ՍՈԴԱՆ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Քիմիական տարրերի շրջանում բնության մեջ տարածվածության չափանիշով առաջին տեղերից մեկը զբաղեցնում է նատրիումը, ուստի բացարձակապես զարմանալի չէ, որ մարդկությունն անհիշելի ժամանակներից լայնորեն օգտագործում էր այդ տարրը, ավելի ճիշտ դրա միացությունները, քանի որ նատրիումն ազատ վիճակում բնության մեջ չի հանդիպում՝ մտնելով 222 միներալների բաղադրության մեջ։ Իր բարձր ակտիվության շնորհիվ օդում արագ օքսիդանում է։ Մաքուր նատրիում առաջին անգամ ստացել է սըր Հեմֆրի Դեվին՝ անգլիացի քիմիկոս, ֆիզիկոս և երկրաբան, ով էլեկտրաքիմիայի հիմնադիրներից մեկն է համարվում։

Նատրիումի բնական միացությունները, ինչպես արդեն նշվեց, մարդկությանը հայտնի էին շատ վաղուց, և անկասկած ամենատարածվածն ու պահանջվածը Նատրիումի քլորիդը (NaCl) կամ կերակրի աղն է, առանց որի մարդու կյանքն անհնար է պատկերացնել։ Ոչ պակաս հայտնի է նատրիումի մեկ այլ բնական միացություն՝ նատրիումի կարբոնատը, այսինքն՝ սոդան։ Կոպիտ ասած՝ սոդան
ածխաթթվի նատրիումական աղերի տեխնիկական և կենցաղային անվանումն է։ Տարբերում են կալցինացված սոդա, խմելու սոդա, բյուրեղական սոդա, նատրիումի հիդրօքսիդին կամ կաուստիկ սոդա։ Սոդան մարդկությանը հայտնի է արդեն մի քանի հազարամյակ ․ Հին Եգիպտոսում, Միջնադարյան Վենետիկում այն գործածվում էր ապակի ստանալու համար, գառան բրդի ճարպազերծման, թղթի պատրաստման, օճառաեփման, ինչպես նաև բժշկական նկատառումներով։ Մինչև 19-րդ դարի սկիզբը մասնավորապես սապոնագործության ոլորտում սոդայի հիմնական աղբյուր էին հանդիսանում ծովային ջրիմուռներն ու ափամերձ բույսերը, բացի այդ, սոդա ստանում էին նատրիումի կարբոնատով հարուստ լճերի ջրերի գոլորշիացման ճանապարհով։

lake_one Հայտնի է, որ հայ օճառագործներն օգտագործում էին Վանա լճից արդյունահանված բնական սոդան, ի դեպ` Վանա լիճը համարվում է աշխարհի ամենախոշոր աղի լճերից մեկը, որի մասին անտիկ աշխարհագետ Ստրաբոնը գրել է․ «Հայաստանում կան նաև մեծ լճեր… կա Արսենեն, որը կոչվում է նաև Տոսպիտաս։ Նրա ջուրը պարունակում է սոդա, որը մաքրում և վերականգնում է հագուստը։ Բայց խմելու համար այդ լճի ջուրն անպիտան է»։

Առաջին անգամ վերաբյուրեղացման ճանապարհով մաքուր սոդա է ստացել ֆրանսիացի քիմիկոս, բժիշկ ու բուսաբան Անրի Լուի Դյուամել դե Մոնսոն 1736 թ․-ին՝ սահմանելով, որ «կծու ալկալի» անվանվող նյութը, որն օրգանական նյութերը քայքայող իր հատկությամբ ունակ է ուժեղ այրվածքներ առաջացնել, նատրիում է պարունակում։ Ավելի ուշ նա նաև սահմանել է, որ «կծու ալկալին» իրականում ոչ թե մեկ, այլ 3 նյութ է պարունակում՝ նատրիումի հիդրոքսիդ, որը նաև կաուստիկ սոդա է անվանվում, նատրիումի կարբոնատ՝ կալցինացված սոդա և կալիումի կարբոնատ՝ պոտաշ։

nicolas-leblanc18-րդ դարի վերջերին՝ արդյունաբերական հեղափոխության սկզբնավորման պես, երբ ձեռքի աշխատանքին փոխարինելու եկավ մեքենայացված արտադրությունը, սոդայի՝ արդյունաբերական եղանակով ստանալու սուր անհրաժեշտություն առաջացավ  հիմնականում բուռն զարգացում ապրող տեքստիլ արդյունաբերության պահանջները բավարարելու համար։ Բանն այն է, որ բամբակե կտավը հարկավոր էր մաքրել, լվանալ, սպիտակեցնել ու ներկել․ բոլոր այս տեխնոլոգիական գործընթացների համար հարկավոր էր սոդայի առավել մեծ քանակ, քան կարող էին ապահովել բնական հանքավայրերը, բացի այդ, բնական սոդայի տեղափոխումն ու մաքրումը բավականին ծախսատար էր։ Սոդայի խոշոր սպառողներ էին հանդիսանում նաև ապակու և օճառի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները։

1775 թ․-ին անհրաժեշտությունից դրդված Գիտությունների ֆրանսիական ակադեմիան մրցույթ է հայտարարում կալցինացված սոդայի ստացման լավագույն պրոցեսի համար:

1791 թ.-ին մրցանակի է արժանանում ֆրանսիացի քիմիկոս Նիկոլ Լեբլանը, ով առաջարկում է քարաղից կալցինացված սոդայի ստացման երկաստիճան գործընթաց։ Լեբլանի կողմից ստացված սոդան մի շարք առավելություններ ուներ բնական սոդայի նկատմամբ․այն շատ ավելի մաքուր բաղադրություն ուներ, բնականից ավելի մատչելի էր, և վերջապես սոդա կարելի էր ստանալ մեծ քանակությամբ։ Լեբլանն արտոնագրում է այդ եղանակն ու նրա կողմից կառուցված սոդա արտադրող գործարանը տարեկան 320 տոննա կալցինացված սոդա էր արտադրում։ Ավելորդ է ասել, որ դա իսկական հեղափոխություն էր տեքստիլագործների, ապակի արտադրողների, օճառագործների համար, հատկապես վերջինների, քանի որ այլևս կարիք չկար այրելու հսկայական քանակությամբ բուսականություն՝ մոխրից սոդա ստանալու համար, ինչը թույլ է տալիս հզորացնել արտադրությունն ու միաժամանակ նվազեցնել օճառի ինքնարժեքը։ Բայց ցավոք, Լեբլանն այդքան բան անելով արդյունաբերական հեղափոխության համար՝ անզոր է գտնվում սոցիալական հեղափոխության առջև․ 1794 թ․-ին՝ յակոբինյան ահաբեկչության բուռն շրջանում Լեբլանի գործարանն ազգայնացվում է։ Միայն 1802 թ․-ին Նապոլեոնը լիովին սննկացած գործարանը վերադարձնում է օրինական տիրոջը, սակայն Լեբլանն արդեն ուժ և միջոցներ չուներ գործարանը վերականգնելու համար։ Քիմիկոսը 1806 թ․-ին  ինքնասպանություն է գործում։ Նրա մեթոդը երկար ժամանակ մնում էր սոդա ստանալու միակ արդյունաբերական եղանակը, միայն 19-րդ դարի կեսերին բելգիացի քիմիկոս և գործարար Էռնեստ Սոլվեն մշակում և ներդնում է սոդայի ստացման նոր մեթոդ՝ ամոնիակային եղանակը, որը համեմատաբար ավելի մատչելի էր։ Նոր՝ ավելի ռացիոնալ եղանակը տոնում է իր հաղթանակը, և Լեբլանի մեթոդով աշխատող վերջին գործարանը փակվում է 1916 թ․-ին։