ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԽԹԱՆԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

Չինաստանը ներկայացրել է ուղեւորատար նոր C919 ինքնաթիռը, որը տեղավորում է մինչեւ 168 ուղեւոր: C919-ը մտադիր է մրցակցել համաշխարհային ինքնաթիռաշինության առաջատարների հետ՝ ամերիկյան Boeing-ի եւ եվրոպական Airbus-ի: Արդեն ստացվել են 517 ինքնաթիռի պատվերներ 21 պատվիրատուներից՝ հիմնականում չինական ընկերություններից: Սակայն համաշխարհային շուկա դուրս գալու համար C919-ին կպահանջվի հավաստագրում միջազգային կարգավորողներից:

C919-ը հանդիսանում է մի քանի նախաձեռնություններից մեկը, որոնք առաջ են քաշվել Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից, որպեսզի երկիրը բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնվի առաջատար դիրքերում, այդ թվում` ավիացիայի ոլորտում:

Երկշարժիչ, նեղ ֆյուզելյաժով C919 ինքնաթիռը, որը ստեղծվել է չինական պետական ավիաշինական COMAC (Commercial Aircraft Corporation of China) կորպորացիայի կողմից, կարող է տեղափոխել մինչեւ 168 ուղեւոր եւ թռիչքներ իրականացնել մինչեւ 5555 կմ հեռավորության վրա:

Չինական ինքնաթիռի ստեղծման գործընթացը սկսվել է 2008 թվականին: Առաջին թռիչքը նախատեսվում էր իրականացնել դեռեւս 2014 թվականին, սակայն ժամկետները տեղափոխվեցին: Շահագործումը, ինչպես սպասվում է, կմեկնարկի 2019 թվականից ոչ շուտ:

Սա Չինաստանի երկրորդ փորձն է դուրս գալ ավիաշինական շուկա: Նախորդ ուղեւորատար ինքնաթիռը, որը կառուցվել է Չինաստանում՝ Shanghai Y-10-ը, կատարել է իր առաջին թռիչքը 1980 թվականին, սակայն չի դրվել սերիական արտադրության պահանջարկի բացակայության պատճառով եւ պայմանավորված այն հանգամանքով, որ Shanghai Y-10-ի արտադրողը՝ Շանհայի ավիաշինական գործարանը, (SAMF) ստացել էր McDonnell Douglas MD-80 ինքնաթիռի հավաքման լիցենզիա եւ հրաժարվել էր զարգացնել սեփական ինքնաթիռի նախագիծը:

12201004_759797844148825_760156344_nՉինական ներկայիս C919 ինքնաթիռը հիմնականում բաղկացած է արտասահմանյան մատակարարների արտադրանքից: Այսպիսով, C919-ի շարժիչները մատակարարում է CFM International ֆրանս-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, որոշ սարքավորումներ եւ ընթացային մասը՝ ամերիկյան Honeywell-ը: C919-ի բաղադրիչների ոչ չինական մատակարարների ցանկում նաեւ նշվում են Rockwell Collins-ը եւ Hamilton Sunstrand-ը:

«Չինաստանն ավիացիոն խոշորագույն շուկաներից մեկն է, իսկ առաջիկա 20 տարիների ընթացքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կդառնա նոր ինքնաթիռների առաջատար գնորդը»,- կարծում են Airbus-ի եւ Boeing-ի վերլուծաբանները:

Boeing-ի վերջին կանխատեսման համաձայն չինական ավիաընկերությունների ընդհանուր 6300 ինքնաթիռների պահանջարկն առաջիկա երկու տասնամյակների ընթացքում կկազմի 5580 ինքնաթիռ ընդհանուր 950 մլրդ. դոլար արժողությամբ:

«Չինաստանը կդառնա աշխարհի ամենամեծ ավիացիոն շուկան առաջիկա տասը տարիների ընթացքում, իսկ ասիական տարածաշրջանը եւ զարգացող շուկաները հանդես կգան որպես օդային երթեւեկության աճի կայուն կատալիզատոր»,- ասել է Airbus-ի օպերացիոն տնօրեն Ջոն Լիհին:

Ներկայումս չինական շուկայում կա մարդատար ինքնաթիռների համաշխարհային երկու խոշորագույն մատակարար՝ ամերիկյան Boeing կորպորացիան եւ եվրոպական Airbus կոնցեռնը: Սեփական ուղեւորատար ինքնաթիռի ստեղծման նախագիծը հիմնականում նպատակ ունի ուղղորդել դրամական հոսքերը ներքին շուկա: Դա անել ստիպում է ներկայիս տնտեսական իրավիճակը. ՀՆԱ-ի աճը Չինաստանում շարունակում է դանդաղել: 2015 թվականի տվյալներով այն կնվազի մինչեւ 7%, ինչը նվազագույն ցուցանիշն է երկրի տնտեսական աճի վերջին վեց տարիների ընթացքում:

Միեւնույն ժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով ՀՆԱ-ի աճը 2016 թվականին կշարունակի դանդաղել, եւ այս ցուցանիշը կնվազի մինչեւ 6,3%:

Աղբյուր՝ gazeta.ru

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան