ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ՀՀ-ՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է, ՓՈՐՁԱԳԵՏՆ ԱՎԾ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն 2013 թվականի համեմատ Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսով, ու այժմ աղքատ է երկրի բնակչության 30 տոկոսը: Պաշտոնական տվյալներով Հայաստանի ամենաաղքատ մարզը դարձյալ Շիրակի մարզն է, որտեղ աղքատության ցուցանիշը կազմում է 44 տոկոս:

Պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատների թիվը շարունակ կրճատվում է 2010 թվականից սկսած: Եթե 2010-ին աղքատ էր բնակչության 35.8 տոկոսը, ապա անցած տարի 30 տոկոսը։ Սակայն աղքատության ցուցանիշով Հայաստանը դեռ չի հասել 2009 թվականի տնտեսական ճգնաժամից առաջ եղած ցուցանիշին: ԱՎԾ տվյալներով՝ 2008-ին աղքատ էր Հայաստանի բնակչության 27.6 տոկոսը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը տեղեկացրեց, թե ուսումնասիրելով ԱՎԾ ցուցանիշները՝ վստահորեն կարող է ասել, որ այդ ամենը պարզորոշ ցույց է տալիս՝ ՀՀ կառավարությունը ձախողել է իր բոլոր խոստումներն ու քայլերը: Հասարակության շրջանում առկա է խորը անվստահություն եւ հիասթափություն. «Նախ, երբ որ դուք ասում եք, որ աղքատության վիճակը բարելավվել է, նույն հաշվետվության մեջ հստակ գրված է նաեւ՝ 2008 թվականի համեմատ 2,6 տոկոսով տեղի է ունեցել աղքատության մակարդակի բարձրացում, դա այն ֆոնի վրա, որ մենք ինչ-որ առումով տնտեսական աճեր ենք գրանցում, մեզ ներկայացվում է, որ տնտեսական աճ է իրականում մեր երկիրն ապրում: Բայց զարմանալին այն է, որ այդ տնտեսական աճն աղքատ բնակչությունը չի զգում, այն դեպքում, երբ որ բոլոր բացասական միտումները տնտեսության միանշանակ տարածվում է աղքատ բնակչության վրա շատ խորը ծավալներով, սա նշանակում է, որ պետությունը, չունենալով սոցիալական գործառույթ, իր սոցիալական գործառույթները չի կարողանում նորմալ ձեւով ապահովի եւ աղքատ բնակչությանը զերծ պահի նման կարգի ցնցումներից: Ակնհայտ է, որ երբ մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ նույն այդ հաշվետվության մեջ գրված է, որ հարցազրույցից հրաժարվողների թիվն ավելացել է, այսինքն հասկանալով քաղաքացին, որ այս պետությունից որեւէ բան ակնկալելն իզուր է, ընտրել է խուսափողական վարքագիծ, ինչը նշանակում է, որ քաղաքացի-պետություն շղթայում կա անվստահություն»:

artak-manukyan
Արտակ Մանուկյան

Փորձագետի խոսքերով՝ կառավարության մատնանշած տնտեսական աճը, փաստորեն, չի անդրադառնում աղքատության մակարդակի վրա: Եվ բացի այդ, ըստ Արտակ Մանուկյանի, այս նոր վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում իրականացվող աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրերն ուղղակի իրենց նպատակին չեն ծառայել: «Դոնորներից էին փողեր բերում, բայց 2008 թվականի համեմատ ունենք անկում, ուստի հարց է ծագում՝ ի՞նչ իմաստ կա այդ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրն ընդունել, երբ որ քո մոտ աղքատությունը կրճատվելու փոխարեն ավելանում է: Սա երկու բացատրություն ունի. կամ շատ մեծ եկամուտների անհավասարություն կա, ինչի մասին մենք խոսում ենք, այսինքն մեծահարուստների կենսամակարդակը միշտ էլ կարող է աղքատների կամ միջին խավի ներկայացուցիչների համեմատ չտուժի, դրա համար իրենք տնտեսական աճը զգում են, բայց մյուսները չեն զգում: Երկրորդն այն է, որ այս բանաձեւում պետությունն է հիմնական մեղավորը, քանի որ պետությունն ունի սոցիալական ֆունկցիա, որը նշանակում է սոցիալական քաղաքականության միջոցով, օրինակ, աղքատների համար անվտանգության որոշակի բարձիկներ ստեղծել, որպեսզի նման ճգնաժամային իրավիճակներում կարողանան գոյատեւել, ինչը մենք ձախողել ենք»,- գտնում է փորձագետը:

Եվ հետո, ըստ մեր զրուցակցի, ամենատարօրինակն այս նոր տվյալներում այն է, որ ԱՎԾ-ն աղքատության շեմ է ընտրել 40.264 դրամը, այն պարագայում, երբ նույն ԱՎԾ գնահատմամբ՝ 2014-ին նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում կազմել է գրեթե 58 հազար դրամ: «40 հազար 200 դրամ է նշված, դրանից բարձր եկամուտ ունեցողը համարվում է ոչ աղքատ, այն պարագայում, երբ որ սպառողական զամբյուղը Հայաստանում դրանից շուրջ 50 տոկոսով ավելի շատ է՝ 61 հազար է, եւ երկրորդ՝ 2008 թվականից մենք էականորեն մեծացրել ենք մեր արտաքին պարտքը, վաճառել ենք մեր ունեցած հարստությունները, եւ նույնիսկ հասարակ ամենախոցելի խավին որեւէ կերպ օգուտ չի տրվել, ավելի վատացել է նրանց վիճակը: Սոցիալական որեւէ, թեկուզ քաղաքականության կամ նպաստների բարելավումներ չեն սպասվում, ակնհայտ է, որ էլեկտրաէներգիայի մասով խնդիրներն եւս ավելի ցցուն կդարձնեն, եւ աղքատների խնդիրներն ավելի կդժվարացնեն, ու նաեւ տեղի է ունենալու որոշակիորեն ապրանքների եւ գների աճ, ու այս ամենի ֆոնի վրա ակնհայտ է, որ 2016-ն էլ ավելի վատ պատկեր է ունենալու:

Փաստորեն հանրապետականներին եթե լսենք կամ «այո» քարոզիչներին, ապա եթե մենք «այո» ասենք, ապա կբարելավվի աղքատության մակարդակը, իսկ ինչն էր խանգարում իրենց, որ այդ աղքատության խնդիրները լուծեին մինչեւ հիմա, էլի հարց է մնում»,- եզրափակեց փորձագետը:

Հերմինե Մկրտչյան