ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ

Նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատած՝ 2015 թ․-ի առաջին կիսամյակի տվյալներով Ռուսաստանում կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի վաճառքն անկում է ապրել 26,2%-ով, փոխանցում են GfK հետազոտական ընկերության տվյալները։

Դրամական արտահայտությամբ վաճառքը կրճատվել է 15,3%-ով։ Դրա հետ մեկտեղ այդ ապրանքների գնաճը միջինը կազմում է 38%, փոխանցում է Ինտերֆաքսը։

GfK Group-ը գերմանական հետազոտական ընկերություն է՝ աշխարհում խոշորագույններից մեկը, որն իրականացնում է սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների բոլոր տեսակները, ինչպես նաև անցկացնում հետազոտական ծրագրեր սեփական նախաձեռնությամբ։

«Վերականգնման հույսերը (կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի շուկայի) հետաձգվում են ռուբլու արժեզրկման պատճառով, ինչը, ամենայն հավանականությամբ, կշարունակի խթանել գնաճն ու կանդրադառնա պահանջարկի վրա՝ նվազեցնելով այն, դա բազմաթիվ անորոշություններ  կհարուցի 2016 թ․-ի հետ կապված»,- հայտարարել է GfK-ի թվային տեխնիկայի հետազոտությունների գծով ղեկավար Միխայիլ Կուլակովը։

Նշենք, որ նախորդ շաբաթ Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը կանխատեսել էր երկրի բնակչության իրական եկամուտների  նվազում 4-5%-ով։