Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱՐՇԱՎԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Սիրիայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ռազմական օպերացիան ռուսաստանյան բանակի վրա կարող է արժենալ տարեկան 1-2 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունների ներկայիս մասշտաբի պահպանման դեպքում, կարծում են փորձագետները։ Այս տարի մոտ 50 մլրդ դոլար կազմած երկրի պաշտպանության բյուջեի համար դա մեծ խնդիր չէ, ասում են նրանք։

Նորությունն այն մասին, որ Մոսկվան  «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու նպատակով Սիրիա է ուղղորդում ինքնաթիռներ, շատ դիտորդների մոտ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսությանն առնչվող մտահոգություններ է հարուցել։

Կկարողանա՞ արդյոք սպասվելիք գրեթե 3 տրլն ռուբլի պակասորդով ծանրաբեռնված դաշնային բյուջեն հաղթահարել մերձավորարևելյան երկրում իրականացվող ռազմական օպերացիայի ծախսերը։ Ռուսաստանն առանց այն էլ ամեն տարի, ֆիննախի գնահատականով, գրեթե 40 մլրդ է կորցնում արևմտյան պատժամիջոցների  և ևս 90-100 մլրդ դոլար՝ նավթի ցածր գների պատճառով։

Իշխանությունները, սակայն,  շտապել են փարատել կասկածները․ սկզբից ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, նրանից հետո կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը հայտարարել են, որ Սիրիայում ռուսաստանյան ռազմաօդային ուժերի գործողությունների համար լիովին բավարարում են ազգային պաշտպանության համար նախատեսված 2015 թ․-ի բյուջեի միջոցները, իսկ հետագա բյուջետային հատկացումներ չեն նախատեսվում։

Իրապես, ներկա բյուջեով ազգային պաշտպանությանը նշանակալի գումար է հատկացված՝ 20,5% ծախսերի համար, կամ 3,11 տրիլիոն ռուբլի (48,15 մլրդ դոլար)։

«Բոլոր լրացուցիչ ծախսերը, որոնք կառաջանան, պաշտպանության նախարարությունը կփակի ներքին պաշարների հաշվին, քանի որ բանակի համար հսկայական գումարներ են հատկացված, և թե ինչպես են դրանք ծախսվում՝ այնքան էլ պարզ չէ»,- մեկնաբանել է Գայդարի անվան ինստիտուտի ռազմական էկոնոմիկայի լաբորատորիայի ղեկավար Վասիլի Զացեպինը։

Irkut-Su-30KN-3-320x228

Այդուհանդերձ Սիրիայի օպերացիայի վրա կատարվող իրական ծախսերի հարցը հանգիստ չի տալիս ինչպես քաղաքացիներին, այնպես էլ փորձագետներին։ Նմանատիպ բոլոր ծախսերն ունենում են մոտավոր բնույթ։

Որոշ փորձագետներ փորձում են հաշվարկել Ռուսաստանի ծախսերը՝ ելնելով արևմտյան տերությունների կողմից նմանօրինակ գործողությունների համար կատարված ծախսերի քանակից։ Այսպես, Բելգիայում հաշվարկել են, որ օպերացիայում ավիատեխնիկայի 6 միավորի և 120 մարդու մասնակցությունը երկրի բյուջեի վրա ամսական 10,2 միլիոն եվրո է նստում (11,4 մլն դոլար)։

Սիրիայում ռուսաստանյան խմբավորումը մոտավորապես 10 անգամ շատ է, նշանակում է՝ Ռուսաստանի ամսական ծախսերը մոտավոր հաշվարկով կարող են կազմել 114 մլն դոլար (տարեկան 1,36 մլրդ դոլար)։ Նաև հայտնի է, որ Սիրիայում և Իրաքում ամերիկյան ծախսերն օրական հասնում են 10 մլն դոլարի, ինչը տարեկան հավասար է 3,65 մլրդ դոլարի։ «Չի կարելի համեմատել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ծախսերը։ Զինամթերքի և օդաչուներ, տեխնիկական անձնակազմին պահելու արժեքն ամենուր տարբեր է»,- ասել է նախկին գնդապետ, ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին։  «Օդաչուները (հրամանատար, կապիտան, մայոր), որոնք այժմ իրականացնում են Սիրիա թռիչքները, Ռուսաստանում   ամսական մոտավորապես ստանում են 120-150 հազար ռուբլի։ ԱՄՆ-ում, իմ տվյալներով, նույն օդաչուները ստանում են տարեկան 150 հազար դոլար»,- նշել է նա։

