ԵՎՐԱԳՈՏԻՆ ՉԻ ԳՈՅԱՏԵՎԻ, ԵԹԵ ՉԼԻՆԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ Է․ ՄԱԿՐՈՆ

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմմանուել Մակրոնը եվրագոտու անդամ երկրներին կոչ է արել մշտական մեխանիզմներ հաստատել հարուստ պետությունների կողմից դժվար իրավիճակում գտնվող երկրներին միջոցներ տրամադրելու վերաբերյալ՝ ընդ որում նշելով, որ արժութային միությունն այլևս չի կարող գոյատևել այժմյան տեսքով։

Նախարարը հայտարարել է, որ եվրագոտին պետք է փոփոխություն մտցնի իր ներկայիս կառուցվածքում, որի շրջանակներում որոշումները կայացվում են միջկառավարական մակարդակում, և ստեղծի ընդհանուր բյուջե, որի համար պատասխանատվություն կկրի առանձին կառույց՝ եվրագոտու խորհրդարանը։

«Մրցակցության ու ֆինանսական տեսանկյունից մենք պետք է միավորվենք, հայտարարել է նա Financial Times-ին տված հարցազրույցում։- Եվրագոտին չի կարողանա գոյատևել, եթե ոչ մի փոփոխություն չլինի»։

Նա կոչ է արել ուժեղացնել եվրագոտու ինտեգրումը, թեև միևնույն ժամանակ շատ երկրների կառավարություններ հրաժարվում են փոխանցել իրենց լիազորությունները Բրյուսելին՝ խուսափելով բացասական հետևանքներից, իսկ ԵՄ ինստիտուտները խույս են տալիս հետագա կենտրոնացումից։
Նախորդ տարվա հունիսին այսպես կոչված 5 նախագահները՝ Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի, եվրախմբի, Եվրոպական խորհրդարանի և ԵԿԲ-ի ղեկավարները զեկույց էին կազմել արժութային միության հետագա զարգացման մասին։

Այդ զեկույցը բովանդակում էր եվրագոտու բյուջեի ստեղծման մասին հանձնարարական, սակայն նշվում էր, որ այդ և այլ միջոցառումները չպետք է կիրառվեն 2017 թ․-ից շուտ։
Մակրոնը սկեպտիկորեն է արձագանքել այդ զեկույցի վերաբերյալ՝ նշելով, որ զեկույցը չի մղում ինչ-որ կոնկրետ գործողությունների․ «Մենք ողջունում ենք այդ զեկույցը, որը նշանակում է «հաջողություն, կհանդիպենք ավելի ուշ»։
Մակրոնը նշել է, որ ներկայիս կառուցվածքը, որի շրջանակներում կառավարությունների ղեկավարները հաճախ որոշումներ են կայացնում ժամեր տևող հանդիպումների վերջին րոպեներին, բավարար չէ արժութային միության երկարատև գոյության երաշխավորման համար։
«Եթե մենք առաջ չգնանք, մենք փաստացի եվրագոտու փլուզման որոշում կկայացնենք»,- հայտարարել է նա։

Մակրոնը անդամ պետություններին առաջարկել է ֆինանսական մշտական փոխանցումների համակարգ մշակել, որպեսզի կրճատվեն այն տարաձայնությունները, որոնք հարուցվում են այնպիսի քաղաքական միջոցառումների պատճառով, ինչպիսին օրինակ ԵԿԲ-ի միասնական տոկոսադրույքն է։

Նա հայտարարել է, որ փոխանցումների համակարգն անհրաժեշտ է դժվարին իրավիճակում հայտնված երկրներին աջակցելու և Եվրոպայում պոպուլիզմի աճը ճնշելու համար։

«Առանց փոխանցումների համակարգի մենք պարզապես խթանում ենք դեմագոգիան,- ընդգծել է նախարարը։- Առանց փոխանցումների համակարգի մենք չենք կարողանա աջակցել ծայրամասային երկրների միավորմանը, ինչը քաղաքական տարաձայնությունների կհանգեցնի»։

inf_9877Մակրոնը նաև եվրագոտու անդամ երկրներին կոչ է արել ստեղծել ընդհանուր բյուջե՝ ֆինանսների ընդհանուր նախարարով։
Պետություններն այդ դեպքում պետք է ԱԱՀ-ից ստացված հարկային եկամուտների և գործազրկության նպաստների մի մասը փոխանցեն ընդհանուր բյուջե, իսկ եվրագոտու խորհրդարանը պետք է քաղաքական վերահսկողություն իրականացնի։

Այդ առաջարկը կհանդիպի դիմադրության այնպիսի երկրների կողմից, ինչպիսին Գերմանիան է, որը վաղուց քննադատում էր այն միջոցառումները, որոնք դիտարկում են միության անդամ պետությունների հարկային եկամուտների միավորումը։

Այդուհանդերձ էկոնոմիկայի նախարարն ասել է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի եվրագոտին շարունակի մրցունակ լինել աշխարհում․ «Դուք չեք կարող ասել, որ աջակցում եք ուժեղ Եվրոպայի և գլոբալիզացիայի կայացմանը՝ միևնույն ժամանակ դեմ լինելով սեփական երկրում անցկացվող բարեփոխումներին»։

Լոնդոնում Մակրոնը մի շարք միջոցառումների է մասնակցել՝ ներկայացնելով Ֆրանսիան արտասահմանյան ներդրողներին։ Նա, սատարելով ֆրանսիական կառավարության բարեփոխումները, խոստովանել է արտասահմանյան ընկերությունների համար արգելքները կրճատելու անհրաժեշտության մասին։

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը նաև  հայտնել է 2016 թ․-ին նոր օրենքներ առաջադրելու իր պլանների մասին, որոնք թույլ կտան լիբերալիզացնել աշխատաշուկան՝ ավելացնելով, որ իր նախաձեռնությունը ողջունում է նաև ժողովուրդը։
«Ժողովուրդը հասկանում է բարեփոխումների հրատապությունը,- հայտարարել է նա։- Սակայն էլիտայի մի մասը դեռ պատրաստ չէ բարեփոխումներին»։

http://www.vestifinance.ru

Թարգմ․՝ Մարինե Ալեքսանյան