«ԿՆՈՋ ՄԵՐԿ ՄԱՐՄՆԻ ՎՐԱ ՄԻԱՅՆ ԲՈՒՅՐՆ Է ՄՆՈՒՄ․․․»․ ԳԵՌԼԵՆ

jean-paul-guerlain

«Կնոջ մերկ մարմնի վրա միայն բույրն է մնում։ Եվ գիշերվա մթության մեջ այն ունակ է անգամ տգեղին իսկական գեղեցկուհի դարձնել»․ Ժան Պոլ Գեռլեն

Գեռլեն (Guerlain) ֆրանսիական պարֆյումերային տունը հիմնադրել է 1828 թ․-ին Պիեռ Ֆրանսուա Պասկալ Գեռլենը։ Գրեթե 200 –ամյա իր պատմության ընթացքում Guerlain պարֆյումերային տունը ստեղծել է ավելի քան 700 օծանելիք, որից 25-ն արտադրվում է մինչ օրս։

Guerlain դինաստիայի հիմնադիրն ու կայսրի անձնական պարֆյումերը

Պիեռ Ֆրանսուա Պասկալ Գեռլենը ծնվել է 1798 թ․-ին ֆրանսիական Աբվիլ քաղաքում։ Բավականին վաղ լքելով տունը կրոնավոր հոր հետ տարաձայնությունների պատճառով՝ ուղևորվել է Լոնդոն, ուր կրթություն է ստացել քիմիայի ոլորտում։ Շուտով Պիեռ Ֆրանսուան վերադարձել է Ֆրանսիա ու մեկնել Փարիզ, որտեղ սեփական խանութն է բացել Ռիվոլի փողոցի վրա։ Սկզբնական շրջանում նա վաճառում էր Անգլիայից բերված բացառիկ ապրանքներ, ինչպես նաև իր կողմից ստեղծված օճառները,  բուրավետ յուղերի պարունակությամբ քսուկները՝ այդպիսով գրավելով հարուստ հաճախորդներին։

Խանութը թույլ էր տալիս Գեռլենին ավելին իմանալ իր հաճախորդների մասին, հասկանալ, թե հատկապես ինչ ապրանքների կարիք ունեն նրանք։ Նա մշակել էր անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ, ինչն էլ հետագայում դառնալու էր Guerlain տան այցեքարտը։ Շուտով Պիեռ Ֆրանսուա Պասկալը սրահ է բացում Էտուալ հրապարակում, ուր սկսում է ստեղծել իր սեփական տեսականին։

1840 թ․-ին Գեռլենն իր որդիների հետ սրահը տեղափոխել է դե լյա Պե շքեղ  փողոց, ուր ձեռք է բերել նոր հաճախորդներ։ Գեռլենի առաջին հռչակավոր պատվիրատուն Օնորե դե Բալզակն էր, ավելի ուշ՝ Բելգիայի թագուհին և Ուելսի արքայազնը։ Հենց այդ տարի նա թողարկել է առաջին պինդ կարմրաներկերը՝ ամփոփված ճենապակե տուփերում, իսկ Փարիզի արվարձան Կոլոմբեում բացել  պարֆյումերիայի սեփական գործարանը։ 19-րդ դարի կեսին Գեռլենը ոչ միայն ամենանորաձև, այլ նաև Փարիզի ամենաբարձր վարձատրվող պարֆյումերն էր։

gerlen

1853 թ․-ին կայսր Նապոլեոն III-ի և իսպանուհի գեղադեմ արքայադուստր Եվգենիայի հարսանեկան արարողության պատվին Գեռլենը որոշում է բացառիկ բույր ստեղծել՝ Impériale օդեկելոնը («Կայսերական»), որն ամփոփում է Բոնապարտների խորհրդանիշ համարվող ողկեզոծ մեղուներով զարդարված հախճապակյա սրվակների մեջ։ Նապոլեոնն ու Եվգենիան աննկարագրելի հիացմունք են ապրում այս յուրահատուկ ընծան ստանալով, և Գեռլենը նշանակվում է կայսերական տան պաշտոնական պարֆյումեր։ Մի քանի բաղադրամասերից կազմված օդեկոլոնն իսկական սենսացիա էր, որն արտադրվում է մինչ օրս, իսկ ոսկե մեղուն այդուհետ դառնում է պարֆյումերային տան խորհրդանիշը։ Դրանից հետո պարֆյումերին են դիմում թագուհի Վիկտորյան, ռումինական և ավստրիական միապետները, Ռոմանովները, որոնց հատուկ պատվերով ստեղծվում են Cour Moscovite և L’eau de Cologne Imperial Russe օծանելիքները։

1870 թ․-ին ստեղծվում է մինչ օրս արտադրվող խոնավեցնող քսուկը՝ Camphora, ինչպես նաև ներկայիս շրթներկի նախատիպը։

