ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԸ

news_06_04_2015_1b

Իրանական և Փոքրասիական բարձրավանդակներով եզերված Հայկական լեռնաշխարհը պատմելու շատ բան ունի, սակայն մենք այսօր կանդրադառնանք Հայկական լեռնաշխարհի ֆլորային, ավելի կոնկրետ՝ դեղաբույսերին։

Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության: Այստեղ աճում է 4 հազար բուսատեսակ, որից մոտ 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույսեր՝ հունական շրջահյուսը, ծովոսպը, կովկասյան մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից ներմուծված հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը:

Այս հրաշալի բազմազանությունը բավականին պրոզայիկ պատճառ ունի․ բանն այն է, որ Հայկական լեռնաշխարհը տեղակայված է երկու կենսաաշխարհագրական գոտու սահմանագծին։ Մի կողմից այստեղ Իրանական բարձրավանդակի չորային ֆլորայի ներկայացուցիչներն են, մյուս կողմից համեմատաբար խոնավասեր կովկասյան բուսատեսակները։ Բացի այդ, մեծ նշանակություն ունի բարդ ռելիեֆը, որի շնորհիվ այստեղ առկա են հողերի շատ տարբեր տեսակներ ու ենթատեսակներ՝ իրենց բնորոշ բուսատեսակներով։

Հայկական լեռնաշխարհի բուսատեսակների բուժիչ հատկությունները հայտնի էին հնագույն ժամանակներից։

Հայտնի է, որ մ.թ.ա. I դարում Հայոց Արտաշես Բ թագավորը հիմնել էր հատուկ պարտեզաբուրաստաններ, որտեղ աճեցվում էին տարբեր բուժիչ բույսեր: Որոշ բույսեր, օրինակ՝ լոշտակը, սև գնդիկը (սոնիճը), հազարը (կաթնուկը), այնքան հայտնի էին իրենց բուժիչ հատկություններով, որ դարձել էին պաշտամունքի առարկա:

Դեղաբույսերի օգտագործման ավանդույթների մասին են վկայում նաև պեղումների ժամանակ հայտնաբերված բազմաթիվ անոթները՝ դեղաբույսերի սերմերի կամ յուղերի հետքերով։

Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունը կատարել է Եզնիկ Կողբացին V դարում, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են բժշկապետեր Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին:
Թեև Ամիրդովլաթ Ամասիացին իր օրերում իհարկե դեռ ծանոթ չէր ֆրանսիացի լուսավորիչների կողմից 18-րդ դարում ներդրված «հանրագիտարան» հասկացության հետ, սակայն այնուամենայնիվ դժվար է նրա գիտական վաստակը գնահատել այլ կերպ, քան բժշկական հանրագիտարան։

Մատենադարան_դեղաբույսեր

Ամիրդովլաթի ամենահայտնի աշխատություններից մեկը՝ «Անգիտաց անպետ»-ը, հանդիսանում է միջնադարյան հայկական դեղագիտության հանրագիտարան (որում դեղանունները տրված են հինգ լեզուներով` հայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն և պարսկերեն), պարունակում է 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների և հանքային նյութերի անվանումներ ու նրանց հոմանիշները, իրավամբ համարվում է հայկական բժշկության գագաթը։ Այդ գործի հետազոտությունն արդի բժիշկներին հնարավորություն է տալիս ծանոթանալու միջնադարյան հայ բժշկության դեղամիջոցների և առաջին հերթին բուսաբուժության հետ, որը նրա ամենակարևոր բնագավառն էր։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայկական դեղաբույսերի մի քանի օրինակ․

asd2 ՕՇԻՆԴՐ ԴԱՌԸ. բժշկության մեջ օգտագործվում է որպես ախորժաբեր և մարսողությունը լավացնող, ճիճվամուղ միջոց, կիրառվում ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, գաստրիտի, սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության, միգրենի ժամանակ։  Օշինդրի եթերային յուղը խթանում է արյան շրջանառությունն ու լավացնում շնչառությունը։ Կոսմետոլոգիայում օշինդրի եթերային յուղն օգտագործվում է ճարպոտ և խնդիր ունեցող մաշկի համար նախատեսված քսուկների, ինչպես նաև թառամող մաշկի համար նախատեսված երիտասարդացնող խնամքի միջոցների կազմում։ Օշինդրի եթերային յուղի մեջ պարունակվող նյութերը նպաստում են մաշկի ներսում ընթացող նյութափոխանակության գործընթացներին, թունավոր նյութերի արագ հեռացմանն ու մաշկի վերականգնմանը։ Օշինդրի եթերային յուղ պարունակող միջոցների օգտագործումից հետո մաշկը դառնում է հարթ և ձգված, ունենում առողջ գույն և տեսք։

ec1b72d6265cd0dfabbac660577a1717ՍՈՒՍԱՄԲԱՐ․ Շնորհիվ վառ արտահայտված հակասեպտիկ հատկությունների՝ օգտագործվում է վերքերի, ինչպես նաև հարբուխի բուժման ժամանակ․ այն թեթևացնում է շնչառությունը, կոկորդի ցավը, նաև բարենպաստ է անդրադառնում երիկամների և լյարդի, միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց ինքնազգացողության վրա։ Սուսամբարը հարուստ է դաբաղող նյութերով և արժեքավոր եթերային յուղով, որը թարմացնող քաղցրադառը բույր ունի։ Կոսմետոլոգիայում սուսամբարի եթերային յուղն օգտագործում են կոշտացած մաշկը փափկեցնելու համար նախատեսված քսուկների մեջ։ Այն նաև վերքերը բուժող հատկությամբ է օժտված, օգնում է հեմատոմաներից, կոշտուկներից ազատվել, հիմնականում հանդիպում է ձեռքերի և ոտքերի համար նախատեսված քսուկների կազմում։

