ԻՐԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԽՈՐԱՑՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՃԳՆԱԺԱՄԸ
«10 տարի առաջ Ռուսաստանը պատրաստվում էր գրանցվել աշխարհի առաջատար պետությունների շարքում: «Գազպրոմ» պետական կոնցեռնը, որն իր շուրջ 300 մլրդ դոլար կապիտալիզացիայով աշխարհի խոշորագույն ընկերությունների ցանկում 3-րդն էր, առաջատարը դառնալու ծրագրեր էր մշակում: Հումքի արտահանման հենքով պուտինյան հայեցակարգը 146 մլն ռուսաստանցիներին բարեկեցություն եւ հզորություն էր խոստանում: Սակայն այսօր Պուտինը տնտեսական առումով կանգնած է կոտրած տաշտակի առջեւ: Աշխարհի ոչ մի այլ պետություն նավթի գնանկումից այնքան խիստ չտուժեց, որքան Ռուսաստանի Դաշնությունը: Պուտինի համար նոր գլխացավանք է դարձել այն փաստը, որ միջազգային ասպարեզ է վերադառնում էներգառեսուրսների եւս մեկ խոշոր մատակարար, որը մրցակցելու է Ռուսաստանի հետ»,-գրում է տնտեսական մեկնաբան Դանիել Էկերտը Die Welt հանդեսում՝ մեկնաբանելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման որոշումը:
«Միայն պատժամիջոցների չեղարկման մասին լուրը նավթի գինը միջազգային շուկայում նվազեցրեց մինչեւ 27,67 դոլար 1 բարելի դիմաց: Թեհրանը նախատեսում է նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել օրական 500 հզր բարելով: Ռուսաստանի համար դա տխուր լուր է. չէ՞ որ հումքի արտահանումից ստացված եկամուտները կազմում են պետբյուջեի միջոցների առնվազն 50%-ը, իսկ ընդամենը 1 դոլարով նավթի գնանկումը նշանակում է 2 մլրդ դոլարի կորուստ»:
«Պաշտպանական համակարգի, սոցիալական ոլորտի, կենսաթոշակների վճարումների համար պետությանն անհրաժեշտ են ֆինանսական առատ հոսքեր: Այսպես, բյուջեով այդ նպատակների համար նախատեսված էր շուրջ 200 մլրդ եվրո հատկացում: Սակայն, քանի որ այդ թվերը կազմելիս նավթի գինը հաշվարկվել է ավելի քան 40 դոլար, տվյալ փաստաթղթերը վերածվեցին մակուլատուրայի»,-նշում է հեղինակը:
«Արտարժույթի շուկան արդեն «պատժել է» Ռուսաստանին. 1 ԱՄՆ դոլարը գնվում է 78 ռուբլով, եվրոն՝ 86: Արտարժույթի պահուստային քանակության նվազումը ճգնաժամի եւս մեկ ախտանիշ է: Ռուսաստանին սպառնում է սղաճի երկրորդ տարին, նվազել է բնակչության մեկ շնչին բաժին ընկնող միջին եկամուտը»:
«Միեւնույն ժամանակ, «Գազպրոմի» մասին՝ որպես միջազգային խոշորագույն ընկերություն, այսօր արդեն ոչ ոք չի խոսում: Ամենամեծ կապիտալիզացիայով ընկերությունների վարկանիշային աղյուսակում «Գազպրոմը» հայտնվել է 250-րդ տեղում՝ կորցնելով 40 մլրդ դոլար: Ահա այսպես է հեռանում համաշխարհային փառքը»,- եզրափակում է Դանիել Էկերտը:
Աղբյուր՝ Die Welt
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան