ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ ԿՈՍՄԵՏԻԿԱՅՈՒՄ

ՕՁԻ ԹՈՒՅՆ

Հնագույն ժամանակներից թույները ծառայում էին ոչ միայն պալատական հեղաշրջումների և մրցակցուհիներին ճանապարհից հեռացնելու համար, այլև աշխատում ի նպաստ բժշկության։ Հայտնի է,  որ Հին Եգիպտոսում, Չինաստանում, Հունաստանում, Հնդկաստանում օձի թույնը բժշկողներն օգտագործում էին  լուրջ հիվանդությունների բուժման նպատակով։ Պատահական չէ, որ գավաթին փաթաթված օձը բժշկության խորհրդանիշն է համարվում։

Ֆրանսիացի միկրոկենսաբան Ալբերտ Կալմետը մոտ 100 տարի առաջ օձի թույնը հաջողությամբ ներմուծել է ուժեղ ցավերի դեմ պայքարող դեղամիջոցների բաղադրության մեջ՝ այդպիսով ապացուցելով, որ այն, ինչ կարող է սպանել մարդուն, կարող է և ավելի ուժեղ դարձնել նրան։ Հետագայում, օգտվելով նրա աշխատություններից, գիտնականներն օձի թույնը ներմուծել են բրոնխային ասթմայի դեմ պրեպարատների, ռադիկուլիտի, հոդաբորբի դեմ քսուկների բաղադրակազմում։

գադյուկա

Այս վտանգավոր նյութի հատկանիշները հետաքրքրել են նաև կոսմետոլոգիայի ոլորտում աշխատող գիտնականներին։ Կոսմետիկայի մեջ ավելացնելով օձի թույնի էքստրակտը (պոլիպեպտիդներ)՝ նրանք հայտնագործել են շատ կանանց համար երազանք հանդիսացող բոտոքսի էֆեկտով քսուկը։ Պեպտիդները սպիտակուցներ են, որոնք իրենց կառուցվածքով շատ նման են մեր սպիտակուցներին։ Դրանք մկանների կծկումը վերացնող նյութեր են։ Այդ ազդեցության շնորհիվ միմիկական կնճիռները հարթվում են, իսկ մկանային ակտիվության նվազման շնորհիվ չեն առաջանում նորերը, հենց այդ պատճառով էլ «թունավոր կոսմետիկային» հրաշագործ ազդեցություն են վերագրում։

Չնայած որ պեպտիդներն արգելափակում են մկանային ակտիվությունը, դրանք մաշկի բջիջների համար բուժիչ դեր են կատարում՝ ստիպելով վնասված հյուսվածքներին վերականգնվել, խթանում են կոլագենի և էլաստանի առաջացումը, որոնցից էլ կախված է մաշկի առաձգականությունն ու հարթ լինելը։

Օձերի իսկական թույնով կրեմների պատրաստումը, սակայն, բավականին բարդ և ծախսատար գործընթաց է, ուստի վերջերս շվեյցարացի հետազոտողները Syn-Ake անվանումը կրող պեպտիդներ են մշակել, որոնք իրենց ազդեցությամբ շատ նման են օձի թույնին։ Այդ նյութերով հարուստ կոսմետիկայի արտադրությունը շատ ավելի հարմար է, և դրանից ոչ մի օձ չի տուժում։

Ուսումնասիրելով վերոնշյալ քսուկների ազդեցությունը ՝ մասնագետները հանգել են եզրակացության, որ, այնուամենայնիվ, այդ քսուկների էֆեկտը չարժե համեմատել բոտոքսի սրսկումների արդյունքի հետ, քանի որ սրսկումից հետո արդյունքը զգացվում է անմիջապես, և իսկ  օձի թույնի պարունակությամբ քսուկները պետք է օգտագործել ամենաքիչը 6 ամիս՝ նմանատիպ էֆեկտի հասնելու համար։

ՄԵՂՈՒՄԵՂՎԻ ԹՈՒՅՆ

Մեղվաբուծության արգասիք հանդիսացող մթերքները վաղուց ի վեր հայտնի են իրենց բուժիչ ազդեցությամբ։ Պատահական չէ, որ բժշկության մեջ գոյություն ունի ապիթերապիա՝ մեղվաբուժություն հասկացությունը, որն իրենից ներկայացնում է հիվանդությունների բուժում մեղվաբուծության արդյունքում ստացված նյութերի միջոցով։

Մեղվի թույնը նույնպես չի վրիպել գիտնականների աչքից։ Ուսումնասիրելով ապիտոքսինը (մեղվի թույն)՝ նրանք բացահայտել են վերջինիս կոսմետիկ բազմազան ազդեցությունները։ Այս նյութը ևս ազդում է որպես մկանների կծկումները վերացնող միջոց (миорелаксант)։ Բացի այդ, նպաստում է բջջային նյութափոխանակության բարելավմանը, կոլագենի և էլաստանի առաջացմանը, ինչպես նաև ունի հակաբակտերիալ ակտիվ հատկություններ։ Մեղվի թույնը պարունակում է մանրէներն ու բակտերիաները վերացնող պեպտիդներ։ Ուստի հաճախ ապիտոքսինը կարելի է հանդիպել ակնեի, կորյակների, ճարպոտ մաշկի դեմ պայքարող քսուկների կազմում։

Մեղվի թույնը իր՝ արյան շրջանառությունը խթանող և մաշկը հարթեցնող հատկությունների շնորհիվ կարևոր տեղ է զբաղեցնում այրվածքների, վերքերի, կնճիռների, դեմ նախատեսված քսուկների բաղադրության մեջ։

ՈՍՏՐԵԻ ԼՈՐՁ

Ֆրանսիական խոհանոցի զարդ հանդիսացող նրբահամ կերակուրը 1980 թ․-ից դարձել է հումք կոսմետիկ միջոցների ստեղծման համար։ Չիլիի ոստրե բուծող տնտեսություններից մեկի աշխատակիցը, ով կրում էր Բասկունյան ազգանունը, կակղամորթերին հավաքելիս նկատել է, որ իր, ինչպես նաև իր գործընկերների ձեռքերի մաշկը շատ հարթ և գեղեցիկ է, չնայած որ նրանք աշխատում են կիզիչ արևի ներքո։

ոստրե

Գիտնականներին հետաքրքրել է այդ փաստը, և 15 տարի շարունակ նրանք փորձարկումներ են իրականացրել ոստրեի լորձի միջոցով։ Պարզվել է, որ մուցինը (սպիտակուց, որից բաղկացած է ոստրեի լորձը), որը պաշտպանում է կակղամորթերի խեցին վնասվածքներից, օգտակար նյութերի իսկական գանձարան է։ Այն պարունակում է գլիկոլաթթու, А, В, Е խմբի վիտամիններ, ալլանտոին, հիտոզան, կոլագեն, հակամիկրոբային պեպտիդներ։ Այդ բաղադրամասերը վերացնում են մաշկի վրա առկա թունավոր նյութերն ու մեռած բջիջները, խթանում բջջային նյութափոխանակությունը, վերականգնում հյուսվածքները, վերացնում գրգռվածությունն ու կարմրությունը, խոնավեցնում, ինչպես նաև նպաստում մաշկի խորը շերտերում խոնավության պահպանմանը։

Զարմանալի չէ, որ գիտնականներն ակտիվորեն սկսել են զբաղվել ոստրեի լորձի հիմքով երիտասարդացնող միջոցների մշակմամբ։ Վերջապես 1995 թ․-ին ստեղծվել է մուցինի հիմքով մաշկը վերականգնող առաջին քսուկը։ Այդուհետ իսպանական, ամերիկյան, բրազիլական և կորեական շատ ապրանքանիշեր սկսել են թողարկել խնամքի ամենատարբեր պարագաներ՝ խեցեմորթերի լորձի հիմքով։

ՁԿՆԿԻԹi

Տոնական սեղանները զարդարող այս քիմքը շոյող նախուտեստը իրեն հիանալի է դրսևորում կոսմետիկ միջոցների կազմում։ Օմեգա -3 ճարպերի, հանքանյութերի և վիտամինների աղբյուր հանդիսացող ձկնկիթը խթանում է մաշկը վերականգնող գործընթացները, տոնուս և առաձգականություն հաղորդում մաշկին։ Ձկնկիթի օգտակար տարրերը ավելացնում են կոսմետիկայի մեջ տրանսպորտային գործառույթ իրականացնող մոլեկուլների՝ նանոսոմների, լիպոսոմների և էնզիմների հետ, որպեսզի անհրաժեշտ նյութերը ներթափանցեն մաշկի և մազերի խորը շերտերը։

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՃԱՐՊ, ԼԱՆՈԼԻՆLanolin-dlya-obestsvechivaniya-volos1

Հնագույն ժամանակներից մարդիկ օգտագործել են կենդանական ճարպը օճառ ստանալու համար․ մինչ օրս կենդանական, մասնավորապես տավարի ճարպը բնական օճառատեսակների բաղադրությունում պատվավոր տեղ է զբաղեցնում։

Լանոլինը (լատ.՝ lana – բուրդ և oleum – յուղ) կենդանական մոմ է, որը ստացվում է ոչխարի բուրդը լվանալիս։ Այս մածուցիկ գորշ-դեղնավուն յուղը  տարբերվում է ստերինների (մասնավորապես խոլեսթերինի) մեծ պարունակությամբ։ Լանոլինը լավ ներծծվում է մաշկի մեջ և օժտված է փափկեցնող հատկությամբ։

Կիրառվում է կոսմետիկայում, բժշկության մեջ՝ որպես հիմնական նյութ տարբեր քսուկներ պատրաստելու, ինչպես նաև մաշկը փափկեցնելու համար։

 

.