ՍԿԱՆԴԱԼ VOLKSWAGEN-Ի ՇՈՒՐՋ. ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ Է ԳՈՒՄԱՐԵԼ

Volkswagen ավտոմոբիլային հսկայի տնօրենների խորհուրդն արտահերթ նիստ է գումարել՝ կապված ընկերության շուրջ ծագած սկանդալի հետ, տեղեկացնում է BBC-ն:

Ընկերության մասնագետները խոստովանել են, որ ավտոմեքենաների արտանետումների իրական չափի մասին տվյալները խեղաթյուրվել են, եւ այդ սարքը տեղադրված է առնվազն 11 մլն. մեքենաների վրա:

Volkswagen-ի նախագահ Մարտին Վինտերկորնը կորցրել է հիմնական խոշոր ներդրողների աջակցությունն ու վստահությունը: Նա արդեն հրապարակայնորեն 2 անգամ ներողամտություն է հայցել:

Ընկերության բաժնետոմսերն արդեն 20%-ոց անկում են արձանագրել, երբ շրջակա միջավայրի պահպանության ամերիկյան գործակալությունից հայտնեցին, որ Audi A3, Jetta, Beetle, Golf եւ Passat մակնիշի ավտոմեքենաների վրա սարք են հայտնաբերել, որը զտիչները գործի է դնում միայն վտանգավոր նյութերի արտանետումների չափի թեստային ստուգումների ժամանակ, այնուհետ անջատվում է:

Ամերիկյան իշխանությունները պարտադրել են Volkswagen ընկերության ղեկավարներին՝ ԱՄՆ-ից հետ կանչել շուրջ 500 հզր. ավտոմեքենա, ինչը հսկայական գումարների կորուստ է:

Յուրաքանչյուր վաճառված մեքենայի դիմաց, որը չի համապատասխանել պահանջներին, Volkswagen-ը տուգանք կվճարի մինչեւ 37.500 դոլարի չափով: 2008 թ.-ից վաճառվել է նշված մակնիշների 482 հզր. ավտոմեքենա, այնպես որ պատժամիջոցները կարող են հասնել միլիարդավոր դոլարների: Այլ երկրներում եւս հայտարարել են, որ այդ գործով իրենք նույնպես հետաքննություն կանցկացնեն:

Ավելի ուշ գերմանական եւս մեկ ավտոարտադրող՝ BMW-ն, մեխանիկական անսարքություններ հայտնաբերելուց հետո Հրվ.Կորեայում վաճառված ավելի քան  55 հզր. ավտոմեքենա է հետ կանչել:

 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան