ՌԵՏԻՆՈԼՆ ՈՒ ՌԵՏԻՆՈԻԴՆԵՐԸ ԿՈՍՄԵՏԻԿԱՅՈՒՄ

Ռետինոլն ու ռետինոիդները համարվում են հավերժ երիտասարդության կրողներ, մաշկային տարբեր խնդիրներից, պիգմենտային բծերից ձերբազատող փրկարարներ։ Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը և ինչով են դրանք իրարից տարբերվում,պարզաբանում են մաշկաբան Նատալյա Եֆրեմովան և VICHY ընկերության բժշկական զարգացման և ուսուցանման բաժնի տնօրեն Մարիա Իվշինան։

Ռետինոլն առաջին վիտամինն է, որը բացահայտվել է 20-րդ դարի սկզբին՝ անվանվելով այբուբենի առաջին՝ А տառով։ Այս նյութը մեր օրգանիզմում սինթեզվում է բետա-կարոտին պարունակող սննդամթերքներից, պատասխանատու է մաշկի և մազերի առողջության, լավ տեսողության, ոսկորների աճի և դիմադրողականության համար։ Այն ունակ է դանդաղեցնելու ծերացման պրոցեսը, մասնակցում է նոր բջիջների առաջացման գործընթացին և մաշկի մակերեսի վերականգնմանը, պայքարում մաշկի խնդիրների՝ բշտիկների, կորյակների, գրգռվածության դեմ։ Օրգանիզմում վիտամին А-ի պակասի դեպքում ընկնում է դիմադրողականությունը, մազերը սկսում են ճյուղավորվել, եղունգները շերտազատվել, իսկ մաշկը՝ թեփոտվել։

Ռետինոլի վերականգնող հրաշալի ազդեցությունը չէր կարող վրիպել մաշկաբանների և կոսմետոլոգների աչքից․ այն լայնորեն ներառվում է մաշկային խնդիրների դեմ պայքարող կոսմետիկ տարատեսակ քսուկների, մաքրող և այլ միջոցների կազմում։

Ռետինոլ պարունակող առաջին կոսմետիկ միջոցը մշակել է Johnson&Johnson-ի դուստր ընկերություն Ortho Pharmaceutical-ը  1971 թ․-ին՝ կորյակների դեմ նախատեսված պատրաստուկն անվանելով Retin-A, որը դրսևորել է իրեն հիանալիորեն և  մեծ մասսայականություն վայելել։ Այդ ժամանակից ի վեր ռետինոլը շատ կոսմետիկ միջոցների անբաժան ուղեկիցն է։ Ռետինոլով հարստացնում են ոչ միայն քսուկները, շիճուկները և այլն, այլև կոսմետոլոգիական կլինիկաներում անցկացվում են մաշկի ռետինոլային շերտազատման պրոցեդուրաներ, որոնք օգնում են ազատվել կնճիռներից, բծերից, մաշկի ջրազրկումից, ավելորդ ճարպոտությունից և այլն։

10-28

Կոսմետիկ միջոցների բաղադրակազմում նաև հանդիպում է ռետինոիդներ անվանումը․ ռետինոիդներն իրականում ռետինոլի «բարեկամներն» են։

Ընդհանուր կերպով ռետինոիդներ են անվանվում ռետինոլի ձևերը (սինթետիկ կամ բնական), որոնք ազդեցությամբ մոտ են ռետինոլին, սակայն մաշկի վրա ավելի մեղմ ազդեցություն են գործում։ Ռետինոլի ձևերը բավականին տարբեր են, սակայն կոսմետոլոգիայում կիրառվում են մի քանիսը․ խնդիր ունեցող մաշկի համար՝ ռետինալ, տրիրինոին, հակատարիքային ապրանքախմբում՝ ռետինոլի ացետատ կամ ռետինոլի պալմիտատ։

Ո՞ր տարիքից է կարելի օգտագործել ռետինոլ կամ ռետինոիդներ պարունակող կոսմետիկա

Ռետինոլ կամ ռետինոիդներ պարունակող կոսմետիկ միջոցները կարող են տարբերվել իրենց ազդեցությամբ, ինչպես նաև իրենց բաղադրակազմում այդ նյութերի քանակով ու խտությամբ։ Այդ միջոցները կարող են ուղղված լինել կորյակների, կնճիռների կամ պիգմենտային հետքերի դեմ։

Քանի որ մաշկային առաջին խնդիրները, ավելի կոնկրետ՝ բշտիկները, ճարպագեղձերի անկանոն աշխատանքը սկսվում են արդեն 14-16 տարեկանում, նպատակահարմար է հենց այդ տարիքից ռետինոլ և ռետինոիդներ պարունակող կոսմետիկ համապատասխան միջոցների օգտագործումը։

25-27 տարեկանում, երբ ի հայտ են գալիս առաջին միմիկական կնճիռները, արդեն կարելի է ուշադրություն դարձնել ռետինոլ կամ ռետինոիդներ պարունակող հակատարիքային պրեպարատներին, որոնք կանխարգելում են մաշկի վաղաժամ ծերացումը՝ անհրաժեշտ մակարդակում պահելով բջիջների վերականգնումը։

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել ռետինոլ կամ ռետինոիդներ պարունակող կոսմետիկ միջոցները

d6d13bd89398613f6e896b9b967ec08f

Եթե գործածում եք ռետինոլ կամ ռետինոիդներ պարունակող կոսմետիկ միջոցներ, ապա հաշվի առեք հետևյալ կանոնները՝ մաշկային խնդիրներից խուսափելու համար։

1․ Ռետինոլ կամ ռետինոիդներ պարունակող միջոցների կիրառումը պետք է սկսել աստիճանաբար՝ սկզբից օգտագործելով շաբաթը 2 անգամ։ Այսպես մաշկը հնարավորություն կստանա հարմարվելու, իսկ դուք կխուսափեք ալերգիկ ռեակցիայից։

2. Ռետինոլ պարունակող խնամքի միջոցները պետք է օգտագործել կուրսերով, ասենք՝ 3-6 ամիս, այնուհետև ընդմիջում անել։

3․ Արժե հիշել, որ ռետինոլ պարունակող միջոցները պետք է ճիշտ քսել մաշկին։ Վիտամին А-ով քսուկները քսվում են բարակ շերտով, լավ չներծծվելու դեպքում դրանք մաշկին կարող են դեղնավուն երանգ հաղորդել։

4․ Ռետինոլ և ռետինոիդներ պարունակող քսուկների գործածումը պետք է համադրվի արևապաշտպան ֆիլտր ունեցող միջոցների օգտագործման հետ, քանի որ ռետինոլը կարող է սրել մաշկի զգայունությունն ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։

5․ Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս խուսափել այս նյութերը պարունակող միջոցների օգտագործումից հղիության և կրծքով կերակրման ընթացքում, թեև ռետինոլի՝ պտղի վրա բացասական ազդեցության գիտական ապացույցներ չկան։

Ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող է թողնել ռետինոլ և ռետինոիդներ պարունակող կոսմետիկան

Շատ հաճախ կողմնակի ազդեցությունները երևան են գալիս մաշկի թեփոտվածության և կարմրության տեսքով․ մասնագետները նշում են, որ դա հիմնականում նորմալ երևույթ է, որը կարող է անցնել 1-2 շաբաթ հետո, հակառակ դեպքում արժե դադարեցնել խնամքի տվյալ միջոցի օգտագործումը։

Ռետինոլով միջոցները ո՞ր կոսմետիկ պրեպարատների հետ կարելի է համադրել

Ռետինոլը շատ քմահաճ նյութ է, որը սիրում է մենակատար լինել։ Այն տանել չի կարողանում «թթուները»։ Եթե ռետինոլ պարունակող խնամքի միջոցներին զուգահեռ օգտագործվի սալիցիլաթթու կամ էրիտրոմիցինի դասի հակաբիոտիկ պարունակող քսուկ, ապա մաշկի գրգռվածությունն ու կարմրությունը երաշխավորված է։

Ռետինոլի բարձր խտությունը ևս կարող է խիստ բացասական ազդեցություն գործել մաշկի վրա։

Աղբյուրը՝ beauty.passion.ru