ՀՐԱՇԱԳՈՐԾ ՀԱՏԱՊՏՈՒՂ՝ ԹԵ՛ ՆԵՐՍԻՑ, ԹԵ՛ ԴՐՍԻՑ

Եթե անհրաժեշտ լիներ ամենաօգտակար հատապտուղների ցուցակը կազմել, ապա անկասկած չիչխանը (ձիափշատ, փշարմավ) առաջին տեղերից մեկը կզբաղեցներ։ Այս հատապտուղը ոչ միայն առանձնանում է իր առատաձեռնությամբ՝ ամռան վերջին հրաշալի բերքատվություն ապահովելով, այլև իր բուժիչ հատկություններով։

Չիչխանն օգնում է բազմաթիվ առողջական խնդիրներ հարթել, թեև այնուամենայնիվ որոշ հակացուցումներ կան։ Չիչխանի հատկությունները կարելի է բաժանել երկու խմբի՝ բուժիչ անմիջական ազդեցություն և կոսմետիկ ազդեցություն։

Չիչխանի բուժիչ հատկությունները

Չիչխանն օգտակար է թե՛ աղիների հետ խնդիրներ ունեցողներին, թե՛ մազաթափությամբ տառապողներին, նույնքան տարբեր են նաև հատապտուղի օգտագործման եղանակները։ Առավել օգտակար է չիչխանի յուղը՝ մեծ քանակությամբ օգտակար բաղադրամասեր պարունակելու շնորհիվ։
Առաջին հերթին А,В1,В3,С վիտամիններով հարուստ լինելու շնորհիվ այն հիանալի միջոց է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնելու համար։ Վիտամինների և այլ օգտակար բաղադրամասերի պարունակությունը բարենպաստ է անդրադառնում աղեստամոքսային համակարգի վրա․ չիչխանի տերևներից պատրաստված թուրմը նպաստում է աղիների աշխատանքին՝ ուժեղացնելով մարսելու գործընթացը։ Թե՛ ժողովրդական և թե՛ պաշտոնական բժշկության մեջ կիրառվում է չիչխանի` վերքերը բուժող, հակաբորբոքային ազդեցությունը։ Չիչխանը վերականգնող բացառիկ հատկություններ ունի, ուստի այն հաճախակի է օգտագործվում տարբեր աստիճանի բարդության այրվածքների, ինչպես նաև մաշկային տարբեր հիվանդությունների պարագայում։
Չիչխանն անփոխարինելի միջոց է հարբուխի և կոկորդի ցավերի ժամանակ։ Չիչխանի և մեղրի խառնուրդը շատ լավ է բուժում չոր հազը։
Չիչխանը թե՛ ներսից, թե՛ դրսից օգտագործման դեպքում օգտակար է։
չիչխան

Չիչխանի յուղ՝ օգտակար հատկությունները

Չիչխանի յուղն իր մեջ խտացնում է հատապտղի բոլոր օգտակար հատկությունները։
Այն գեղեցկության պահպանման, կատարելագործման հիանալի միջոց է։
Չիչխանի յուղն ամրացնում է մազարմատները՝ օգնելով մազերին ավելի արագ երկարել, լինել խիտ ու փայլուն։ Ուստի արժե չիչխանի յուղով դիմակներ պատրաստել, եթե ցանկանում եք փայլել Ձեր գեղեցիկ վարսերով։ Եթե Ձեր վարսերը չոր են, ուրեմն բավարար է չիչխանի յուղը քսել մազարմատներին, դա կօգնի ամրացնել մազարմատներն ու խոնավեցնել ու սնուցել ողջ մազերը։
Չիչխանի յուղի բարենպաստ ազդեցությունը մաշկի վրա անգնահատելի է։ Բացի վերքերի ու այրվածքների բուժումից, չիչխանի պարունակությամբ քսուկներն օգնում են բարելավել մաշկի գույնը, մաշկի երանգն ավելի միատոն դարձնել, ինչպես նաև պայքարել կնճիռների առաջացման դեմ։
Չիչխանի յուղն օգնում է ազատվել մաշկի պիգմենտային բծերից, բարձրացնում մաշկի առաձգականությունը։ Մի քանի կաթիլ չիչխանի յուղ ավելացրեք Ձեր քսուկներին՝ մաշկի ամենօրյա խնամքն իրականացնելիս, և Ձեր մաշկը գոհ կլինի նման խնամքից։ Այս վիտամիններով հարուստ յուղը նպաստում է նաև թարթիչների և հոնքերի արագ աճին՝ ամրացնելով դրանք։
Չիչխանի յուղը հիանալիորեն փոխարինում է շուրթերի համար նախատեսված բալզամներին՝ նրբորեն խնամելով շրթունքների նուրբ մաշկը։

Գեղեցկության պահպանման, կատարելագործման համար շատ օգտակար է նաև չիչխանի հյութը՝ ինչպես մաքուր վիճակով, այնպես էլ տարատեսակ դիմակների ու քսուքների կազմում հանդես գալով։ Եթե չիչխանի հյութին ավելացնեք տաք կաթ և մեղր, ապա կստանաք հիանալի դիմակ ողջ մարմնի մաշկի համար՝ դարձնելով այն հարթ, փափուկ և էլաստիկ։
Դեմքի և պարանոցի մաշկի երիտասարդության պահպանման համար չիչխանի հյութը կարող եք խառնել մեղրի (չոր մաշկի դեպքում) կամ ձվի դեղնուցի (յուղոտ մաշկի դեպքում) և քսել դեմքին ու պարանոցին 20 րոպեով։ Արդյունքը երկար սպասեցնել չի տա։