2016Թ.-ԻՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐՐՈՐԴ ՌՈՒՍԱՍՏԱՆՑՈՒՆ, ԻՍԿ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԵՍԻՆ

Մի շարք վերլուծական կենտրոնների փորձագետներ զգուշացրել են, որ մոտ ապագայում Ռուսաստանի բնակչության կեսը կաղքատանա:

Անցնող տարում Ռուսաստանն ունեցել է եկամուտների, աշխատավարձերի, թոշակների անկում: Կանխատեսումներն ավելի քան տխուր են. ՌԴ կառավարությանն առընթեր Վերլուծական կենտրոնի, Ազգային տնտեսության եւ պետական ծառայության Ռուսական ակադեմիայի, Մակրոտնտեսական վերլուծության եւ կարճաժամկետ կանխատեսումների կենտրոնի եւ Համաշխարհային բանկի փորձագետները կանխատեսում են ռուսաստանցիների կյանքի որակի եւ մակարդակի անկում: Փորձագետները նշում են, որ տեսանելի ապագայում կարող է աղքատանալ Ռուսաստանի բնակչության 30-50 տոկոսը, իսկ եթե մինչ այս նրանք դեռ չգիտեն դրա մասին, ապա կիմանան 2016-ին:

Բայց երեւում է՝ նրանք, այնուամենայնիվ, գիտեն, սեփական փորձով: Ֆինանսական հետազոտությունների ազգային գործակալության ուսումնասիրությունների շրջանակում, որը հրապարակվել է 2015թ.-ի վերջին, ռուսաստանցիների 85 տոկոսը զգացել է տնտեսական անբարենպաստ իրավիճակը սեփական բարեկեցության վրա: Մասնավորապես, հարցման մասնակիցների 48 տոկոսն ասել է, որ գնաճը վնաս է հասցրել ընտանեկան բյուջեին, սակայն չի ազդել սննդի վրա, իսկ 37 տոկոսը հայտնել է, որ գների աճը ստիպել է իրենց սահմանափակել նույնիսկ սննդամթերքի համար նախատեսվող ծախսերը:

Բացի դրանից, Հանրային կարծիք հիմնադրամի դեկտեմբերի 31-ին հրապարակած հարցումների համաձայն, ռուսաստանցիների 34 տոկոսին 2016թ.-ին սպասվում է նյութական վիճակի վատթարացում, իսկ եւս 31 տոկոսը կարծում է, որ իրենց իրավիճակը չի կարգավորվի: Ռուսաստանցիներն իրոք անհանգստանալու առիթ ունեն:

Ինչպես հայտնում է ՌԴ պետական վիճակագրական Դաշնային ծառայությունը, իրական աշխատավարձը 2015թ.-ին նվազել է 10,9 տոկոսով: Bloomberg-ի եւ Եգոր Գյադերի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի գնահատմամբ՝ իրական աշխատավարձի նվազումը 2015թ.-ի հոկտեմբերին ամենազգալին էր 1999 թ.-ից հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարության ամբողջ ընթացքում: Իսկ ռուսաստանցիների եկամուտները նոյեմբերին հոկտեմբերի հետ համեմատ նվազել են եւս 1,9 տոկոսով: Մինչդեռ, Կրեմլի լավատես պաշտոնյաներն ակնկալում են, որ 2018թ.-ին աշխատավարձը կհասնի 2014թ.-ի մակարդակին:

ՌԴ պետական վիճակագրական Դաշնային ծառայության տվյալներով՝ 2013թ.-ին միջինից ցածր եկամուտ ունեցել է 12,5 մլն մարդ: 2015թ.-ի վերջին աղքատ բնակչության թիվը հասել է 22 մլն-ի, այսինքն վերջին երկու տարիների ընթացքում աղքատ բնակչության թիվն աճել է գրեթե երկու անգամ:

Բացի դրանից, ելնելով ՌԴ պետական վիճակագրական Դաշնային ծառայության տվյալներից, ռուսաստանցիների մեկ չորրորդ մասը վաստակում է միջին աշխատավարձից շատ չնչին տարբերությամբ բարձր: Այդ մարդիկ կարող են հայտնվել աղքատության մակարդակից ցածր՝ գների նույնիսկ ամենաչնչին աճի դեպքում:

Միեւնույն ժամանակ ռուսաստանցիներից շատերը չունեն բավարար խնայողություններ, որպեսզի հաղթահարեն դժվար ժամանակները: Ֆինանսական հետազոտությունների ազգային գործակալության տվյալներով՝ խնայողությունների ծավալները թույլ կտան գոյատեւել երեք ամիս:

Հաշվի առնելով տնտեսական ցուցանիշների շարունակական վատթարացումը՝ ներառյալ ՀՆԱ-ի եւ ներդրումների նվազումը, ինչպես նաեւ գնաճի եւ գործազրկության աճը, այս տարին կարող է ժխտել նախագահ Պուտինի անվանած գլխավոր ձեռքբերումները՝ Ռուսաստանի տնտեսական զարգացումները եւ եկամուտների եւ բնակչության կենսակերպի մակարդակի բարձրացումը:

Աղբյուր՝  inosmi.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան