ՕՃԱՌԸ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐՖՅՈՒՄԵՐԻԱՅԻ ՆԱԽԱՄԱՅՐ

XIX դ․-ի կեսերին ռուս ազնվականությունը որոշակիորեն վայելում էր ֆրանսիական պարֆյումերիայի հաճույքները, իսկ այ հասարակ ժողովուրդն այդ ժամանակ  օճառ գրեթե չէր տեսել։ Լողանալիս նրանք օգտագործում էին մոխրաջուր, լավագույն դեպքում՝ օճառաջրի նման ինչ-որ խառնուրդ կիրառում, որի տեսքի շուրջ կատակում էին՝ «Мыло черно, да моет бело»։

DSC02314

Եվ ահա ֆրանսիացի մի պարֆյումեր որոշեց Ռուսաստանում փարիզյանին չզիջող օճառի և օծանելիքի արտադրություն սկսել։ Այդ ֆրանսիացու անունն էր Անրի (Հենրի) Բրոկար։ Բուրավետ օճառ արտադրող այդ «կազմակերպությունը» սկսեց աշխատել 1864 թ․-ի մայիսի 15-ին (այդ օրը կարելի է համարել ռուսական պարֆյումերիայի ծննդյան օր)։ Սկզբում արտադրվում էր ընդամենը 3 տեսակի օճառ՝ «Սաթե», «Մեղրով», «Մանկական», որի առանձնահատկությունն այն էր, որ օճառատեսակների վրա տպվում էր ռուսական այբուբենի տառերից որևէ մեկը։ Հայտնի է, որ շատ երեխաներ տառերը սովորում էին «Բրոկարի այբուբենով»։

Բնությունից օժտված լինելով նուրբ ճաշակով և շրջահայացությամբ՝ Բրոկարը կարողանում էր ճիշտ ընտրություն կատարել․ նրա կյանքի շրջադարձային իրադարձություններից մեկն էլ ճիշտ կնոջ հետ ամուսնանալն էր․ բազմակողմանի զարգացած Շառլոտա Ռեվեն այսօրվա չափանիշներով գովազդի և մարքեթինգի բարձրակարգ մասնագետ կարող էր համարվել, հենց նրա ընդունակությունների շնորհիվ Բրոկարի նուրբ ճաշակը կարողացավ Ռուսաստանում բացարձակ հաղթանակ տոնել։ Տիկին Բրոկարն անում էր ամեն ինչ՝ նկարում էսքիզներ, հորինում օճառների անվանումներն ու նոր տեսակները, մտածում գովազդային ինքնատիպ քայլեր։ Շառլոտան էր, ով նրբաճաշակ Բրոկարին հուշեց ստեղծել «Ժողովրդական» օճառը, որն արժեր ընդամենը 1 կոպեկ․ «Այդ մեկ կոպեկով դու կաշխատես քո մեկ միլիոնը»։ Շառլոտան իրավացի էր, հասարակ ժողովուրդը գնահատեց մեկ կոպեկանոց օճառը, որն, ի դեպ, բավականին ներկայանալի տեսք ուներ։ Իսկ այ ավելի ապահով մարդկանց համար Բրոկարն առաջարկում էր «Հունական» օճառը՝ ընկույզի յուղից ստացված։ Այն արժեր 40-50 կոպեկ և մեծ ժողովրդականություն էր վայելում հատկապես կանանց շրջանում, ովքեր գնահատում էին օճառի նուրբ բույրն ու փափկեցնող ազդեցությունը։

1328527533_russian-perfume-03

Սակայն սա դեռ ամենը չէ, տարատեսակ բանջարեղենների, մրգերի, կենդանիների տեսքով օճառների կողքով անտարբեր չէր կարող անցնել և ոչ մեկը։ Գործերն այնքան լավ գնացին, որ Շառլոտան ոգևորվեց խանութ ստեղծելու գաղափարով։

1872 թ․-ին բացվում է Բրոկարի օճառի և պարֆյումերիայի ֆիրմային խանութը։ Թերևս բացարձակ հաջողության համար արքայական գնահատականն էր պակասում․ 1873 թ․-ին Ալեքսանդր 2-րդի դուստր իշխանուհի Մարիան անսովոր ընծա է ստանում ՝ մոմե ծաղկեփունջ, որտեղ բոլոր ծաղիկները յուրովի էին բուրում, մեկ շաբաթ անց Բրոկարները դառնում են մեծ իշխանուհու արքունիքի մատակարարները։ Երկրորդ ֆիրմային խանութի բացման կապակցությամբ Շառլոտան ևս մեկ գովազդային հանճարեղ քայլ է կատարում՝ օճառ, շրթներկ, օծանելիք, օդեկոլոն, քսուկ և այլ ապրանքներ ներառող պարֆյումերային հավաքածուն առաջարկելով ֆանտաստիկ ցածր գնով՝ ընդամենը 1 ռուբլի։ Գովազդի ազդեցությունն այնքան մեծ էր, որ հաճախորդները քիչ մնաց փլատակների վերածեին խանութը։

2012-09-20152349_zps622dc153

1882 թ․-ին Մոսկվայում անցկացվում է Առաջին համառուսական գեղարվեստա-արդյունաբերական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի տաղավարի կենտրոնում զարմանալի ցայտաղբյուր է տեղադրված, որը աննկարագրելի բույր է արձակում։ Ահա թե ինչպես էր Բրոկարն իր նոր՝ «Ծաղկային» օդեկոլոնը ներկայացնում։ Ասում են՝ շատերն իրենց հետ տարաներ էին բերել՝ օծանելիքը տուն տանելու համար, իսկ ավելի համարձակներն իրենց պիջակներն էին թրջում ցայտաղբյուրի բուրավետ ջրում։ Ցուցահանդեսից հետո դեռ երկար ժամանակ Մոսկվան բուրում էր «Ծաղկային» օծանելիքով։

Բրոկարյան օճառն ու պարֆյումերիան գնահատվում էր բոլորի կողմից, անգամ՝ կայսրուհու`  Մարիա Ֆեոդորովնայի կողմից, ում պատվին էլ ստեղծվում է «Любимый букет императрицы» օծանելիքը․ կայսրուհին ստանում է իր երազած բույրը, իսկ հավակնոտ Բրոկարը՝ այնքան տենչալի տիտղոսը՝ «Նորին կայսերական մեծության արքունիքի մատակարար»։

Բրոկարի ժառանգությունը անցողիկ չէր օճառի փրփուրի կամ  մարմնին ցողված օծանելիքի բույրի նման։ Բրոկարի մահից հետո՝ 1913 թ․-ին հասարակ կանանց համար մատչելի դարձավ «Կայսրուհու սիրելի ծաղկեփունջը», որը վերանվանվելով «Красная Москва»՝ մինչ օրս փոխանցում է անցյալի արտասովոր գրավչությունը, խենթ երազանքի շունչն ու գլխապտույտ հաջողության արբեցնող բույրը։

Այսօր ռուսաստանյան հանրահայտ 3 խոշորագույն պարֆյումերային ընկերություններ  Բրոկարի անուշաբույր կայսրության ժառանգորդներն են ։

Ահա թե ինչպես մեկ կոպեկանոց օճառը դարձավ ռուսական պարֆյումերիայի նախամայր։