ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ

«Ռեջեփ Թայիփ Էրդողանն արեւմտյան սակավաթիվ պետական գործիչներից մեկն էր, ով ներկա էր գտնվել 2014 թվականին Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Կուլիսներից այն կողմ նա հանդիպել էր նախագահ Վլադիմիր Պուտինին եւ հավանություն էր տվել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ամուր հարաբերություններին: Այսօր այդ ջերմությունը հեռավոր անցյալի գործ է թվում: Երկու պետական այրերը մեծ տարաձայնություններ ունեն Սիրիայի պատճառով եւ նրանց բաժանումը սպառնում է կարեւոր պայմանավորվածություններին էներգետիկ ոլորտում: Թուրքիան երկրորդն է ռուսաստանյան բնական գազի գնումների ծավալով: Ենթադրվում էր, որ Սեւ ծովով անցնող նոր գազատարը կամրապնդի այդ գործընկերությունը: Այժմ դրա ապագան մշուշոտ է,- գրում է The Financial Times-ը:

«Պուտինն ու Էրդողանը վաղուց ջերմ հարաբերություններ ունեին,- ասվում է հոդվածում: -Երկուսն էլ այլակարծությունը չհանդուրժող ուժեղ առաջնորդներ են, բայց նրանց տարբերությունները եւս զգալի են. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լուրջ հակասություն կա: Պուտինը հանդես է գալիս քրիստոնյայի կերպարով, ով պայքարում է իսլամական ահաբեկչության դեմ, այն դեպքում, երբ Էրդողանի քաղաքական որոշումները, օրինակ, Եգիպտոսում տապալված «մուսուլման եղբայրների» կառավարության աջակցությունը, կարող է իսլամիստական թվալ»:

«Նրանցից յուրաքանչյուրն իր կարծիքն ուներ եւ փորձում էին թույլ չտալ Սիրիայի մասին վեճերին փչացնել երկկողմ հարաբերությունները տնտեսական ոլորտում,- Financial Times-ը մեջբերում է Սինան Ուլգենին Կարնեգի հիմնադրամից: -Բայց այս բարդ ակրոբատիկ համարը շարունակելու հնարավորություն այլեւս չկա»:

Անցյալ շաբաթ Էրդողանը սպառնացել է Սիրիայում Ռուսաստանի գործողությունների պատճառով լուծարել «Ռոսատոմի» հետ Միջերկրական ծովի թուրքական ափին ատոմակայան կառուցելու պայմանագիրը, ինչպես նաեւ գտնել բնական գազի մեկ այլ մատակարարի: ԵՄ-ում ՌԴ դեսպան Վլադիմիր Չիժովը վերագրեց Էրդողանի կտրուկ հայտարարությունը նախընտրական ժամանակահատվածին. «այնտեղ շուտով ընտրություններ են, այդպես չէ՞: Դա ցանկացած երկրի համար լարված իրավիճակ է ստեղծում: Եվ դա, ես կասեի, նորմալ է»:

«Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները սկսեցին վատթարանալ այն պահից, երբ Մոսկվան սկսեց զենք եւ տեխնիկա մատակարարել Սիրիայի կառավարությանը, իսկ հոկտեմբերին, երբ ռուսաստանյան ինքնաթիռները ներխուժեցին Թուրքիայի օդային տարածք, իրավիճակն ավելի լարվեց,- հիշեցնում է Financial Times-ը: Թերթը գրում է, որ «մարտական գործողությունները, որոնք Ռուսաստանը վարում է Սիրիայում, խառնել են Էրդողանի խաղաթղթերը եւ խաթարել են Սիրիայի ուղղությամբ նրա ռազմավարությունը: Թուրք առաջնորդի թուրք-սիրիական սահմանին ոչ թռիչքային գոտի եւ Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու ծրագրերը, որտեղ հնարավոր կլիներ պաշտպանություն ապահովել փախստականներին եւ գրոհայինների մի մասին, այժմ ձախողման եզրին են»:

Ուլգենի խոսքերով՝ չափազանց մեծ է ռիսկը, որ դա կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղղակի առճակատմանը:

«Ինչ-որ իմաստով Ռուսաստանի եւ Թուրքիայի էներգետիկ կապերը սկսել էին սառչել դեռ Մոսկվայի Սիրիա ներխուժումից առաջ»,- շարունակում է Financial Times-ը: Սկզբում «Գազպրոմը» մերժեց Թուրքիային զեղչել գազի գինը, այնուհետեւ գրեթե կրկնակի կրճատեց գազատարի ենթադրվող թողունակությունը: Ինչ վերաբերում է հարցականի տակ հայտնված պայմանագրին, ապա դրա լուծարումը խոստանում է «մեծ ռիսկեր», քանի որ «Ռոսատոմի» այս ծրագրի մեջ չափազանց շատ քաղաքական կապիտալ է ներդրված»:

«Անհասկանալի է, թե ինչպես կարելի է խզել նման սերտ երկկողմ կապերը, հատկապես էներգետիկ ոլորտում»,-գրում են հոդվածի հեղինակները, մեջբերելով ազգային էներգետիկ անվտանգության ռուսաստանյան հիմնադրամի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրիվաչի կարծիքը. «Թուրքիան չի կարող հենց այնպես վերցնել ու հրաժարվել ռուսական գազից, դա լիովին զուրկ է տնտեսական իմաստից: Նրանք փոխարինող չունեն»:

«Ռուսաստանի եւ Թուրքիայի տնտեսական գործընկերությունը չի սահմանափակվում էներգակիրների առեւտրով: Այսպիսով, 13 տարի շարունակ Թուրքիան շարունակում է մնալ հիմնական զբոսաշրջային ուղղությունը ռուսաստանցիների համար, Ռուսաստանն այս երկրից գնում է գյուղատնտեսական արտադրանք, հաստոցներ, թուրքական շինարարական ընկերությունները 1990-ականներից Ռուսաստանում ստացել են 50 մլրդ. դոլարի կապալներ»,- եզրափակում է թերթը:

Աղբյուր` The Financial Times

Թարգմ.` Տիգրան Գասաբյան