ԱՄՆ-Ի ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅՈՒՆԱՑՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

«Եթե Չինաստանի տնտեսությունը կլինի բաց եւ կշարունակի աճել, ապա չինացիներն անխուսափելիորեն պետք է ԱՄՆ-ի հետ տնտեսական համաձայնության գան: Նման համագործակցությունը դրական առաջխաղացում կապահովի երկու երկրների համար»,-գրում է The Economist պարբերականը:

«Նախորդ դարում ԱՄՆ-ն զբաղեցնում էր համաշխարհային տնտեսության առաջատարի դիրքը, եւ ինչպես ենթադրում է տնտեսագետ Չարլզ Քինդլբերգերը, երկրներից մեկը պետք է պահպանի առաջնորդի կարգավիճակը, որպեսզի ապահովվի անվտանգությունն աշխարհում: Սակայն այսօր շատ բան է փոխվել: Համաշխարհային տնտեսությունում ԱՄՆ-ի մասնաբաժինը 36%-ից նվազել է՝ հասնելով 22%-ի, այն դեպքում, երբ Չինաստանի տնտեսությունը կայուն աճ է արձանագրում: Անկախ իր թերություններից, Չինաստանի տնտեսությունն առավել կայուն է, քան մրցակից Ճապոնիայինը»:

«Վերջին շրջանում շատ այլ երկրներ են ձգտում իրենց տնտեսությունն ավելի շատ զարգացնել չինական մոդելով, քան ամերիկյան՝ առավել փակ եւ վերահսկվող, ձգտում են համագործակցել իրենց, այլ ոչ թե ուրիշի առաջադրած պայմաններով»,-գրում է  The Economist-ը:

Ներկա պահին ԱՄՆ-ում Չինաստանի կողմից ներդրվող յուրաքանչյուր դոլարի դիմաց չինական տնտեսությունում ներդրվում է ամերիկյան 2 դոլար:

Հոդվածագիրը չի բացառում, որ ապագայում ԱՄՆ-ն որոշում կկայացնի զգալի աջակցություն ցուցաբերել Չինաստանին, եւ հնարավոր է, որ միանա այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը: «Հնարավոր է, որ ԱՄՆ-ն չինական յուանի ամրապնդման քայլեր ձեռնարկի եւ Նյու-Յորքում այդ արժույթով առեւտրի կենտրոն հիմնի: Մեծ ջանքեր կգործադրվեն ամերիկյան տնտեսությունում չինական ներդրումների ծավալներն ավելացնելու ուղղությամբ»:

«Որպեսզի նման հարաբերություններ հաստատվեն տնտեսական առաջնորդների միջեւ, անհրաժեշտ են մեծաթիվ բարեփոխումներ: Եվ եթե դա տեղի ունենա, ԱՄՆ-ն ոչինչ չի կորցնի, իսկ համաշխարհային տնտեսությունը կդառնա առավել կայուն եւ կենսունակ»,-գրում է  The Economist հանդեսը:

Աղբյուր՝ The Economist

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան