ՍԻՆԳԱՊՈՒՐ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ․ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍ

  «Ես հավատացած էի, որ մեր մարդիկ ոչ մի դեպքում չպետք է իրենց մեջ ինչ-որ մեկի օգնությունն ակնկալելու սովորություն մշակեն։ Եթե մենք ցանկանում էինք առաջ գնալ, մենք մեր հույսը միայն մեզ վրա պիտի դնեինք»։ (Լի Կուան Յու)

Անկախության ձեռք բերման պահին (1965 թվական) փոքր և աղքատ երկիր համարվող, իսկ այսօր արդեն Հարավարևելյան Ասիայի «մարգարիտը» հանդիսացող Սինգապուրը համաշխարհային խոշորագույն նավահանգիստներից մեկն է, մեծությամբ երրորդ՝ Հյուսթոնից և Ռոտերդամից հետո նավթամշակման համաշխարհային կենտրոնն ու կիսահաղորդիչների արտադրությամբ 4-րդը՝ համաշխարհային մասշտաբով։ Սինգապուրյան «տնտեսական հրաշքը» բազմաշերտ է․ այն առնչվում է պետության ներքին ու արտաքին կյանքի բոլոր բնագավառներին։

1355995-singapur-ogrody-gardens-by-the

Ընդամենը վեց հարյուր քառակուսի կիլոմետրից քիչ ավելի տարածք ունեցող Սինգապուրի բարգավաճման հիմնաքարը նախ և առաջ գրագետ տնտեսական քաղաքականությունն է, որը ներառում է օտարերկրացիների ներդրումների խթանումը, ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, մանր ու միջին բիզնեսի նկատմամբ պետական հոգածությունը և այլն։ 30 տարվա ընթացքում երրորդ աշխարհի աղքատ երկրից աշխարհի ամենազարգած երկրների շարքին դասված Սինգապուրում բարձր է գնահատվում ինչպես 10 հոգանոց միկրոընկերությունը, այնպես էլ խոշորագույն ընկերությունները։

Շատ երկրների տնտեսագետները Սինգապուրն իդեալական վայր են համարում բիզնեսի վարման համար։ Այս երկիրն ունի ֆինանսական հրաշալի ինֆրակառուցվածք, քաղաքական և իրավական կայուն համակարգ։ Պատահական չէ, որ այստեղ են գտնվում աշխարհի առաջատար ընկերությունների ավելի քան երեք ու կես հազար մասնաճյուղեր և ավելի քան 120 միջազգային ընկերություններ այստեղ ներկայացուցչություններ ունեն։

Սինգապուրյան տնտեսության հիմնասյունը տարատեսակ ծառայություններն են (տրանսպորտային, բեռնավորման-բեռնաթափման, հաղորդակցության, ապրանքների մշակման, տուրիստական և այլն): Ծառայությունների ոլորտում զբաղված է բնակչության մոտ 70% -ը։ Բնակիչներից շատերն այս կամ այն կերպ ներգրավված են ձեռնարկատիրական գործունեության մեջ։

1400748458_34

Մեդիակոնգլոմերատ CNN Time Warner Group-ը հետազոտությունների արդյունքներ է հրապարակել, որոնց համաձայն՝ Սինգապուրն աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ փոքր բիզնեսի հանդեպ ցուցաբերած բարյացակամ վերաբերմունքով (Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Ավստրալիայից հետո)։ Որպես կանոն՝ նմանատիպ հետազոտություններ անցկացնելիս հաշվի են առնվում այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ բիզնես սկսելու համար անհրաժեշտ ժամանակը, գործունեության պայմանները, հարկային քաղաքականությունը կանոնակարգող օրենքները և այլն։

Սինգապուրում փոքր ու միջին ձեռնարկությունները միավորված են մեկ ընդհանուր խմբում։ Դրանց համար գլխավոր չափանիշ է ներգրավված անձանց քանակը, որը չպետք է գերազանցի 200 հոգին։

Սինգապուրում հաշվվում է մոտ 130 000 մանր ու միջին ձեռնարկություն, և սա՝ վեց հարյուր քառակուսի կիլոմետրից քիչ ավելի տարածքով եւ մոտ հինգ միլիոն բնակչությամբ երկրում։ Դա երկրի ողջ ձեռնարկությունների 92%-ն է։ Պետությունը ջանքեր չի խնայում մանր ու միջին բիզնեսը համաշխարհային մասշտաբով մրցունակ դարձնելու համար, քանի որ այս երկրում հավատացած են՝ անմրցունակ գործարարն անմրցունակ է դարձնում ողջ պետությունը։

Մանր ու միջին բիզնեսը խթանելու համար Սինգապուրում գործում է Spring գործակալությունը։ Այն ավելի քան 100 տարատեսակ ծրագրեր է իրականացնում գործարարներին աջակցելու համար։ Spring գործակալությունը կազմված է 5մասնաճյուղերից։ Առաջինը զբաղվում է մանր ու միջին ձեռնարկությունների գործարար պոտենցիալի զարգացմամբ, այդ թվում՝ բրենդինգով և կառավարման համակարգի կատարելագործմամբ։

Երկրորդը զբաղվում է գործարարներին իրենց գործունեության համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրմամբ։ Դրանք են՝ խորհրդատվական, հաշվապահական, մոնիթորինգային և այլ նմանատիպ ծառայություններ։

33d7b42s-960

Երրորդ մասնաբաժնի աշխատակիցներն օգնում են կազմակերպության ղեկավարներին՝ կախված ոլորտի առանձնահատկություններից։ Գործակալության 4-րդ մասնաճյուղը կենտրոնացված է որակի և ստանդարտացման խնդիրների վրա։ 5-րդ բաժինը զբաղվում է կազմակերպությունների կառուցվածքի կատարելագործմամբ և պատրաստմամբ։

Հատուկ արտոնություններ են տրամադրվում իրենց բիզնեսը նոր սկսող գործարարներին։ Սինգապուրում մշակված և կյանքի են կոչված արտոնյալ վարկավորման 10-յակ ծրագրեր, արտոնյալ վարկավորման հատուկ ծրագիր է մշակված միկրոընկերությունների համար, որոնց անձնակազմը չի գերազանցում 10 անձը։

Սինգապուրի պետական կառույցները նշանակալիորեն օգնում են մանր ու միջին ձեռնարկություններին կադրերի պատրաստման և ընտրության հարցում։ Հենց պետությունն էլ հոգում է կադրերի վերապատրաստման և կրթության ծախսերի 90%-ը։ Այստեղ շատ լավ են հասկանում կադրերի նշանակությունն ու արժեքը։

Պատահական չէ, որ Սինգապուրն իսկական դրախտավայր է համարվում սովորական և նորարարական բիզնեսի համար։