Գեռլեն ընտանիքի պարֆյումերների 3 սերունդը

1864 թ․-ին Պիեռ Ֆրանսուա Պասկալ Գեռլենը մահանում է, նրա գործը ժառանգում են որդիները՝ Գաբրիելն ու Էմեն։ Եղբայրները միանգամից միմյանց միջև  բաժանում են պարտականությունները․ Գաբրիելը հանձն է առնում ընկերության կառավարումը, Էմեն՝ բույրերի ստեղծումը։

gerlen jiki

1889 թ․-ին Էմե Գեռլենը սենսացիոն բույր է ստեղծում՝ Jicky-ն (Գաբրիելի որդու՝ Ժակի մականունն էր)։ Jicky-ն առաջին բույրն է, որն իր բաղադրությունում ներառում է սինթետիկ բաղադրամասեր, մասնավորապես՝ վանիլին, կումարին, լինալոլ՝ համադրած բնական նարդոսի, բերգամոտի ու ջրաքիսի յուղի հետ։ Այս բաղադրության շնորհիվ օծանելիքը կայուն և յուրօրինակ էր, որը համապատասխանում էր թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց։

1910 թ․-ին Էմեի մահից հետո պարֆյումերային գործը փոխանցվում է հաջորդ սերնդի ներկայացուցիչներին՝ Ժակին ու Պիեռին։ Եղբայրները նույնպես միմյանց միջև են բաժանում պարտականությունները՝ Պիեռը զբաղվում է ընկերության զարգացմամբ, Ժակը՝ բույրերի ստեղծմամբ։ 1925 թ․-ին նրա գլուխգործոցն է դառնում «Շալիմար» (սիրո այգիներ) օծանելիքը։ Այդ ժամանակ Եվրոպայում նորաձև էր ամեն ինչ՝ կապված Արևելքի հետ, և նոր բույրը, որի ոգեշնչման աղբյուրն արևելյան հեքիաթ հիշեցնող սիրո պատմությունն է, մեծ հաջողություն է սկսում վայելել։ «Աշխարհի տիրակալ» Շահ Ջահանի ձեռքերում իր մահկանացուն կնքելիս նրա սիրելի կինը՝ Մումթազ Մահալը, խնդրում է իր համար գեղեցիկ դամբարան կառուցել, և Ջահանը որպես իր անսահման սիրո վկայություն հրամայում է կառուցել  շքեղագույն Թաջ Մահալը՝ աշխարհի 8-րդ հրաշալիքը։ Shalimar-ը այս մեծ սիրո հավերժության ևս մեկ վկայությունն է, որը մինչ օրս ամենաշատ վաճառվող օծանելիքների թվին է պատկանում։

1330601834_guerlain-shalimar-1Ժակը սեփական մոտեցումն է մշակում ոչ միայն բույրերի ստեղծման հարցում, այլ նաև օծանելիքների սրվակների։ Նոր բույրն ամբողջական հայեցակարգ է դառնում, որը ներառում էր սրվակի դիզայնը, տուփը, տարբերանշանը։ Այդ ժամանակվանից Գեռլենը սկսում է համագործակցել ֆրանսիական մեկ այլ նշանավոր արտադրողի՝ Baccarat crystal-ի հետ։ Մարքեթինգի տեսանկյունից սրվակի հանդեպ գեռլենյան մոտեցումը շրջադարձային էր պարֆյումերային բիզնեսի համար․ օծանելիք արտադրողները սկսում են հասկանալ, թե որքան մեծ դեր կարող է խաղալ ձևավորումը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Guerlain գործարանը ոչնչացվում է ռմբակոծությունների արդյունքում, և արտադրությունը կանգ է առնում, սակայն 1947 թ․-ին Կոլոմբեում նոր գործարան է բացվում, և ամեն ինչ կրկին իր հունի մեջ է մտնում։

Ժակ Գեռլենին հաջորդում է իր թոռը՝ Ժան Պոլ Գեռլենը, ով 15 տարեկանից սովորում էր պարֆյումերիայի ստեղծման գաղտնիքներին։ 1955 թ․-ին ուժեղ սառնամանիքների պատճառով ոչնչանում են նարգիզի գնդարմատները։ Ժակը թոռանն առաջարկում է ինքնուրույն վերարտադրել նարգիզի բույրը, ինչը Ժան Պոլը հիանալիորեն է կատարում՝ դառնալով պարֆյումերային տան արժանի ժառանգորդը։ Շատ հաճախ նոր բույրերի ստեղծման համար նրան ոգեշնչում էին կանանց կերպարներ․ իր առաջին կնոջ պատվին նա կերտում է Chant d’Aromes («Բույրի երգը»), 1969 թ․-ին՝ Ֆրանսուազա Սագանի համանուն վեպից ոգեշնչված Chamade («Սրտխփոց») արևելյան բույրերը։

1987 թ․-ին Գեռլենը ներկայացնում է նորարարական դիմափոշի՝ Météorites («Մետեորիտներ»)՝ գունավոր գնդիկների տեսքով․ սպիտակ՝ ճերմակեցման համար, կանաչ՝ կարմրության քողարկման համար, ինչպես նաև վարդագույն, մանուշակագույն՝ դեմքին փայլ հաղորդելու համար։

2002 թ․-ին 65 տարեկան Գեռլենը հայտարարում է թոշակի անցնելու ցանկության մասին և հրատարակում գրքեր, որտեղ պատմում է էկզոտիկ երկրներ իր կատարած ճանապարհորդությունների, սիրելի կանանց և բույրերի մասին․․․