ԳԱՌՆԻԻ ԲԱՂՆԻՔԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇ
Հին հայերը, ինչպես հույներն ու հռոմեացիները, բարձր էին գնահատում բաղնիքի դերը՝ որպես մարմնի լվացման, բուժման, հանդիպումների, մրցումների և ծիսակատարությունների համար նախատեսված վայրի։
Այդ մասին է վկայում ճարտարապետական բարձր արժեք ունեցող Գառնիի տաճարի բաղնիքը։
Արքունի բաղնիքը, կառուցված 3-րդ դ., զբաղեցնում է ամրոցի տարածքի հյուսիսային մասը. ներկայումս առնված է ժամանակակից ծածկի տակ։ Այն բաղկացած է միաշար դասավորված հինգ սենյակներից, որոնցից չորսը ճակատներում արտաքուստ պայտաձև հորինվածք ունեն։
Առաջին սենյակը նախասրահ-հանդերձարանն է (apoditerium), որին արևելյան կողմից հաջորդում են սառը ջրի լողասենյակը (frigidarium), գոլ բաժանմունքը (tepidarium), տաք ջրի լողասենյակը (caldarium) և ապա` շոգեսենյակը։
Զով, կիսագնդաձև սենյակում ցնցուղ էին ընդունում, տաքանում էին և պատրաստում մարմինը հետագա գործընթացին՝ տեղափոխվելով մի կիսագունդ սենյակից հաջորդը: Վերջին լողասենյակը շատ տաք էր, որտեղ և տեղի էր ունենում մարմնի բոլոր թունավոր նյութերի գոլորշիացման գործընթացը: Դրանից հետո տեղափոխվում էին առաջին սենյակը, որտեղ կարելի էր հանգստանալ, համալրել մարմնի ջրի պաշարները և վայելել տաք ջուրը լողավազանում:
Ավանդական հռոմեական բաղնիքներին բնորոշ շոգեսենյակը` sudatorium (լատիներեն sudor քրտնել բառից) կամ laconicum (Լակոնիա անունից, Սպարտական Հունաստան) շատ հաճախ կառուցվում էր որմնախորշում` տաք ջրի լողասենյակին կից։
Բաղնիքի կառույցը կրկնում է Հռոմում ընդունված «հիպոկաուստ» համակարգը` ջրամբարի և ջեռուցման համակարգի համադրմամբ։ Կրակը տաքացրել է հնոցի վերևում գտնվող կաթսաների ջուրը, որի հուրն ու ծուխը միջսյունային տարածության միջոցով սփռվել են տաք ջրով լողարանի հատակի տակ, ապա`զգալիորեն սակավ ջերմությամբ անցել գոլ բաժանմունքի հատակի տակ, այնուհետև, արդեն ամբողջովին նվազ ջերմությամբ, անցնելով երկու փոքրիկ անցքերով` հասել սառը ջրով լողարանի սենյակի հատակը։ Թե սյունիկների աղյուսները, և թե նրանց վրա շարված երկու շերտ առավել մեծաչափ թրծած աղյուսե սալերը, հեշտությամբ ընդունելով ստորհատակյա տարածության մեջ կուտակվող հրի ու ծխի ջերմությունը, երկար ժամանակ կարող էին այն պահպանել և մեղմորեն ու հավասարաչափ հաղորդել լողասենյակներին։
Բաղնիքների նման օրինակներ պահպանվել են նաև Սիրիայում և Փոքր Ասիայում, մասնավորապես Վրաստանում Մցխեթայի Արմազիսխելի (2-3 դդ.), Անտիոքում և Դուրա-Եվրոպոսում` Օրոնտեսյան ափին (3 դ.)։
Մի քանի սենյակներում պահպանվել են երկշերտ հորինվածքով գունավոր ծեփվածքի մանրամասներ` ներքևում` սպիտակ, իսկ վերևում` վարդագույն։
Բաղնիքի ամենից ուշագրավ մանրամասը, թերևս, 3-րդ դ. թվագրվող հատակի խճանկարն է, որը Հայաստանում ամբողջական խճանկարի պահպանված միակ և եզակի օրինակն է։ Առասպելական – դիցաբանական բովանդակությամբ հորինվածքը կատարված է 15 տարբեր երանգների բնական քարերից։ Խճանկարի գլխավոր դրվագում (2,91 x 3,14 մ) պատկերված է ծովային տեսարան. բաց կանաչավուն ֆոնի վրա պատկերված է ծովի աստված Թետիսը և այլ դիցաբանական կերպարներ։ Խճանկարի գրությունները հունարեն են, բայց պատկերները (ձկներ, ջրահարսեր, իխտիոկենտավրոսներ) արևելյան դիմագծեր ունեն։
Խճանկարի կոյնե հունարենով արված (հունարենի հայտնի տեսակ, որ ի հայտ էր եկել հետդասական անտիկ աշխարհում մոտավորապես 300 թ. Ք.ա – 300 թ.) արձանագրություններից մեկը բառացի վերծանվում է ` «Չստացանք անգամ սատկած (ձուկ) ոչ ծովից, ոչ օվկիանոսից» կամ առավել ազատ թարգմանությամբ` «Աշխատեցինք` ոչինչ չստանալով»։
«ΜΗΔΕΝ ΛΑΒΟΝΤΕΣ ΗΡΙΑΣΑΜΕΘΑ ΚΑΝΕΝΑ ΝΕΚΡΟ ΔΕ ΜΑΣ ΕΔΩΣΕ Η ΘΑΛΑΣΣΑ ΟΥΤΕ Ο ΩΚΕΑΝΟΣ»։
armenianheritage