեխնոլոգիաներից կախված ռազմածովային ուժերը։

Կան կարծիքներ, որ ռուբլու փոխարժեքի անկումը բարենպաստ է անդրադառնում  տնտեսության վրա, քանի որ արտահանումն ամրապնդվում է արժեզրկման հաշվին։ Սակայն Ալեքսաշենկոն ենթադրում է, որ իրականում ամեն ինչ ավելի բարդ է։ ՌԴ ընկերությունները, հատկապես նավթ և հումք արտահանող, արձագանքում են արժեքին, այլ ոչ թե որոշում այն։ Արտահանողները պատրաստ են վաճառել իրենց ապրանքը միջազգային շուկայի պահանջներին համաձայն, իսկ այդ ֆիզիկական պահանջարկը նշանակալիորեն ավելի շատ է ազդում տնտեսության արտահանող հատվածի վրա, քան եռամսյակային տատանումները։ Ռուսաստանում քիչ են այն ընկերությունները, որոնք մշտապես կարող են տառապել շահույթի նվազումներից։ Ռուսաստանյան նավթային ընկերությունները, նշում է Ալեքսաշենկոն, կարող են նավթ արդյունահանել անգամ 30 դոլարով։ «Այժմ խոսք է գնում ոչ թե շահութաբերության, այլ գումարների ստացման մասին»,- ասել է նա։

Ավելին, հումքի արտահանումից հետո երկրորդ կարևոր բաղադրամասը զենքի վաճառքն է։ Իսկ դրանում քաղաքականությունը շատ ավելի կարևոր է, քան շահույթ ստանալու ձգտումը։

Եվրասիական տնտեսական միության ամրապնդման հեռանկարների և դրանում ընդհանուր արժույթի ներդրման վերաբերյալ կարծիք հայտնելիս Ալեքսաշենկոն ընդգծված լավատեսություն չի ցուցաբերում։ Գլխավոր խոչընդոտը, ինչպես նշել է տնտեսագետը, շահերի կոնֆլիկտի մեջ է։ Փոքր երկրների համար ինտեգրացիայի և ընդհանուր արժույթի ներդրման համար գլխավոր խթանը հիմնականում տնտեսական գործոնով է պայմանավորված, քանի որ այդ երկրները ցանկանում են ռուսաստանյան շուկա դուրս գալ և ինչ-որ բան քաղել «ռուսական շռայլությունից»։

Իսկ Ռուսաստանի համար նման միության ստեղծման գլխավոր պատճառը քաղաքական է։ Դա ազդեցության միջավայրը պահպանելու ձգտում է։ Նոր շուկաներ դուրս գալը երկրորդական բնույթ է կրում, բայց բավարար է, որպեսզի Ռուսաստանը ձգտի հետագա ինտեգրմանը։

Անկմանը մեկ կամ երկու տարի կարելի է դիմադրել, եթե չափավոր կերպով օգտագործվեն պահուստային միջոցները։ Սակայն, ինչպես նշում է Ալեքսաշենկոն, եթե նավթի գները մնան ցածր 5-7 տարի, ռուսական կառավարությունը կսկսի փոխառություններ վերցնել անմիջապես Կենտրոնական բանկից՝ բյուջեն ֆինանսավորելու համար։ Ամեն ինչ նրան է տանում, որ ՌԴ Կենտրոնական բանկի ներկա կառավարիչ Էլվիրա Նաբիուլլինան, որոշ չափով գերատեսչական ինքնավարություն պահպանելով, «պատրաստ է այսպես թե այնպես պետությանը գումար տրամադրելու»՝ պետական բյուջեն ֆինանսավորելու համար, ասել է Ալեքսաշենկոն։ Իսկ ցանկացած վարկային ֆինանսավորում «վաղ թե ուշ գնաճի է հանգեցնում», ավելացրել է նա։

Նրա խոսքով՝  տնտեսության կառուցվածքային խնդիրները չի կարելի լուծել միայն տնտեսական քաղաքականությամբ։ Տոկոսադրույքների բարձրացում կամ նվազեցում, պակասորդի մեծացում կամ փոքրացում, այս ամենից կարևոր խնդիր կա տվյալ պահին՝ սեփականության իրավունքի պաշտպանության միջոցների բացակայությունն ու դրա հետևանքով ներդրումների անկումը։ Իսկ դա, նշում է Ալեքսաշենկոն, «քաղաքական քաղաքականություն» է։ «Անհրաժեշտ են անկախ դատարաններ։ Հարկավոր է քաղաքական մրցակցություն։ Հարկավոր է օրենքի իշխանություն։ Անհրաժեշտ է պայքար կոռուպցիայի դեմ»։

Ինչ կարող է դա նշանակել նախագահ Պուտինի համար․ հասարակական հուզումները քիչ հավանական են։ Այսօր Պուտինի և ռուսաստանյան հասարակության միջև սոցիալական պայմանագրի հիմքում մեծ հաշվով Ռուսաստանի՝ հզոր գերտերության կարգավիճակի համար պայքարն է, իսկ ավելի նեղ կտրվածքով՝ մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, նշել է Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահը։ Պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, դեռ որոշ ժամանակ կպահպանվեն։ Ռուսաստանցիները պատրաստ են հարմարվել տնտեսական նոր պայմաններին։ Ալեքսաշենկոյի կարծիքով՝ Ռուսաստանը բացարձակ միապետություն է, իսկ Պուտինը միակն է, ով քաղաքական ու տնտեսական որոշումներ է կայացնում։ Սակայն բացահայտ ժառանգ նա չունի։ Ուստի կարևոր հարցը կայանում է հետևյալում՝ ինչպե՞ս տեղի կունենա իշխանության փոխանցումը Պուտինից իր հաջորդին, երբ գա դրա ժամանակը։

Թարգմ․՝ Մարինե Ալեքսանյան
The National Interest