ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Ռուսական ռուբլին ժամ առ ժամ արժեզրկման ռեկորդներ է սահմանում:

Տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ռուբլու արժեզրկումը հայաստանյան տնտեսության վրա շատ թանկ է նստելու, այս շրջանում տուժում են հատկապես ՌԴ-ից տրանսֆերտներ ստացող ՀՀ քաղաքացիները: «Հայաստանում տրանսֆերտներ ստացողները ռուբլին փոխանակում են դրամի, այսինքն հայկական դրամի արժեզրկումն էլ իր հերթին ազդում է այն առումով, որ ավելի քիչ դրամական արտահայտությամբ եկամուտ է ստանում տրանսֆերտ ստացողը: Բացի դրանից գնաճն իր հերթին նվազեցնում է սպառողական արժեքը տրանսֆերտների, այդ առումով, իհարկե, բացասական ազդեցություն ունի»,- նշեց մեր զրուցակիցը:

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ տնտեսագետ Զոյա Թադեւոսյանի, ազգային արժույթի արժեզրկումն ունի նաեւ դրական ազդեցություն, քանի որ դրանով արտահանման հնարավորությունները մեծանում են:  Այդ տեսանկյունից ընդհանուր առմամբ դրական ազդեցություններ պետք է կարողանալ քաղել, թեկուզ կարճաժամկետ:

Զոյա Թադեւոսյան
Զոյա Թադեւոսյան

«Ուղղակի այստեղ տնտեսական հնարավորությունների օգտագործման խնդիր ունի յուրաքանչյուր երկիր, երբ որ ազգային արժույթն արժեզրկվում է, մի շարք երկրներ հաճախ իրենք են արտահանման խթանման նպատակով ազգային արժույթը արժեզրկում, երբ որ արժեզրկում են, ներմուծումը սկսում է թանկանալ, իսկ երբ որ ներմուծումը թանկանում է, շատ բարենպաստ է, որպեսզի հրաժարվես թանկ ներմուծումից: Մեր նման երկրների համար, որոնք դեռեւս համաշխարհային գործընթացներին արդյունավետ չեն կարողանում ինտեգրվել համապատասխան մրցունակ ապրանքներ արտահանելու առումով եւ ներքին շուկայի պահանջարկը ներմուծման հաշվին են բավարարում՝ ունենալով այդ ներմուծմանը փոխարինելու հնարավորություն, պետք է օգտվեն այդ հնարավորությունից, իսկ մեր նման երկրները դրանք նախկին Խորհրդային Միության երկրներն են, որոնք անկախացման տարիներից ի վեր արդեն 20-25 տարի չեն կարողանում գտնել զարգացման այն արդյունավետ ուղին, որը կարող է զարգացնել տնտեսությունները»,- նշեց տնտեսագետը:

Բարենպաստ հնարավորությունները ծառայեցնել տնտեսության զարգացմանը կարեւոր է, սակայն այդ ուղղությամբ քայլեր չկան: «Անհրաժեշտ է օգտվել, ռուսական արտահանումն էժանանում է, կնշանակի ռուսական ապրանքներն էլ են էժանանում, դա մի կողմից լավ է, որ հայ սպառողները կարող են օգտվել ռուսական էժան ապրանքներից, սակայն մյուս կողմից էլ նրանք, ավելի էժան լինելով, Հայաստանի նույնանման ապրանքների համար մրցակից են դառնում, դրա համար դրամի իրական փոխարժեքը, ըստ փորձագիտական գնահատականների, պետք է լիներ 1 դոլարը՝ 600 դրամ, այդ ժամանակ կունենայինք հավասարազոր իրավիճակ, երբ որ մեզ մոտ եւս արտահանումն էժան կլիներ, եւ արտահանողները կամ ներքին շուկայի համար վաճառողները կգտնվեին ավելի բարենպաստ վիճակում՝ օտարերկրյա մրցակցությանը դիմակայելու առումով»,- ասաց Զոյա Թադեւոսյանը:

Անդրադառնալով ընդհանուր հայաստանյան տնտեսության իրավիճակին, տնտեսագետը կարծիք հայտնեց՝ այսօր ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում ոլորտի երկու կարեւոր ճյուղեր՝ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, ուստի դրական առաջընթացներ ակնկալելը միամտություն կլինի: «Այս երկու ոլորտները միմյանց փոխլրացնող ոլորտներ են, գյուղատնտեսությունը մինչեւ զարգացման որոշակի մակարդակի չհասնի, նա չի կարող մատակարարել արդյունաբերությանը: Այս ամենն ուղղակի Հայաստանը կանգնեցնում է կորսված հնարավորությունների   պետություն լինելու փաստի առջեւ: Այս տարի վիճակը շատ ավելի վատ է, քանի որ անցած տարի շատ վատ են աշխատել համենայնդեպս յուրաքանչյուր տարվա վատ աշխատանքի արդյունքում, հաջորդ տարվա զարգացման հնարավորությունները վերանում են: Բոլոր հնարավորությունները մսխվել են իշխանությունների անգործունակությունից, այս ամենն անգործունակ, անգրագետ, անպատասխանատու պետական մտածողության բացակայության արդյունք է»,- եզրափակեց տնտեսագետ Զ. Թադեւոսյանը:

Հերմինե Մկրտչյան