ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ․ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՐԸ

«Բոլոր 5 զգայարաններից անհերքելիորեն հոտառությունն է, որը փոխանցում է անմահության զգացողությունը».  Սալվադոր Դալի

20-րդ դարի էքսցենտրիկ հանճարներից մեկն, ով կարող էր համարձակորեն հայտարարել՝ «Սյուրռեալիզմը ես եմ», իսկական լեգենդ էր դարձնում այն ամենն, ինչին դիպչում էր։ Նրա ժառանգությունը չափազանց մեծ է՝ կտավների, ինստալյացիաների հսկայական հավաքածու, հագուստի և ինտերիերի յուրօրինակ լուծումներ, աշխարհընկալման բացառիկ զգացողություններ և իհարկե՝ ոգեշնչում։ Այն ամենը, ինչ կապված է Սալվադոր Դալիի անվան հետ, հուզում է մարդկային բոլոր զգայարանները, նաև՝ հոտառությունը, որը հենց Դալիի կողմից համարվում էր անմահության զգացողությունը փոխանցող անվիճելի հնարավորություն։ Ուստի պատահական չէ, որ մարդկային երևակայությունը ալեկոծող այս մարդու անունը կապվում է նաև բույրերի աշխարհի հետ՝ թույլ տալով ամենասովորական կնոջն անգամ զգալ սալվադորյան զգացմունքայնությունն ու կիրքը։
«Օծանելիքներն արվեստի գործեր են» հայեցակարգի շրջանակներում բույրերի ստեղծման գաղափարը հղացել է ֆրանսիացի գործարար Ժան Պիեռ Գրիվորին 1982 թ․-ին։ Համապատասխան կերպարի որոնումները ժամանակ չեն խլել նրանից՝ Սալվադոր Դալին կոմերցիոն հաջողության և վառ ու էքսցենտրիկ նկարչի իդեալական համադրություն էր։
1328607845_salvador-dali-perfume-1Սյուրռեալիստի անմիջական մասնակցությամբ «Սալվադոր Դալի» անունը կրող առաջին օծանելիքի սրվակի ստեղծման համար որպես ոգեշնչման աղբյուր է ծառայել նկարչի՝ Աֆրոդիտեի դիմագծերը պատկերող գլուխգործոցներից մեկը։ Սրվակի դիզայնը նկարչի մտահղացումն էր, որը պատկերում էր սիրո և գեղեցկության աստվածուհու՝ Աֆրոդիտեի քիթն ու շրթունքները՝  ևս մեկ անգամ ընդգծելով այն փաստը, որ Դալիի կյանքում ինչպես միշտ կենտրոնական տեղ է զբաղեցնում կին արարածը։ Իսկ բուն օծանելիքը համադրում էր Դալիի և իր անբաժան կնոջ՝ Գալայի կողմից այնքան սիրված վարդի և հասմիկի նուրբ բույրերը՝ քաղցր ու գայթակղիչ, միաժամանակ այնքան առեղծվածային, ինչ-որ հեռու մի վայր կանչող․․․

Հախճապակե յուրօրինակ սրվակներում ամփոփված օծանելիքի առաջին շարքը, որը թողարկվել է սահմանափակ՝ 5000 օրինակով, մի շնչով վաճառվել է։ Այս բուրավետ ստեղծագործության համար 20000 ֆրանկ վճարել ցանկացողների թիվը շատ ավելին էր, քան սպասելի էր։
Այնուհետև ստեղծվում են այլ օծանելիքներ, որոնց սրվակները կրկնում էին հանճարեղ նկարչի կտավների սյուժեները, սակայն «Սալվադոր Դալին» միակն էր, որի ստեղծման անմիջական մասնակիցն էր ժամանակի ամենայուրօրինակ ու հակասական կերպարներից մեկը՝ Սալվադոր Դալին։