ՕՃԱՌԱԳՈՐԾՆ ՈՒ ՄՈՄԱԳՈՐԾԸ՝ ԿՈՍՄԵՏԻԿ ՀՍԿԱՅԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

ԱՄՆ Ցինցինատի քաղաքից հաջողակ գործարար Ալեքսանդր Նորիսը երկմտելու տեղիք ուներ․ մի կողմից ամեն ինչ այնքան էլ վատ չէր․ իր երկու դստեր՝ Օլիվիայի և էլիզաբեթի հետ ցանկանում էին ամուսնանալ արժանավայել երիտասարդներ Ուիլյամ Պրոկտերը՝ տեղի մոմի գործարանի ղեկավարն ու օճառագործ Ջեյմս Գեմբլը։ Սակայն կար խնդիր՝ երիտասարդները միմյանց պարզապես տանել չէին կարողանում․ Գեմբլը ծնունդով Իռլանդիայից էր, Պրոկտերը՝ Անգլիայից․ միայն այդ փաստն արդեն բավարար էր փոխադարձ անհանդուրժողականության համար, սակայն դրան գումարվում էր այն, որ երկուսը մրցակիցներ էին հումքի ոլորտում, քանի որ երկուսին էլ արտադրության համար կենդանական ճարպ էր հարկավոր։

Ցինցինատին տարածաշրջանի մսամթերքի վերամշակման կենտրոն էր համարվում, ուստի բարդություն չէր վերոնշյալ հումքի ձեռքբերումը, սակայն մոմագործի ու սապոնագործի միջև մրցակցությունը ճարպի մատակարարներին թույլ էր տալիս «խաղալ» գների հետ։

pg3m

Այս բարդ իրավիճակից ելք է գտնում պարոն Նորիսը, ով իրավամբ հայտնի էր որպես խելամիտ և հաջողակ անձնավորություն։

Որոշվում է՝ երկու քույրերն ամուսնանում են նույն օրը․ երկակի հարսանիքի ամենաթեժ պահին հարսների հայրը ոտքի է կանգնում և դիմելով իրար համառորեն արհամարհող փեսացուներին՝ ասում․ «Պարոնայք, Դուք այժմ մեկ ընտանիք եք և արդեն միմյանց հետ անդադար վիճելն ուղղակի անհարմար է։ Մոռացեք միջանձնային թշնամությունն ու պարզապես միավորեք Ձեր բիզնեսը, թեկուզ և հանուն Ձեր կանանց հանդեպ տածած սիրո»։

Ուիլյամն ու Ջեյմսը մտածում են և գալիս համաձայնության։ Այսպես 1837 թ․-ին ստեղծվում է «Պրոկտեր&Գեմբլ» ընկերությունը, որն ապագայում պիտի դառնար աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկը։ Գործընկերներից յուրաքանչյուրը կատարում է իր ներդրումը, որի ընդհանուր գումարը՝ 7192 դոլար և 24 ցենտ, այդ ժամանակների համար բավականին լուրջ թիվ էր, և գործն առաջ է գնում․․․

20 տարի անց ընկերությունն արդեն ուներ 1 միլիոն դոլարի շրջանառություն։

ԱՄՆ-ում բռնկված քաղաքացիական պատերազմն անգամ շահույթ է բերում գործարարներին, ովքեր հաղթում են բանակի համար մոմի և օճառի մատակարարման մրցույթում։ Պատերազմից հետո զինվորները տուն են գնում՝ իրենց հետ տանելով մնացած օճառներն ու այդ օճառները գնելու սովորությունը։

1879 թ․-ին Էդիսոնը հայտնաբերում է էլեկտրական լամպը։ Մոմեր արտադրող շատ գործարաններ փակվում են,  «Պրոկտեր&Գեմբլը» նույնպես դադարեցնում է մոմի արտադրությունը՝ կենտրոնանալով օճառագործության վրա։

Հենց այդ տարի ընկերությունում տեղի է ունենում մի իրադարձություն, որն էլ կանխորոշում է ընկերության հետագա ճանապարհը։ Բանն այն է, որ արտադրական գործընթացի խախտման արդյունքում ստեղծվում է օճառ, որը չէր սուզվում՝ մնալով ջրի մակերեսին։ Ընկերության հիմնադիրներից մեկի որդին՝ մասնագիտությամբ քիմիկոս Նորիս Գեմբլը, ըստ արժանվույն գնահատելով թույլ տրված սխալը, մշակում է նոր օճառատեսակի բանաձևը․ օճառը անվանվում է «Այվորի»(Ivory)։ Նոր օճառի գովազդի համար հորինվում է 2 բառակապակցություն, որոնք համարվում են ամենահիշվող արտահայտություններից գովազդի պատմության մեջ․ «Այն լողում է», «99,44%-ով մաքուր»։ Իսկ թե ինչու հենց 99,44 տոկոսով էր մաքուր այդ օճառը, կարելի է միայն ենթադրություններ անել․ գուցե պարզապես այդ թվերը հեշտ էր հիշելը։

օճառ

Որպեսզի ամերիկացիներն իմանան «Այվորի» օճառի մասին, ծախսվում է 11000 դոլար՝ այդ ժամանակների համար ֆանտաստիկ գումար, որը կարելի էր ծախսել գովազդի վրա։ Սակայն շուտով ընկերության մենեջերները նկատում են, որ օճառը, որը մնում կամ չի մնում ջրի մակերեսին, այլևս չի գոհացնում սպառողին։ Նորաձև են դառնում կոսմետիկ քմահաճույքները՝ նուրբ բույրեր, գույներ և այլն։ Շատ արագ արձագանքելով շուկայի պահանջներին՝ ընկերությունն արդեն 1926 թ․-ին թողարկում է «Քամեյ» օճառը, որն ամենատարբեր բույրեր ուներ։

1923 թ․-ին ընկերության առաջին գովազդը հնչում է ռադիոյով խոհարարական շոուի ընթացքում։ Իսկ 1933 թ․-ին NBC ռադիոն սկսում է հեռարձակել «Մա Պերկինս» սերիալը, որը միանգամից գրավում է տնային տնտեսուհիների սիրտը։ Հենց նույն տնային տնտեսուհիների բարեհաճությունը գրավելու նկատառումներով էլ սերիալը հովանավորում էր օճառագործի և մոմագործի ընկերությունը, որի «Օքսիդոլ» լվացքի փոշու գովազդը պարբերաբար հնչում էր եթերից։ Շուտով «Պրոկտեր&Գեմբլը» սկսում է այլ սերիալներ ևս հովանավորել, և հենց այսպես՝ մաքրող միջոցների և իրար հաջորդող սերիալային իրադարձությունների համադրմամբ էլ առաջանում է «օճառային օպերա» հասկացությունը։

1937թ․-ին ընկերությունը հանդիսավոր կերպով նշում է իր 100-ամյակը։ Այդ ժամանակ նրա վաճառքի ծավալը կազմում էր 230 մլն դոլար, 1956 թ․-ին այդ թիվը հասնում է մեկ միլիարդի։

Այսօր այդ ընկերության տեսականին հսկայական է, այն ներկայացված է աշխարհի բոլոր ծայրերում, սակայն աշխարհում թերևս քչերը գիտեն, որ այդ ամենի հիմքում սերն ու համերաշխությունն է եղել, և իհարկե օճառը․․․