ՃՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ․ ՕՃԱՌԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Երկար ժամանակ օճառը ճոխություն էր համարվում՝ թանկարժեք դեղորայքներին ու բույսերին համարժեք։ Անգամ ունևորներն իրենց չէին կարող թույլ տալ օճառով սպիտակեղեն լվանալ։ Այդ նպատակին ծառայում էին կավը, բույսերը։ Լվացքը դժվարին գործընթաց էր, որով հիմնականում տղամարդիկ էին զբաղվում։

Եվ այսպես, վեճերն այն մասին, թե ովքեր են հայտնագործել օճառը, շարունակում են ծավալվել։ Սակայն հայտնի է, որ մաքրող միջոցների «հոսքագիծ» դրվել է Միջնադարյան Իտալիայում։ Հարյուր տարի անց այդ արհեստի գաղտնիքները հասանելի դարձան Իսպանիայում, իսկ XI դ-ից օճառաստեղծման կենտրոն է դառնում Մարսելը, այնուհետև՝ Վենետիկը։

Այնուամենայնիվ, չի կարելի պնդել, որ միջնադարյան եվրոպական երկրների բնակիչներն առանձնանում էին մաքրասիրությամբ։ Օճառ օգտագործում էին հասարակության առաջին երկու շերտերի ներկայացուցիչները՝ ազնվականներն ու քահանաները, այն էլ՝ ոչ բոլորը։

Մաքրության նորաձևությունը Եվրոպա բերեցին ասպետները, ովքեր խաչակրաց արշավանքների ժամանակ եղել էին արաբական երկրներում։ Հենց այդ ժամանակ էլ՝ XIII դ-ից սկսվում է մաքրող միջոցների արտադրությունը սկզբում Ֆրանսիայում, այնուհետև Անգլիայում։ Օճառարտադրությանը վերաբերվում էին ծայրահեղ պատասխանատվությամբ։

Երբ այդ արհեստը սովորեցին Անգլիայում, Հենրի IV արքան անգամ օրենք հրապարակեց, որն արգելում էր սապոնագործին գիշերել այլ արհեստակիցների հետ նույն հարկի տակ, քանի որ օճառաստեղծման եղանակը գաղտնի էր պահվում։ Սակայն մեծ քանակությամբ օճառ սկսեց արտադրվել միայն օճառի արդյունաբերական մշակումից հետո։ Պինդ օճառի առաջին կտորը արտադրվել է Իտալիայում 1424 թ․-ին։

Արևմտյան Եվրոպայում սապոնագործության արհեստը վերջնականապես ձևավորվել է միայն XVII դ․-ի վերջում։ Օճառագործության զարգացման հարցում կարևոր դեր է խաղացել աշխարհագրական գործոնը։  Օճառի բաղադրակազմը տարածաշրջանից կախված փոփոխության էր ենթարկվում։ Հյուսիսում օճառի ստեղծման համար գործածվում էր կենդանական ճարպը, հարավում՝ ձիթայուղը, որի շնորհիվ օճառը հրաշալի որակ ուներ։

Այսպես, մ․թ․ IX դ-ից Եվրոպայում օճառի հիմնական մատակարարը Մարսելն էր՝ իր մոտակայքում հումքի՝ ձիթայուղի և սոդայի առատության շնորհիվ։ XIV դ․-ի վերջում մարսելյան օճառն իր տեղը զիջեց վենետիկյանին։ Սապոնագործությունն ակտիվորեն սկսեց զարգանալ Իտալիայում, Հունաստանում և Իսպանիայում։

XV դ․-ում Իտալիայում առաջին անգամ սկսեցին պինդ օճառակտորներ արտադրել, ընդ որում՝ ճարպերը ոչ թե մոխրի հետ էին խառնում, այլ բնական կրածնավորված սոդայի։ Դա նշանակալիորեն իջեցնում էր օճառի ինքնարժեքը, հետևաբար՝ սապոնագործությունը մանուֆակտուրային արտադրություն դարձնելով։

XIV դ․-ից սկսած՝ օճառի գործարաններ սկսեցին հայտնվել Գերմանիայում։ Օճառի ստացման համար օգտագործում էին տավարի, ոչխարի, խոզի, ձիու ճարպեր, կետերի ու ձկան յուղ և այլն։ Ավելացնում էին նաև բուսական յուղեր։

Ռուսաստանում օճառի առաջին գործարանները ստեղծվել ե XVIII դ․-ում։ Արդեն XIX դ․-ում սապոնագործները սկսեցին զարկ տալ իրենց երևակայությանը՝ թողարկելով հետաքրքիր լուծումներով օճառակտորներ․ դրանք կարող էին ունենալ մրգերի, բանջարեղենների, կենդանիների տեսք։ Բրոկարի գործարանի արտադրած վարունգի տեսքով օճառի կողքով անտարբեր չէր կարողանում անցնել և ոչ մի գնորդ։ Հենրի Բրոկարը Ռուսաստանում համարվում էր պարֆյումերիայի արքա։ Իր գործը սկսելով զրոյից՝ սկզբում նա պատրաստում էր էժանագին օճառ, սակայն հետագայում գործերն այնքան լավ ընթացք ստացան, որ Բրոկարը սկսեց արտադրել թանկարժեք օծանելիքներ, օդեկոլոններ և օճառ։