«ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՓԻ ՄԵՋ»․ ՄԱՇԿԱԲԱՆ Կ․ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մարդու մաշկի առանձնահատկությունների, մաշկի վրա ազդող գործոնների, մաշկի խնամքի և այլ հարցերի շուրջ chapchemical-ը զրուցել է «ԱՐՄԵՆԻԱ» ՀԲԿ-ի մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանի հետ։

-Բժիշկ Վարդանյան, հայտնի է, որ մարդու մաշկն ամենամեծ մակերես ունեցող օրգան- համակարգն է, որը մի շարք կենսականորեն անհրաժեշտ գործառույթներ է իրականացնում, ինչպես նաև առավելագույնս ենթարկվում արտաքին ազդեցություններին՝ դրական կամ բացասական։ Որո՞նք են մաշկի առողջության, գեղեցկության վրա ազդող հիմնական գործոնները։

– Իհարկե, ճիշտ նշեցիք, որ մաշկը ենթարկվում է տարբեր ազդակների՝ սկսած մեխանիկական, ջերմային, քիմիական և ֆիզիկական ազդակներից, մինչև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներ։ Եվ բնականաբար, վերոնշյալ ազդակները կարող են մաշկի վրա թողնել իրենց բացասական ազդեցությունը՝ առաջ բերելով մաշկաբորբի երևույթներ, ինչպես նաև խորացնել ի սկզբանե առկա մաշկային տարաբնույթ խնդիրները։ Նշելով բացասական կողմերի մասին՝ չմոռանանք, որ մաշկը հանդիսանում է նաև կարևորագույն գործոն վիտամին D-ի սինթեզի հարցում, ինչին մեծապես նպաստում են հենց նույն ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Ուստի գալիս ենք մի համոզման, որ «ամեն ինչ չափի մեջ» արտահայտությունն ավելի քան տեղին է ասված։

-Մաշկի խնամք՝ ինչպե՞ս ճիշտ խնամել մաշկը՝ կախված տարիքային առանձնահատկություններից։

-Այստեղ, օգտվելով առիթից, կցանկանայի բարձրաձայնել մաշկի դասակարգման մի խնդիր, որն, իհարկե, դոգմատիկ է դարձել, բայց կարիք ունի որոշակի ճշգրտման։ Առավել ընդունելի են կարծես թե մաշկի հետևյալ տեսակները․
1.ճարպոտ
2. Չոր
3. Խառը

Մի փոքր մանրամասնելով՝ նշեմ, որ մաշկի յուղայնությունն ապահովում են ճարպագեղձերը, որոնք էլ, եթե չհաշվենք վաղ նորածնային տարիքը,  սկսում են աշխատել սեռական հասունացման տարիքից և շարունակում մինչև խոր ծերություն, ուստի և այդ տարիքային սահմանում գտնվող անձանց մաշկն իրոք հարաբերական ճարպոտ է։ Հաշվի առնելով մեր բնակլիմայական պայմանները՝ նշեմ, որ գրեթե բոլորի մոտ առկա է ջրազրկված մաշկ։ Ուստի կարիք կա տարբերակելու այդ երկու չափորոշիչներն իրարից։ Ասել է, թե այդ տարիքային սահմանում ունենք յուղոտ, միևնույն ժամանակ ջրազրկված մաշկ։ Հետևաբար կարիք կա շտկելու հենց այդ դիսբալանսը, ինչի համար խորհուրդ է տրվում օգտագործել խոնավեցնող միջոցներ, որոնք, խոնավեցնելով մաշկը, իրենց հերթին ունեն ոչ անմիջական, բայց ճարպագեղձերի աշխատանքը կանոնավորող հատկություն։ Իսկ մանկական (մինչև սեռահասուն տարիք) և ծերունական շրջանում արդեն կարիք կա օգտագործելու սնուցող միջոցներ, որոնք մաշկն արհեստականորեն հագեցնում են ճարպաթթուներով։

-Այսօր շատ նորաձև է «էկո», «օրգանիկ», «բնական» խնամքին, միջոցներին նախապատվություն տալը․ ինչպե՞ս կողմնորոշվել առաջարկվող բազմազանության մեջ և կատարել ճիշտ ընտրություն։

-Իհարկե, բնական միջոցներին նախապատվություն տալն առավել քան անհրաժեշտ է, քանզի կենցաղային քիմիայի բացասական դերի մասին գրեթե բոլորն են գիտակցում։ Ճիշտ ընտրության հարցում մեծ դերակատարում պետք է ունենան․
1.Oգտագործողի (սպառողի)՝ սեփական մաշկի մասին ինֆորմացիայի գոնե մինիմալ իմացությունը,
2. Առաջարկող կազմակերպության աշխատակիցներն իրենց գիտելիքներով,
3.Կարիքի դեպքում մինչև անգամ մաշկաբանների մանրակրկիտ և հանգամանալից խորհրդատվությունը։

-Բնական յուղերի դերը մաշկի խնամքի գործում, ինչի՞ն արժե ուշադրություն դարձնել։

– Բնական միջոցներ ասելով կարծես որպես հոմանիշ հասկանում ենք անվտանգությունը, բայց այստեղ կարիք ունենք նշելու, որ յուրաքանչյուր օրգանիզմ ունի որոշակի առանձնահատկություններ, ասել է թե նույն միջոցները տարբեր մարդկանց վրա կարող են տարբեր կերպ ազդել։ Որպես օրինակ՝ մեկի մոտ մինչև անգամ մաշկաբանական խնդիր լուծել կամ թեթևացնել, մեկ այլ անձի մոտ լուրջ խնդիր առաջացնել։ Բացատրվում է դա այն հանգամանքով, որ անհատը կարող է ունենալ գերզգայունություն առաջարկվող միջոցի ցանկացած կոմպոնենտի նկատմամբ, որն էլ կարող է արտահայտվել տեղային ալերգիկ ռեակցիաներից մինչև համակարգային ալերգիկ խնդիրներով։

-Եթե համարենք, որ «մաշկն օրգանիզմի հայելին է», ապա մաշկի վրա արտահայտվող այս կամ այն փոփոխություններն օրգանիզմում առկա ի՞նչ խնդիրների մասին կարող են վկայել։

– Իհարկե, օրգանիզմն առանձին օրգանների կույտ չէ, այլ սինխրոն աշխատող «մեխանիզմ» է, ուստի և ցանկացած օրգան- համակարգի ոչ ճիշտ գործունեությունը կարող է իր բացասական դերն ունենալ մեկ այլ օրգան-համակարգի վրա, մաշկի վրա՝ այդ թվում։ Հաճախ են հանդիպում պացիենտներ, որոնց համար որպես հիմնական գանգատ են հանդիսանում մաշկային այս կամ այն տեսակի ցանավորումը, իսկ բժշկի համար դա նշան է, որ կա խնդիր մեկ այլ օրգան-համակարգում։ Որպես օրինակ նշեմ կորյակային հիվանդության ժամանակ հորմոնալ տեղաշարժերը, սննդային ալերգիաների ժամանակ մարսողական համակարգի դերը և այլն։

Եվ վերջում ցանկանում եմ առողջություն բոլորին ու նրանցից յուրաքանչյուրին՝ ցանկալի մաշկային ծածկույթ՝ բոլոր չափորոշիչներով։

 

Հարցազրույցը վարեց՝ Մարինե Ալեքսանյանը