ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ, ՈՐՏԵՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Համաշխարհային բանկի հրապարակած ամենամյա «Doing Business» զեկույցի համաձայն Հայաստանը գործարարության ոլորտում կրկին առաջընթաց է արձանագրել՝ 38-րդ հորիզոնականից հայտնվելով 35-րդում:

2011թվականից սկսած Հայաստանն այս առումով բարելավում է դիրքերը: Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց նաև Հովիկ Աբրահամյանն ու դա համարեց էական առաջընթաց:

Եվ այսպես, Համաշխարհային բանկի զեկույցում գործարարության ոլորտի բարելավման համար որպես հիմնավորումներ նշված են հետևյալ ուղղությունները.

  • Բարեփոխումներըսահմանային առևտրի ուղղությամբ՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը:
  • Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում:
  • Բարեփոխումները պայմանագրերի կիրարկման ուղղությամբ՝ նոր օրենքի համաձայն, որով գործող դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը Հայաստանի բոլոր դատարաններում:
  • Բիզնես սկսելու առումովՀայաստանն աշխարհում լավագույն երկրների շարքում է (189 տնտեսությունների շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը), իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում:
  • Երևանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Սա Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է:
  • Ի տարբերություն աշխարհում միջինում սեփականության գրանցման համար պահանջվող 48 օրվա, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 7 օր:
a9d92cfc67d8be71d330f1cd3d59a6e1
Հայկ Գևորգյան

Տնտեսագետ Հայկ Գևորգյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Համաշխարհային բանկի փորձագետների կողմից առանձնացված այս ուղղություններին, որոնց հիման վրա գործարարության ոլորտում դարձյալ առաջընթաց կա, նշեց, թե ուղղակի հարկավոր է ուսումնասիրել Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ու ապա կարծիք կազմել՝ գործարարությամբ զբաղվելը Հայաստանում հեշտացե՞լ, թե՞ դժվարացել է:

Այն, որ 2011 թվականից սկսած Հայաստանը զեկույցներում բարելավում է դիրքերը, դա դեռևս ոչինչ չի նշանակում ու ամենևին էլ իրական պատկերը չի արտացոլում. «Խնդիրն այն է, որ ՀԲ-ի այս զեկույցը չի անդրադառնում եղած իրական, գործնական

խոչընդոտներին, որ կանգնած է գործարարության առաջ, օրինակ կոռուցիա, տնտեսության մոնոպոլիզացիա, չինովնիկների կամայականություններ, ինչի առաջ իրականում Հայաստանի բիզնեսը կանգնած է, դրանց չի անդրադառնում, այլ անդրադառնում է օրենքներին, կանոնակարգերին, որոնք զուտ թղթի վրա գրված են: Օրենքներն արտակարգ են, հոյակապ, աշխարհի ամենալավ օրենքները Հայաստանում են, սակայն որքան լավն են օրենքներն, այնքան վատ կիրառվում են դրանք:

Օրինակ, Հայաստանում արգելվում է մենաշնորհային դիրք ունեցող տնտեսվարողի կողմից գերիշխող դիրքը չարաշահելը, դրա համար տուգանքներ են նախատեսված և այլն, և այլն: Բայց մենք գիտենք, որ նույն ՀԲ համապատասխան զեկույցի համաձայն Հայաստանը նախկին Խորհրդային Միության երկրների և Արևելյան Եվրոպայի մեջ ամենամոնոպոլիզացված շուկան ունի, առաջին տեղում ենք մենք, դա նույն ՀԲ զեկույցի հիման վրա»,- նշեց Հայկ Գևորգյանը:

Տնտեսական մեկնաբանն այս զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածը հայաստանյան օրենքների, կանոնակարգերի ու այլ փոփոխությունների մեկնաբանություն է համարում, իսկ թե ինչ իրավիճակ է գործնականում , ապա պետք է դիտարկել գոնե օտարերկրյա ներդրումների ծավալներով, որոնք 2011 թվականից սկսած նվազում են՝ զեկույցներում գործարարության ոլորտի բարելավմանը զուգահեռ:

«Եթե դուք օտարերկրյա ներդրող եք ու ուզում եք Հայաստանում բիզնես սկսել, դուք չպետք է առաջնորդվեք միայն այս զեկույցով, միայն այս զեկույցով դուք կիմանաք ինչպիսին են օրենքները տվյալ երկրում, իսկ որպեսզի իմանաք ինչպիսին է այդ երկրում իրական իրավիճակը գործարարությամբ զբաղվելու համար, պետք է նայեք ՀԲ բազմաթիվ այլ զեկույցներ, որոնցում Հայաստանն արձանագրվում է ներդրումներ իրականացնելու համար ոչ շատ լավ երկիր: Դա պետք է նայել օտարերկրյա ներդրումների ծավալներով, երբ որ 2011 թվականից սկսած Հայաստանը սկսել է իր դիրքերը բարելավել, օտարերկրյա ներդրումներն անընդհատ նվազել են, դա արդեն չափանիշ է, թե իրականում ինչպիսին է իրավիճակը»,- ասում է մեր զրուցակիցն ու օրինակ բերում, ինչի հաշվին գործարարության ոլորտում Հայաստանն առաջընթաց է արձանագրել. «Հայաստանում ընդունվել է մի կարգ, որով տնտեսական գործը եթե մտնում է դատարան, մարդը չի որոշում, թե որ դատավորը պետք է քննի այդ գործը, այլ ավտոմատ կերպով է որոշվում, դա բիզնեսի հետ որևէ կապ ունի՞: Առաջ դատարանի նախագահը որոշում էր, որ Քերոբն է լսելու գործը, հիմա համակարգիչն է որոշում, թե Պողոսն է լսելու գործը, զուտ տեխնիկական խնդիր»,- նշեց Հ. Գևորգյանը:

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամլո ծառայության աշխատակից Նվարդ Մանասյանից  հետաքրքրվեցինք, թե ՀԲ փորձագետներն իրենց ուսումնասիրությունների ժամանակ զրուցե՞լ են արդյոք ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների հետ, գործարարությամբ զբաղվող ու բիզնես հիմնել ցանկացողների հետ, որպեսզի պարզեն, թե իրականում ինչպիսին է իրավիճակը գործարարության ոլորտում, թե՞ զուտ օրենքներն ու ընթացակարգերն են ուսումնասիրվել, որոնց հիման վրա էլ կազմվել է տեսական այս զեկույցը:

«Տեսական չի, շատ գործնական է, ուսումնասիրվում են ընթացակարգեր, կանոնակարգեր, օրենքներ են ուսումնասիրվում, որոնց հիման վրա այդ հետևություններն արվում են, իհարկե գործարարների հետ էլ է քննարկվել: Չեմ կարող ասել՝ փորձագետները կոնկրետ ում հետ են քննարկել, դա չի էլ հրապարակվում, անկեղծ ասած: Դուք խոսում եք պրակտիկայի մասին, որն ուրիշ ոլորտ է, այս զեկույցը մեթոդաբանությունն է տալիս, ինքը խնդիր է դրել ուսումնասիրել ընթացակարգերը, փաստացի ծախսերը՝ հասկանալու համար, թե բիզնեսի համար ինչքան դյուրին նորմավորող դաշտ կա, կա՞, թե՞ չկա, թվում է, թե շատ սովորական բան է, բայց այդքան էլ սովորական բան չի, քանի որ շատ երկրներում այդ նորմավորող դաշտը պետք է բարելավվի: Եթե գնալու ենք պրակտիկայի, կոռուպցիայի դաշտ, դա ուրիշ բան է»,- ասաց ՀԲ մամլո ծառայության ներկայացուցիչը:

Իսկ հայաստանյան գործարարության ոլորտի, այսպես ասած, առաջընթացի մասին իրական պատկեր կազմելու համար թվային մեկ-երկու տվյալներն էլ բավարար են: Օրինակ, ՀՀ գործատուների միության վերջին տվյալներով վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանում փակվել է շուրջ 18 հազար ձեռնարկություն:

 

Հերմինե Մկրտչյան