zveroboi-zakaz-lobnyaԱՐԵՎՔՈՒՐԻԿ․ պարունակում է կենսաբանական ակտիվ բազմազան միացություններ՝ դաբաղող, ներկող, խեժանման նյութեր, կարոտին, ունի բուժիչ հատկություններ։ Այն օգտագործվում է որպես հակաբորբոքային, հակասեպտիկ, դիմադրողականությունն ու տոնուսը բարձրացնող միջոց, ընկճախտի՝ դեպրեսիայի բուժման մեջ արևքուրիկի գործածման արդյունավետությունն ապացուցված է կլինիկական փորձարկումներով։ Զգայուն մաշկի, մաշկային տարբեր խնդիրների բուժման նպատակով օգտագործվում է դիմակների, թուրմերի կազմում։ Հիանալիորեն մաքրում է մաշկը, նվազեցնում ճարպոտությունն ու նեղացնում ծակոտիները, թարմացնում և ձգում է հասուն մաշկը։ Արևքուրիկը շատ օգտակար է մազերի համար, հատկապես եթե դրանք հակված են ճարպոտության կամ ընդհակառակը՝ չափազանց չորության․ այն ամրացնում է մազարմատները, օգնում ազատվել թեփից, գլխամաշկի հետ կապված խնդիրներից։ Այս դեղաբույսի երկու տարատեսակները Հայաստանի էնդեմիկ՝ բնաշխարհիկ են համարվում (Hypericum formosissimum և Hypericum eleonorae)։

buzina-chernaja-1ՇԱՄԲՈՒԿ․ հնուց համարվել է առեղծվածային սուրբ ծառ, որի պտուղներն իբրև թե նպաստել են կյանքի երկարաձգմանը։ Շամբուկի հատկանիշները զարմանալիորեն բազմազան են, ընդ որում օգտակար և բուժիչ հատկություններով են օժտված բույսի բոլոր հատվածները՝ ծաղիկները, արմատները, տերևներն ու պտուղները։ Շամբուկի թարմ հատապտուղներն օգտագործվում են նյարդացավի, հեպատիտի, խոցային հիվանդությունների բուժման և կանխարգելման համար, չորացրած պտուղները՝ մալարիայի։  Պակաս արժեքավոր չեն ծաղիկները, որոնցում պարունակվում են եթերային յուղեր, կատվախոտի, խնձորաթթուներ և այլն։ Շամբուկի ծաղիկներից պատրաստված թուրմերը հատկապես արդյունավետ են հարբուխի, նշաբորբի, շնչուղիների հիվանդությունների բուժման ժամանակ։ Շամբուկի տերևներն ունեն ջերմիջեցնող, միզամուղ, դաբաղող, հանգստացնող և քրտնամուղ ազդեցություն։ Կոսմետոլոգիայում շամբուկի ծաղիկներն օգտագործվում են պեպենների և պիգմենտային բծերի սպիտակեցման համար, իսկ թարմ պտուղներն ու տերևները՝ բոլոր տիպերի մաշկի խնամքի համար նախատեսված դիմակների պատրաստման համար, որից հետո մաշկը խնամված, առողջ և գեղեցիկ տեսք է ստանում։ Այս բույսի տեսակներից մեկը՝ տիգրանի շամբուկը, հանդիպում է միայն Հայաստանում։

Crataegus_viridis_Winter_King_1-1030x773ԱԼՈՃԵՆԻ․ բնութագրվելով մի շարք օգտակար հատկանիշներով՝ ակտիվորեն օգտագործվում է բժշկության մեջ և կոսմետոլոգիայում։  Այս բույսի պտուղները պարունակում են պեկտինային և դաբաղող նյութեր, ինչպես նաև միկրոտարրեր՝ պղինձ, ցինկ, երկաթ, կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, կոբալտ, մոլիբդեն։  Բացի այդ, ալոճենին հարուստ է վիտամին С, Р-ով, կարոտինով, թիամինով և այլն։ Այս դեղաբույսի գործածության ամենատարածված ձևերից մեկը ալոճենու հյութն է, որն ունի կարդիոտոնիկ, հակաառիթմիկ, սպազմոլիտիկ, հակաաթերոսկլերոտիկ, հակաօքսիդանտ ազդեցություն։ Ալոճենու հյութը հրաշալիորեն է ազդում սրտանոթային համակարգի վրա, այն նվազեցնում է արյան մեջ խոլեսթերինի և շաքարի քանակը, դրականորեն է անդրադառնում լյարդի աշխատանքի վրա, լեղամուղ է, ունի սեդատիվ ազդեցություն։ Կոսմետոլոգիական բնագավառում ալոճենին հայտնի է որպես բնական արդյունավետ ֆիտոնցիդ, այսինքն՝ կանխում է բակտերիաների և միկրոսկոպիկ սնկերի աճն ու զարգացումը։ Ալոճենին խթանում և սառեցնում է մաշկը՝ գործելով հանգստացնող ազդեցություն․ այս բույսի պտուղներն օգտագործվում են մաշկի բջիջների նյութափոխանակության,  դեպի բջիջներն արյան հոսքի արագացման նպատակով։ Ալոճենու էքստրակտը վերականգնում է մաշկը արևի բացասական ազդեցությունից հետո, դեմքի մաշկի վրա թողնում խոնավեցնող, փափկեցնող և հանգստացնող ազդեցություն։ Այս բույսի 50 հայտնի տեսակներից երկուսը՝ զանգեզուրյան ալոճենին ու հայկական ալոճենին Հայաստանի բնաշխարհիկներ են։