ՇՈՒՐՋ 115 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ. ԻՆՉՊԵ՞Ս ԿԾԱԽՍՎԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Կառավարության վերջին նիստի ժամանակ պարզ դարձավ, որ ՀՀ-ն պատրաստվում է հերթական խոշոր վարկը վերցնել այս  անգամ Ասիական զարգացման բանկից՝ շուրջ 112 մլն ԱՄՆ դոլար: Ի՞նչ նպատակի են ծառայելու հերթական վարկային միջոցները, ի՞նչ պայմաններով են տրամադրվում, և ինչպե՞ս է իրականացնելու վերահսկողություն, որպեսզի ֆինանսները ծախսվեն նպատակային:

Մեր գրավոր հարցերին պատասխանել են Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակից: Հարցազրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրԾրագիրվարկային համաձայնագրին, որով նախատեսվում է ՀՀին տրամադրել վարկ` 112 մլն 970 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով: Ի՞նչ պայմաններով են ՀՀին տրամադրվում այդ վարկային միջոցները (տոկոսադրույք, մարման ժամկետներ):

– Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի (ՔԿԶՆԾ) Տրանշ-2-ի շրջանակում Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարությանը 112 մլն 970 հազար ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրում 22 տարի մարման ժամկետով, որից 15 տարին մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատվածն է: Վարկառուն պետք է վճարի տարեկան 0.15% պարտավճար դեռևս չօգտագործված գումարի համար: Սա LIBOR-ի պայմանների հիման վրա վարկ է, որի հաշվարկը ներկայացված է ԱԶԲ-ի և ՀՀ կառավարության միջև բանակցված վարկային համաձայնագրում:

Ի՞նչ պարտավորություններ ունի ՀՀ կողմը, և ի՞նչ է նախատեսված դրանք խախտելու (ծրագրի ուշացում, թերացում և այլն) դեպքում: Ի՞նչ կարգի «պարտավորությունների վճար» է հայկական կողմը վճարելու բանկին և կոնկրետ ո՞ր դեպքերում:

-ԱԶԲ-ի տրամադրած վարկի համար տուգանքի գումարներ չկան: Ինչպես նշվեց, վարկառուն վճարում է 0.15% պարտավճար դեռևս չօգտագործած վարկային միջոցների համար: Ծրագրի իրականացման մանրամասների համար կարող եք դիմել գործադիր գործակալությանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, և իրականացնող գործակալությանը՝ Երևանի քաղաքապետարան:

Ծրագրի նպատակն է բարելավել քաղաքներում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ: Խնդրում ենք մի փոքր մանրամասնել՝ հատկապես որ քաղաքներին է վերաբերում: Եվ խոսքը միայն ճանապարհաշինությա՞ն մասին է, թե՞ նաև նախատեսվում է հասարակական տրանսպորտում պայմանների բարելավում:

-Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ով նախատեսվում է ֆինանսավորել Երևանի շրջանցիկ ճանապարհի բաղկացուցիչ մասերի ճանապարհաշինարարական աշխատանքները՝

  1. Արգավանդ-Շիրակ ճանապարհային հատվածի` ներառյալ Հրազդան գետի վրայով անցնող կամրջի կառուցում
  2. Բաբաջանյան-Աշտարակ մայրուղու կառուցում
  3. Դավիթաշեն-Աշտարակ մայրուղու կառուցում

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Երևանի տրանսպորտային համակարգի կառավարման ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Երևանի համար կմշակվի տրանսպորտային և երթևեկության մոդել: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում այլ տրանշերի շրջանակում նախատեսվում է ծրագրեր իրականացնել այլ քաղաքներում, ինչպես՝ Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում և Դիլիջանում: Հաջորդ քաղաքն ու դրան առնչվող նախագիծը կորոշվեն ս.թ. նոյեմբեր-դեկտեմբերին նախատեսվող ՀՀ կառավարության հետ խորհրդակցությունների ժամանակ:

Հայտնի է, որ ԱԶԲն Հայաստանում ֆինանսավորում է Հյուսիսհարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը: Ինչպե՞ս եք գնահատում այդ ծրագրի ընթացքը: Ծրագիրը նախատեսվում էր ավարտին հասցնել մինչև 2019 թ.ը: Ժամկետների մեջ կտեղավորվե՞ն արդյոք:

– ԱԶԲ-ն համաֆինանսավորում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Արտաշատ-Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին և Թալին-Լանջիկ հատվածները: Այս հատվածների համար ԱԶԲ-ի կողմից վարկը տրամադրվում է մինչև 2017թ. դեկտեմբեր: Մյուս հատվածների համար, որոնք չեն ֆինանսավորվում ԱԶԲ-ի կողմից, ՀՀ կառավարությունն ունի ֆինանսական այլ գործընկերներ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ընթացիկ աշխատանքներին, ժամկետներին և վերահսկողությանը վերաբերող մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի գործադիր գործակալությանը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, և իրականացնող գործակալությանը՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն ՊՈԱԿ:

Հյուսիսհարավ ճանապարհային միջանցքի շինարարության ծրագրի իրականացման հետ կապված որոշակի թերություններ էր արձանագրել նաև ՀՀ վերահսկիչ պալատը: Կառույցն ուսումնասիրություններ էր իրականացրել և պարզել, որ ճանապարհի շատ հատվածներ չեն համապատասխանում որակական անհրաժեշտ չափանիշներին: Բացի այդ, հաջորդ սկանդալն այն էր, որ «Հյուսիսհարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿի տնօրեն Արա Հովսեփյանը պաշտոնանկ արվեց: Նոր ծրագրի դեպքում ո՞րն է լինելու վերահսկողություն իրականացնող մարմինը, և ի՞նչ չափանիշներ է ընտրել ԱԶԲն վարկային նոր միջոցներ ՀՀին տրամադրելու համար:

-«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը», «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրից» առանձին նախագիծ է: ՔԿԶՆԾ-ի Տրանշ-2-ի նախագիծն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության (գործադիր գործակալություն) և Երևանի քաղաքապետարանի կողմից (իրականացնող գործակալություն), որոնց կարող եք դիմել ծրագրի իրականացման և վերահսկման վերաբերյալ հարցերով: ԱԶԲ-ն վարկ է տրամադրում ՔԿԶՆԾ-ի համար՝ օժանդակելու Հայաստանին իրականացնել քաղաքներում ճանապարհային ցանցի բարելավման, ծանրաբեռնվածության բեռնաթափման և արդյունավետ տրանսպորտային համակարգ ձևավորելու նպատակը:

 

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի