20-ՐԴ Դ․-Ի ԴԵՄՔԸ ԿԵՐՏԵԼԻՍ․․․ ԷՍԹԵ ԼԱՈՒԴԵՐ
Ով կարող էր մտածել, որ եփելով իր առաջին քսուկները խոհանոցում՝ այդ շիկահեր ու փխրուն կինը տարիներ անց դառնալու է «20-րդ դարի դեմքը կերտող» մարդկանցից մեկն ու կոսմետիկայի աշխարհի լեգենդար անունը՝ Էսթե Լաուդեր։ Գեղեցկության ինդուստրիայի ամենահանճարեղ և ամենահարուստ կանացից մեկը ծնվել է Նյու Յորքում՝ հունգարացի գաղթականների մեծ ընտանիքում, իսկ թե կոնկրետ որ թվականին՝ 1908 թե 1910, ոչ ոք ճշգրիտ չգիտեր․ Էսթեն չէր սիրում մանրամասնել այդ մասին, ինչպես նաև նրան նյարդայնացնում էր իր հունգարական ծագումը՝ նա ցանկանում էր իսկական ամերիկուհի լինել․ դա նրա համար հաջողության գրավական էր։ Թեև դա բարդույթ չէր, այլ իսկական ամերիկյան երազանք։
Կոսմետիկայի ապագա թագուհու մանկությունն ու պատանեկությունը ապահով էր և լի ընտանեկան տոներով, սակայն նրա կյանք նոր ուրախություն է բերում և լինում շրջադարձային հանդիպումն Առաջին համաշխարհայինից հետո վերադարձած քեռու՝ Ջոն Շոտց Մենտցերի հետ, ով մասնագիտությամբ լինելով քիմիկոս՝ զբաղվում էր մաշկի խնամքի համար նախատեսված կրեմների պատրաստմամբ։
Նրա լաբորատորիան տեղ է զբաղեցնում Էսթեի հայրական տան հին ամբարում։ Էսթեն, հետաքրքրասիրությամբ հետևելով անոթներում երանգափոխվող հեղուկներին, որոշում է՝ նա կդառնա գիտնական և ինքնուրույն կերպով կմշակի, կպատրաստի և կվաճառի իր անունը կրող քսուկներ։
Շուտով Էսթեն գերազանցությամբ ավարտում է Նյութաունյան բարձրագույն դպրոցը, իսկ 1930-թ․-ին ամուսնանում հաջողակ գործարար Ջոզեֆ Լաուդերի հետ, ով նորաձև հագուստի խանութ ուներ։ Նրա փորձարկումները շարունակվում էին՝ խոհանոցում, ուտելիք պատրաստելու միջակայքում ստեղծվում էին քսուկները դեմքի համար, դիմափոշիներն ու շրթներկերը։ Եվ ահա օրերից մի օր Էսթեն, վերցնելով իր կրեմները, ուղևորվում է գեղեցկության մոտակա սրահը, որպեսզի կոսմետիկայի պատմության մեջ առաջին անգամ անվճար ցուցադրություն կազմակերպի։ Գեղեցկության սրահի ղեկավարի հետ փոքրիկ զրույցից հետո սրահի աշխատակիցներին ցուցվում է հաճախորդներին առաջարկել փորձել Էսթեի կրեմները՝ իհարկե անվճար և միմիայն իրենց ցանկությամբ։ Փորձել ցանկացողները, ինչպես և սպասելի էր, բազմաթիվ էին․ ի վերջո որ կինը կհրաժարվեր անվճար ծառայությունից։ Մի քանի օր անց քսուկների պահանջարկն արդեն իսկ տպավորիչ էր․ սկզբունքորեն նոր գովազային քայլը սկսում է տալ իր պտուղները։ Մեկ ամիս անց Էսթե Լաուդերին գործնական առաջարկով դիմում են մոտակա գեղեցկության սրահների տնօրենները, կես տարի անց նրա քսուկները ողջ Նյու Յորքն էր օգտագործում։ Հաջողության գաղտնիքը շատ պարզ էր․ շնորհանդեսներին յուրաքանչյուրը ստանում էր փոքրիկ ընծաներ՝ դիմափոշի, շրթներկ, կրեմներ և շնորհակալությամբ լցվում տիկին Լաուդերի հանդեպ, իսկ նրա ապրանքների նկատմամբ՝ վստահությամբ։ Այնուհետև ձևավորվում է պահանջարկ՝ վերջիվերջո ապահովելով գովազդային այս նորարարության հեղինակի համաշխարհային ճանաչումն ու առասպելական եկամուտները։
1942 թ․-ի դեկտեմբերյան օրերից մեկն Էսթեն գրեթե ամբողջությամբ անցկացնում է փոքրիկ սրճարանում, ուր ամուսնու հետ քննարկում էր ընտանեկան բիզնեսի հեռանկարները․ նա արդեն փորձառու և վստահելի տղամարդու կարիք էր զգում իր գործերն առաջ տանելու համար, իսկ ամուսինն այդ դերի համար ուղղակի իդեալական թեկնածու էր։ Որոշվում է՝ Էսթեն կզբաղվի մարքեթինգով, Ջոզեֆը՝ ֆինանսներով։ Սկզբում նրանք ամեն ինչ միասին էին անում՝ թողարկելով կրեմի 4 տեսակ (քսուկ խնդիր ունեցող մաշկի համար, մաքրող յուղ, խիտ ունիվերսալ քսուկ, սնուցող լոսյոն) և դեկորատիվ կոսմետիկայի մի քանի տեսակ՝ դիմափոշի, երկնագույն ստվերաներկ կոպերի համար, ալ կարմիր շրթներկ։ Դա Էսթե Լաուդերի կոսմետիկ առաջին շարքն էր։ Շուտով նա այդ շարքի համար հատուկ կանաչավուն-երկնագույն փաթեթավորում է մշակում․ գույն, որը հայտնի է որպես «lauder blue» և հիանալիորեն համադրվում էր ցանկացած լոգասենյակի ինտերիերի հետ։
Էսթե Լաուդերը պնդում էր՝ մեծ բիզնեսում մանրուքներ չկան․ նա խնայում էր, օգտվում հասարակական տրանսպորտից։ Նրա աչքից չէր վրիպել այն, որ շատ կանայք կոսմետիկա էին գնում հենց այնպես, ինչ-որ գործերի արանքում՝ այլ ապրանքների հետ միաժամանակ։ Նա սկսում է իր ֆիրմային բաժինները բացել հեղինակավոր խանութներում, ուր հագուստ և աքսեսուարներ էին վաճառվում․ նա անձամբ էր ընտրում և սովորեցնում վաճառողուհիներին՝ չցանկանալով կորցնել և ոչ մի գնորդի քաղաքավարությունից զուրկ ինչ-որ վաճառողուհու պատճառով։Ի դեպ, վերջինս ոչ միայն պետք է հանգամանորեն ներկայացներ կոսմետիկան, այլև սեփական օրինակով փաստեր դրա դրական ազդեցությունը։
1953 թ․-ին Լաուդերները կրկին կիրառում են գովազդային փորձված քայլը՝ $50 000 ներդնելով օրինակների համար, որոնք անվճար ուղարկվում են փոստով․ արդյունքը՝ հազարավոր նոր գնորդներ։
Սակայն չնայած մեծ հաջողությանը՝ լաբորատորիայի համար գումարը դեռ չէր բավականացնում։ Կրեմներն առաջվա պես պատրաստվում էին խոհանոցում, թեև ոչ թե տան, այլև Մանհեթենի ռեստորաններից մեկի ընդարձակ խոհանոցում վարձակալված անկյունում։ Լաուդերները միասին չոր խոտաբույսերը փոշու էին վերածում, խառնում դրանք տարատեսակ յուղերի հետ, ստերիլիզացնում տարաները, կապում տուփերի ժապավենները։ Ամեն ինչ արվում էր ձեռքով։ Ռեստորանի շեֆ-խոհարարն ուղղակի հիացած էր Էսթեով․ նա չէր էլ կասկածում, որ իր խոհանոցում կոսմետիկ կայսրության հիմքերն են դրվում։ 1954թ․-ին՝ հենց տարվա առաջին օրը «Նեյման-Մարկուս» հեղինակավոր խանութում Էսթե Լաուդերի վաճառակետի բացումն ուղեկցվում է ընկերության առաջին կարգախոսի բարձրաձայնմամբ․ հաճելի երաժշտության ներքո Էսթե Լաուդերի ձայնը կոչ էր անում «նոր տարին սկսել նոր դեմքով»։
Ամերիկան նվաճված էր, մնում էր գրավել Եվրոպան։
Լաուդերը սկսում է ուսումնասիրել եվրոպական հասարակության առանձնահատկությունները՝ ֆեմինիզմ, դեմոկրատիա, զարգացող պաշտամունք երիտասարդության նկատմամբ, բարձր նորաձևություն՝ այդ ամենն այսուհետ պետք է աշխատեր իր օգտին։
