ԿՈՍՄԵՏԻԿԱՆ՝ ԱՆՀԻՇԵԼԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉ ՄԵՐ ՕՐԵՐԸ

Գեղեցիկ լինելու մղումը գեղեցիկ սեռի մոտ նույնքան բնական է, որքան արևի մայր մտնելն ու գիշերվա երկնքում աստղերի հայտնվելը․ այդպես եղել է միշտ՝ անհիշելի ժամանակներից, սակայն հանուն արդարության արժե նշել, որ տղամարդկանց մոտ նույնպես մեծ է այդ ձգտումը, և ժամանակին տղամարդիկ էլ լայնորեն օգտվում էին այն ամենից, ինչն անհիշելի ժամանակներից համարվում է գեղեցկության ընդգծման, պահպանման, ձևավորման հիմնական ատրիբուտ․ խոսքը դե իհարկե կոսմետիկայի մասին է։ Կոսմետիկայի պատմությունը հին է, ինչպես մարդկության պատմությունը։ Գեղեցկության բաղադրատոմսերից ու կոսմետիկ միջոցներից օգտվել են հնագույն քաղաքակրթություններում՝ Եգիպտոսում, Հունաստանում, Չինաստանում, Հնդկաստանում։ Կոսմետիկա բառն առաջացել է հունարեն «կոսմեյն»՝ զարդարվել բառից։ Ավելի մանրամասն դիտարկենք կոսմետիկայի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը․

Կոսմետիկան Հին Եգիպտոսում

Այստեղ կոսմետիկան բուժիչ և դեկորատիվ բնույթ ուներ։ Կոսմետիկ միջոցների պատրաստման գաղտնիքներին տիրապետում էին քրմերը։ Հին Եգիպտոսում սպիտակեցնում էին այտերը, ընդգծում աչքերը, մաշկը մշակում բուրավետ յուղերով, մազերը ներկելու նպատակով կիրառում կենդանիների արյունը։ Հին Եգիպտոսում ընդունված էր մաքրման ծիսակարգը․ երբ մարտիկները վերադառնում էին մարտերից, հոգեկան և ֆիզիկական առողջությունը վերականգնելու նպատակով դիմում էին քրմերին և կոսմետիկ պրոցեդուրաներ անցնում՝ բուժիչ կավի, կաթի, մեղրի, գարեջրի, մերսումների, բուրավետ յուղերի, աղային լոգանքների կիրառումով։ Հենց Եգիպտոսում է գտնվել կոսմետիկայի առաջին տեղեկատուն՝ կազմված Կլեոպատրայի կողմից։

1432632636_nefertiti-bust-tuttart-12

Հին Եգիպտոսում գեղեցկության իդեալը բարձրահասակ, նիհար սևահերն է՝ բարակ մեջքով, ուղիղ ուսերով, կանոնավոր դեմքով՝ նշաձև աչքերով, ուռուցիկ շուրթերով և փոքրիկ ականջներով, ով նախընտրում էր կրել սպիտակ հագուստ, քանի որ սպիտակը մշտապես շահեկանորեն է ընդգծում արևահարված մաշկի ողջ հմայքը՝ եգիպտական դեղին ավազի ֆոնին։ Մոտավորապես այդպիսի տեսք ունեին Նեֆերտիտի, Խատշեպսուտ նշանավոր թագուհիները, ովքեր շատ հմտորեն կարողանում էին ծառայեցնել կոսմետիկ միջոցները մարմնի երիտասարդության պահպանման և գեղեցկությունն ընդգծելու համար։

(Շարունակելի․․․)