Ո՞Ր ԲՈՒՅՐԵՐՆ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՏԻՊՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԾԱԽՍԵԼ

Ճիշտ ընտրված հնչյուններն ու բույրերը պահում են գնորդին, իսկ անհաջողները՝ վանում:

Սենսորային (շոշափելի)մարքեթինգը՝ սպառողների վրա ազդեցություն գործելը բույրերի ու հնչյունների միջոցով, բավականին տարածված է արտասահմանում:

Սենսորային մարքեթինգի արդյունավետությունը ապացուցված է տարատեսակ ուսումնասիրությունների, հոգեբանական փորձարկումների միջոցով: Իհարկե, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե որքանով կավելանա խանութի շահույթը, եթե այնտեղ հանկարծակի սկսի թարմ թխված խմորեղենի բույր տարածվել, բայց այն, որ բույրերը միանշանակորեն ազդում են տրամադրության վրա, փաստ է: Իսկ եթե սպառողն ունի լավ տրամադրություն, ապա նա ավելի հեշտ է բաժանվում իր քսակի պարունակությունից:

Արոմամարքեթինգի ինստիտուտը կազմել է բույրերի ցուցակը, որն ավելի հաճախ է ազդում գնորդի վարքագծի վրա: Ահա թե ինչ ազդեցություն են գործում դրանք.

Տալկ (ցանափոշի)-պաշտպանվածության զգացողություն, կարոտի զգացում:

Անանուխ, ցիտրուսային– ուշադրություն, զգոնություն:

Նարդոս(լավանդա), վանիլին, երիցուկ– լիցքաթափում:

Ծխահոտ– տարածքն ավելի փոքր է թվում:

Խնձոր, վարունգ– տարածքն ավելի ընդարձակ է թվում:

Կաշվի և եղևնու բույր– օգնում է վաճառել թանկարժեք կահույք:

Թարմ խմորեղենի բույր– ընտանեկան հարմարավետության զգացողություն:

Ծաղկային ու ցիտրուսային բույրեր– ստիպում են խանութում մնալ ավելի երկար ու ծախսել ավելի շատ:

Իհարկե, այս բույրերի ազդեցությունն օգտագործելիս պետք է հաշվի առնել նաև տվյալ երկրի բնակչության առանձնահատկությունները:

Օրինակ՝ Ռուսաստանում կինոթատրոններից մեկն իր սրահում տարածել էր վարունգի և անանուխի բույր, որը, ինչպես նշվում էր, օգնում է կենտրոնանալ, սակայն ռուս հանդիսատեսին այն նյարդայնացրեց, քանի որ այդ բույրը նրանց մոտ ասոցացվում էր Խորհրդային միությունում տարածված «Огуречный» օդեկոլոնի հետ: Թարմության զգացողության փոխարեն հանդիսատեսի մոտ առաջացավ գրգռվածություն: