ԲՈՒՅՐԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Բույրը հզոր ուժ է։ Հոտառության հետ կապված զգացողություններն ազդում են մեզ վրա ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական մակարդակներում։ Սակայն մեծամասամբ մենք «շնչում ենք» մեզ շրջապատող բույրերը՝ առանց պատկերացնելու մեր կյանքում դրանց ունեցած իրական դերի մասին։ Եվ միայն ինչ-ինչ պատճառներով հոտառության հետ կապված խնդիրներին բախվելուց հետո ենք մենք հասկանում, թե որքան կարևոր է բույրերի ընկալումը հոգեբանական հարմարավետության տեսանկյունից։ Գանգուղեղի վնասվածքի հետևանքով հոտառությունից զրկված մի մարդ դա հետևյալ կերպ է նկարագրել․ «Երբ ես կորցրեցի [հոտառության մասին է խոսքը], ես կարծես կուրացել էի։ Կյանքի հանդեպ սիրո մի բավականին մեծ մաս կորցրեցի հոտառության հետ մեկտեղ։ Մենք անգամ չենք էլ պատկերացնում, թե որքան շատ է կյանքի «համը» բաղկացած բույրերից։ Մենք զգում ենք մարդկանց բույրը, գրքերի, քաղաքի, գարնան շունչը․․․ Հնարավոր է՝ մենք չենք ֆիքսում այդ զգացողությունները, սակայն դրանք բացառիկ կարևոր անգիտակցական խորք են ստեղծում։ Ողջ աշխարհը անսպասելիորեն կորցրեց իր հարստության առյուծի բաժինը»։
Էնտոնի Սինոտը հարցում է անցկացրել Կոնկորդիայի Մոնրեալյան համալսարանի 270 ուսանողի և պրոֆեսորի շրջանում։ Նրանց բոլորին առաջադրվել է արտահայտվել բույրերի՝ նրանց կյանքում ունեցած դերի մասին։ Ամենասիրելի բույրերի մասին հարցին հաջորդել են ինչպես կանխատեսելի պատասխաններ, ասենք՝ նորածնի բույրը, նոր հնձած խոտի, վարդերի, թխվածքների բույրերը, այնպես էլ խիստ անսպասելի պատասխաններ, օրինակ՝ Օլիմպիական մարզադաշտի բույրը, քրտնած մարմնի բույրը, բենզինի կամ շան հոտը և այլն։ Բազմազանությամբ չեն զիջել նաև տհաճ հոտի վրաբերյալ պատասխանները՝ «տհաճ բուրող տղամարդիկ ավտոբուսում», «հավաբուծարաններ», «ծխախոտի ծուխ», «հիվանդանոցներ», «հում միս» այլն։Հետաքրքիր է այն փաստը, որ թեև շատերն օծանելիքի բույրերը հաճելի են համարում, այնուամենայնիվ կան նաև մարդիկ, ովքեր դրանցից խորշում են։ Որոշ մարդիկ նշել են դրանց պատճառով առաջացող ֆիզիկական անհարմարավետության մասին՝ «վայրկենական գլխացավ և սրտխառնոց», «փռշտոց», իսկ շատերն էլ հայտնել են, որ օծանելիքները ճնշում են բնական բույրերն ու կտրուկ նվազեցնում զգայունակությունը։

zapahԲույրը կարող է խորապես ազդել զգացմունքների վրա՝ դրական հույզերի հետ ասոցացվող բույրը կարող է ուրախություն հարուցել, իսկ ոչ հաճելի հիշողություններ արթնացնող բույրը՝ սարսուռ։ Հիշյալ հարցման մասնակիցները նշել են, որ բույրերի հանդեպ տածվող համակրություններն ու հակակրանքը մեծամասամբ կապված են զգացմունքային ասոցիացիաների հետ։ Որոշ մարդկանց մոտ նմանատիպ զուգորդություններն այնքան ուժեղ են, որ ավանդաբար տհաճ համարվող բույրերն անգամ կարող են սիրելի դառնալ և հակառակը։ Օրինակ՝ բենզինի հոտը տհաճ է համարվում, սակայն հարցման մասնակիցներից մեկն ասել է․ «Այն ինձ հիշեցնում է բոլոր այն վայրերի մասին, ուր ես կարող եմ գնալ, կամ արդեն եղել եմ իմ մեքենայով, այն ինձ հիշեցնում է ազատության մասին»։
Մեկ այլ մարդ թույլություն ուներ մարզադաշտերին բնորոշ բույրերի նկատմամբ, քանի որ դրանք իրեն հիշեցնում էին իր սիրած սպորտաձևը։ Նմանատիպ զուգորդումներից ելնելով էլ այնպիսի չեզոք բույրեր, ինչպիսիք են օրինակ գազարի կամ որոշ ծաղիկների բույրերը, կայուն զզվանք էին առաջացնում՝ դրանց հետ կապված տհաճ հիշողությունների պատճառով․ «Երկու տարի առաջ, երբ մահացավ հայրս, մենք նրա լուսանկարի առջև ծաղիկներ դրեցինք։ Այժմ այդ ծաղիկների բույրն ինձ ցավի, անօգնականության, մորս արցունքների մասին է հիշեցնում»։
Այդպիսով, բույրի ընկալումը կապված է ոչ միայն անմիջական հոտառական զգացողությունների, այլ այդ բույրի հետ կապված հիշողությունների և զգացմունքների հետ։
Բույրերը սոցիալական հարաբերությունների կարևորագույն տարր են։ «Ինձ թվում է՝ զգացմունքային կապվածությունն իրական չի կարող լինել առանց շոշափելու և հոտառության զգացողությունների։ Որպեսզի իրավամբ զգացվի սիրած մարդու հետ կապը, անհրաժեշտ է նաև շնչել նրա բույրը»,- ասել  է հարցման մասնակիցներից մեկը։

zapor-u-rebenka-2Ծնվելուց հետո նորածինը սկսում է ճանաչել մոր բույրը, իսկ մեծահասակները բույրով կարողանում են ճանաչել իրենց երեխաներին ու կողակիցներին։ Դասական դարձած փորձարկումներից մեկի ժամանակ ամուսինները տասնյակ շապիկներից ընտրել են իրենց կողակիցների շապիկը՝ առաջնորդվելով բույրով ճանաչելու սկզբունքով։ Մինչ փորձարկումն այդ մարդիկ անգամ չեն պատկերացրել, որ բույրը կարող է իրենց ընտանիքի անդամների նույնականացման բանալի դառնալ։ Սակայն, ինչպես ցույց է տվել այդ փորձարկումը, բույրերը, թեպետ և ենթագիտակցական մակարդակում, արձանագրվում են ուղեղով։ Չնայած այս ամենին՝ արևմտյան ժամանակակից կուլտուրան հոտառությանն ամենաերկրորդական տեղերից մեկն է հատկացնում։ Շատ դեպքում դա բացատրվում է նրանով, որ մարդկային հոտառությունը չի կարող համեմատվել շատ կենդանիների գերզգայուն հոտառության հետ, սակայն այնուամենայնիվ մարդ արարածը բույրերի հանդեպ շատ ավելի զգայուն է, քան ընդունված է կարծել։ Մարդու քիթը կարող է տարբերակել հազարավոր բույրեր, որոնց աղբյուրները կարող են անգամ չնչին լինել։ Բույրերը, ի տարբերություն ասենք գույնի, ենթակա չեն հստակ սահմանման և դրանք անվանելու, նկարագրելու համար մենք ստիպված ենք ասել «բուրում է ինչպես․․․»՝ փորձելով գտնել նկարագրության համար առավելագույնս հարմար համեմատականներ։ Բույրերը չի կարելի հավերժացնել, չկան դրանք որսալու կամ պահպանելու արդյունավետ մեթոդներ։ Բույրերի թագավորությունում մենք ստիպված ենք հիմնվել նկարագրությունների կամ հիշողությունների վրա։ Թեև բավականին հաջողություններ են գրանցվել հոտառության կենսաքիմիական բնույթի ուսումնասիրման ոլորտում, սակայն բազմաթիվ հիմնարար հարցեր դեռևս անպատասխան են մնում։

Շարունակելի․․․

Աղբյուրը՝  Classen C, Howes D, Synnott A.  «Aroma. The cultural history of smell» գրքի ներածությունը՝ Օ․ Լիտվինովայի ռուսերեն թարգմանությամբ։

Թարգմ․՝ Մարինե Ալեքսանյան