Եվ օրերից մի օր Փարիզի ամենաշքեղ ցուցափեղկերով «Գալերի Լաֆայետ» հսկայական խանութի օծանելիքի բաժին է մտնում հմայիչ մի կին, հանկարծ բացում է պայուսակը, այդտեղից հանում դեղնավուն հեղուկով ինչ-որ մի սրվակ և խփում գետնին։ Մինչ վաճառողուհին ահաբեկչության մասին լուրերից սարսափած փորձում է անվտանգության պատասխանատուների հետ կապվել, օծանելիքի բաժնով մեկ զարմանալի մի բույր է տարածվում․ սկզբում ապշահար գնորդները զարմացած դեսուդեն էին նայում, իսկ հետո շիկահեր կինը պարզապես չէր հասցնում բոլորին պատասխանել․ «Այո՛, դա իմ օծանելիքն էր՝ Youth Dew, իսկ իմ անունն է Էսթե Լաուդեր․ Դուք չեք լսե՞լ իմ անունը»։ Իհարկե, ոչ ոք դեռ չէր լսել, սակայն Էսթեն գիտեր՝ կարևորն առաջին տպավորությունն է․ նրա համարձակ, գրեթե ավանգարդիստական ակցիան համընդհանուր ուշադրություն է գրավում, որին հաջորդում են հարցազրույցները նորաձևության ամսագրերին, ինչպես և նախատեսված էր գովազդի նորարար Էսթեի կողմից։
60-ականների վերջում նա ստեղծում է կոսմետիկա՝ նախատեսված տղամարդկանց համար։ Ֆրանսիացիները, այնուհետև գերմանացիներն ու անգլիացիներն ըստ արժանվույն գնահատում են այդ նորույթը։ 70-ականներին վայրկենապես արձագանքելով «կանաչների» շարժմանը՝ Էսթեն ստեղծում է «Քլինիկ» հավաքածուն՝ կոսմետիկ առաջին շարքը, որն ուղղված է մաշկային ալերգիկ ռեակցիաների նվազեցմանը։ Դրանք ավելի քան 100 կոսմետիկ միջոցներ էին, որոնք ներառում էին մաշկի խնամքի հետ կապված ամեն ինչ։ Հաջողությունն անհերքելի փաստ էր այլևս, սակայն կար ևս մեկ մարտահրավեր՝ օծանելիքի շուկան, ուր գերիշխում էին եվրոպական հաստատուն ավանդույթները։ Սակայն նշանավոր ամերիկուհու մտքի թռիչքն այստեղ ևս հաղթանակ է տոնում․ սպորտային, դասական, էկզոտիկ բույրեր, հավաքածուներ տղամարդկանց համար․․․ Լաուդերը պարահանդեսներ, ընթրիքներ, կոկտեյլներ է կազմակերպում, որոնց համար հետաքրքիր անուններ է մտածում, իսկ լրատվամիջոցները շտապում են պատմել նոր բույրերի, հավաքածուների մասին, այնուհետև հաջորդում են մրցանակաբաշխություններ, մրցույթներ և այսպես շարունակ․․․
Ստեղծելով իր կոսմետիկան՝ Էսթեն մեկ պարզ նպատակ էր հետապնդում՝ արագություն և արդյունավետություն․ կինն ունի մի քանի րոպե առավոտյան և երեկոյան, և այդ կարճ ժամանակամիջոցում պետք է կարողանա խնամված և թարմ տեսք ստանալ։ Հենց այդ հայեցակարգն էլ Էսթե Լաուդերին հսկայական հաջողություն բերեց։ Մինչև կյանքի վերջը պահելով խնամված կնոջ իր անթերի կերպարը՝ Էսթե Լաուդերն իր մահկանացուն կնքեց 2004թ․-ի ապրիլի 24-ին 95 տարեկան հասակում՝ Մանհեթենի իր առանձնատանը։
Անցնելով ընտանեկան փոքրիկ բիզնեսից մինչև խոշորագույն կորպորացիա դառնալու ճանապարհը՝ այսօր Estee Lauder Companies-ն ներառում է 18 հեղինակավոր բրենդ, այդ թվում՝ Estee Lauder, Clinique, Prescriptives, Aramis, La Mer, M.A.C, Bobbi Brown, Donna Karan, Tommy Hilfiger, Bumble and Bumble, Stila, Jo Malone, Kate Spade, Darphin, Rodan & Fields և Michael Kors։
Այսօր թերևս քչերը գիտեն, որ իրենց ֆինանսական հնարավորություններն ընդգծող թանկարժեք քսուկի նախատիպը պատրաստվել է փոքրիկ մի խոհանոցում՝ ընտանեկան կերակուրների կաթսայում, սակայն իրականում դա այնքան էլ կարևոր չէ․ կարևորը վստահությունն է, որն Էսթեի շուրթերից հնչում էր այսպես․ «Աշխարհի ամենագեղեցիկ դեմքը ՔՈ դեմքն է»։