ՓՈՐՁԱԳԵՏ. ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ԿՀԱՍՆԻ՝ 10 ԴՈԼԱՐ 1 ԲԱՐԵԼԻ ԴԻՄԱՑ
«Standard Chartered ընկերության վերլուծաբան Փոլ Հորսնելը կանխատեսում է, որ նավթի գինը կնվազի մինչեւ 10 դոլար 1 բարելի դիմաց»,- գրում է շվեյցարական Tagesanzeiger թերթի մեկնաբան Հոլգեր Շչեպիցան:
«Ես համարում եմ, որ 10 դոլար գինն արդարացված չէ: Սակայն այսօր նավթային շուկայում բազմաթիվ չարաշահորդներ կան, ովքեր պատրաստ են գինը նվազեցնել մինչեւ այդ մակարդակը»,-հայտարարել է Հորսնելը:
Փորձագետի կարծիքով, նավթի գնանկմանը կարող են նպաստել նավթային աշխարհում կատարվող մի շարք իրադարձություններ՝ այդ թվում պաշարների գլոբալ ավելցուկը (նավթապահեստարանները գերբեռնված են. ԱՄՆ-ում պահուստների չափը գերազանցվել է 100 մլն տոննայով), տնտեսական անկումը Չինաստանում (աշխարհում նավթի 2-րդ սպառողը՝ 11,5 մլն բարել մեկ օրում), ինչպես նաեւ հյուսիսային կիսագնդում համեմատաբար տաք ձմեռը:
Այլ ընկերություններ կանխատեսում են նավթի ավելի բարձր գներ. օրինակ, Goldman Sachs ներդրումային ընկերությունը կանխատեսում է գնանկում մինչեւ 20 դոլար, իսկ բրիտանական RBS բանկը՝ 16 դոլար:
Նավթի գների արմատական փոփոխությունները, վերլուծաբանների մեծամասնության կարծիքով, հնարավոր է միայն 2016թ.-ի երկրորդ կեսին, սակայն ոմանք ավելի վատատեսորեն են տրամադրված: Երկարաժամկետ հեռանկարում նրանք ավելի ցածր գին են կանխատեսում:
«Մի շարք երկրներ եւ ընկերություններ, որոնք զբաղվում են նավթի արդյունահանմամբ, հայտնվել են սնանկացման եզրին եւ լրջորեն շահագրգռված են նավթային շուկայի փոփոխություններով: Ռուսաստանն արդեն ստիպված է «ձգել գոտին». իշխանությունները եւս 10%-ով բյուջեն կրճատելու որոշում ընդունեցին, որպեսզի կարողանան մասնակիորեն փոխհատուցել գանձարանի հոսքերի պակասորդը»,- եզրափակում է Tagesanzeiger-ի հոդվածագիրը:
Աղբյուր՝ Tagesanzeiger
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան