ՍԵՎ ՕՃԱՌ՝ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎ

Արդեն մի քանի դար շարունակ Աֆրիկայի բնակիչները մաշկային ամենատարբեր հիվանդությունները բուժելու նպատակով հատուկ օճառ են օգտագործում․ այն ունի սև գույն և հաճելի բույր ու շատ բարենպաստ ազդեցություն մաշկի վրա։ Նույնիսկ կան տվյալներ, որ աֆրիկյան սև օճառը պայքարում է մաշկային այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են փսորիազն ու էկզեմաները։

Այս յուրահատուկ օճառն առաջին անգամ ստեղծվել է Արևմտյան Աֆրիկայում՝ Գանայում։ Աֆրիկացիներն այն ակտիվորեն օգտագործում էին ողջ մարմնի մաշկի մաքրման համար և շատ արագ են նկատում մաշկի վիճակի դրական փոփոխությունները։ Այժմ այս օճառատեսակը բավականին հարգված է գեղեցկության ինդուստրիայում և լայնորեն կիրառվում է մաշկային հիվանդությունների բուժման համար։

Աֆրիկական այս յուրահատուկ օճառը կարող է լինել ոչ միայն սև, այլ նաև դարչնագույն կամ ավելի բաց երանգների՝ կախված բաղադրակազմից։ Այս կամ այն երանգն էլ որոշում է օճառի առանձնահատկություններն ու ազդեցությունը։

eDJNHvbP1yU

Իր որակյալ հատկանիշներով լավագույնն է համարվում Արևմտյան Աֆրիկայում պատրաստված օճառը, որը լիովին բնական բաղադրություն ունի։ Պատրաստման ավանդական գործընթացը ներառում է հետևյալ փուլերը․

1․ Հավաքվում է տերևների, բանանի կեղևների, արմավենու ճյուղերի, կակաոյի սերմերի այրումից առաջացած մոխիրը։

2․ Մոխիրը խառնվում է ջրի հետ։

3․ Ստացված խառնուրդին ավելացվում է արմավենու կամ կոկոսի յուղ, ինչպես նաև շի ծառի չորացրած կեղևը (կարիտե)։

4․ Ստացված զանգվածը եփվում է՝ մեկ օր շարունակ անընդհատ խառնվելով։

5․ Այնուհետև այն պետք է «հանգստանա»։ Հիմնականում օճառը պատրաստ է լինում 2 շաբաթ հետո՝ այդ ընթացքում ամփոփելով օգտակար հատկություններն ու հասունանալով։

6․ Այդուհետ օճառը մամլվում է՝ բաժանվելով օճառակտորների։

Եթե սև օճառին եթերայուղեր չեն ավելացվում, ապա այն բույրով շատ նման է լինում ավանդական տնտեսական օճառին։

1683417462Մեր օրերում աֆրիկական սև օճառի բաղադրությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, սակայն ինչպես ավանդական տարբերակի դեպքում, այժմյան տարատեսակների հիմքում ևս բուսական ծագման մոխիրն է և շի ծառի, արմավենու և կոկոսի յուղերը։ Սև օճառատեսակներն այսօր հարստացվում են վարսակի մասնիկներով, վիտամին E-ով, գլիցերինով, լայմի կամ հալվեի հյութով, մեղրով և այլն։

 

Աֆրիկական սև օճառը հիանալի տարբերակ է ճարպոտ մաշկի խնդիրներից ազատվելու համար, այն նաև հարթեցնում է վաղաժամ կնճիռները՝ դարձնելով մաշկը հարթ, առաձգական և թավշյա, ընդ որում՝ չոր մաշկը ստանում է խոնավության անհրաժեշտ քանակ, ճարպոտ մաշկը՝ վերականգնում ճարպաթթվային հավասարակշռությունը։

Այս օճառը արդյունավետ է պիգմենտային բծերի, ակնեի, փսորիազի, ինչպես նաև թեփի դեմ պայքարում։