Հայտնի է, որ Սիրիայում է գտնվում մոտավորապես 2000 զինվորական Ռուսաստանից։ Նրանք ապահովում են 50 միավոր ռազմական տեխնիկայի, տվյալ դեպքում՝ ինքնաթիռների և ուղղաթիռների աշխատանքը։ Ռազմավարությունների ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնտեսագետ Վասիլի Կաշինը հստակեցրել է՝ Սիրիայում ռազմական ինքնաթիռների թիվը 34 է և ներկայացրելէ հետևյալ հաշվարկները։

Սիրիայում ռուսաստանյան ավիացիան օրական միջինը 20 թռիչք է իրականացնում։ Թեև օպերացիայի շրջանակում իրականացվող թռիչքների արժեքը հայտնի չէ, կարելի է ենթադրել, որ դրանք տատանվում են 5-6 հազար դոլարի սահմաններում։ Արդյունքում, ենթադրում է Կաշինը, ռազմական գործողություններն օրական  մի քանի հարյուր հազար դոլար են կազմում։

121261_600

« Ես կարծում եմ, որ այդ բոլորը տարեկան կարող է հարյուրավոր միլիոն դոլարներ կազմել, հնարավոր է՝ մեկ կամ երկու միլիարդի միջակայքում։ Բնականաբար, եթե ներգրավվածության մակարդակը չի ընդլայնվում»,- ասել է նա։

Նրա կարծիքով՝ Սիրիայում ռուսաստանյան բանակը հիմնականում օգտագործում է այսպես կոչված ազատ անկման ռումբերը, որոնք Ռուսաստանի համար գրեթե անվճար են, քանի որ ԽՍՀՄ-ը դրանց անսպառ պաշարներ է ստեղծել։ Սիրիա բեռների տեղափոխումը նույնպես մեծ արժեք չունի, կարծում է նա։

«Արդյունքում ռուսաստանյան տնտեսության վրա ծանրաբեռնվածության տեսանկյունից այդ գործողություններն աննշան են»։

Այն մտքի հետ, թե Սիրիայի օպերացիան ռուսաստանյան տնտեսության համար սպառնալիք չի կարող լինել, համաձայն է նաև ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը։

«Ես այդ գործողությունները կանվանեի ընդլայնված երկարատև զորավարժություններ, քանի որ ներգրավված են միայն օդային ուժերը։ Դա այնքան էլ թանկարժեք օպերացիա չէ, այլ շատ ավելի էժան Արևելյան Ուկրաինայի հետ կապված գործողություններից»,- հայտնել է նա РБК-ին։

Զորավարժությունների հետ համեմատականներ է տանում նաև ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին։

«Սեպտեմբերին անցկացված «Центр-2015» զորավարժություններին ակնհայտորեն ավելի շատ է ծախսվել, քան Սիրիայում։ Զորավարժություններին ներգրավված էր 150 միավորանոց ավիացիոն խմբավորում, գումարած մի քանի տասնյակ ուղղաթիռ և մի քանի հազար միավոր զրահատեխնիկա։ Այդ ամենը 2 շաբաթ շարունակ շարժվում և կրակում էր»,- ասել է նա BBC-ին։

Սիրիական ռազմական գործողությունների իրական արժեքը Ռուսաստանի համար, մի քանի փորձագետների կարծիքով, հայտնի կլինի այն ժամանակ, երբ ակնհայտ կդառնան ռազմական գործողությունների ժամանակային սահմանները։ Եթե արագ հաղթանակ չստացվի, և Մոսկվան ներքաշվի երկարատև հակամարտության մեջ, այդ դեպքում Ռուսաստանի համար կոնֆլիկտի գինը կարող է կտրուկ բարձրանալ։

«Այստեղ կարելի է ավելացնել կողմնակի ծախսերը՝ հակամարտության մասին լուրերի բացասական ազդեցությունը երկրի ներսում ներդրողների, հարկատուների, տնտեսական գործակալների պահվածքի վրա»,- ասել է Գայդարի ինստիտուտի փորձագետ Վասիլի Զացեպինը։

Սակայն առայժմ ռուսական ֆինանսական ոլորտը հանգստություն է պահպանում․ ռուսաստանյան ազգային արժույթը  պահպանել է կայունությունը հոկտեմբերի ողջ առաջին շաբաթվա ընթացքում։ Շուկայում արժութային շարժի առաջ մղիչ ուժը նախկինի նման նավթն է մնում, որի Brent տեսակի մեկ բարելի գինն առաջանալով՝ հատել է 50 դոլարի սահմանը։

Ռուսաստանի ռազմական օպերացիան Սիրիայում դեռևս չի դարձել լուրջ գործոն ֆինանսական շուկայում։

Թարգմ․՝ Մարինե Ալեքսանյան

http://www.bbc.com