ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՏԱԿՎՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ Է ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Bank of America Corp.-ը ռուսաստանյան տնտեսության վերականգնման թույլ նախանշաններ է նկատում։

Կապիտալի ներդրումների անկման ինտենսիվությունը նվազում է, միաժամանակ նկատվում է կորպորատիվ շահույթի աճ․ համադրություն, որը, Մոսկվայում բանկի գլխավոր տնտեսագետ Վլադիմիր Օսակովսկու խոսքով, կարող է շրջադարձային պահ դառնալ։

«Տարվա սկզբից մինչ այս պահը Ռուսաստանում կորպորացիաների եկամուտները բավականին բարձր են, և մենք կորպորատիվ շահույթի արագ աճը դիտարկում ենք որպես մոտ ապագայում կայունացման և վերականգնման հիմնական խթան։ Հնարավոր է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն արդեն տարվա վերջում կբարելավվեն (նախորդ տարվա համեմատությամբ), բայց ակնհայտ է, որ մենք դեռ պետք է սպասենք, մինչև կորպորատիվ եկամուտների աճն անդրադառնա ներդրումների վրա»,- հայտնել է բանկի գլխավոր տնտեսագետը։

Պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով՝
2015 թ․-ի առաջին կեսին կորպորացիաների եկամուտն աճել է 43%-ով՝ նախորդ տարվա հետ համեմատած և հունվարից մինչև հուլիս ավելացել 38%-ով՝ անգամ չնայած նավթի գնանկումներին։ Դա նշանակում է, որ շուտով ընկերությունները կկարողանան կապիտալն օգտագործել իրենց գործունեությունն ընդլայնելու նպատակներով, ասել է Օսակովսկին։

Ներդրումները Ռուսաստանի տնտեսության խթանման միակ տարբերակն են՝ այս ամիս հայտնել էր ֆինանսների փոխնախարար Մաքսիմ Օրեշկինը։
Օսակովսկու խոսքով՝ քանի դեռ երկրի արտահանման կարևորագույն ապրանք հանդիսացող նավթի գինն անկայուն է, Ամերիկայի բանկը ռուսաստանյան շուկայում կշարունակի չեզոք դիրք պահպանել։ Մոտ ապագայում ռուսաստանյան ակցիաների գնումները ռիսկային են, սակայն զարգացող այլ շուկաների ակցիաների հետ համեմատ՝ դրանց ցածր արժեքը Ռուսաստանը հետաքրքիր է դարձնում ներդրումների համար, ասել է նա։
Bloomberg-ի տվյալներով՝ ռուսաստանյան ММВБ ֆոնդային ինդեքսը վաճառվում է կանխատեսվող մուտքերից 5,2 անգամ ավելի բարձր արժեքով և ամենաէժանն է մրցակից զարգացող շուկաների շրջանում ։ Դոլարով հաշվարկվող РТС ինդեքսը, որը հիմնականում կապված է նավթի գների հետ, մոտակա 12 ամիսներին կարող է հասնել մինչև 930 կետի՝ ուրբաթ օրվա առևտրաշրջանի փակումից հետո ավելանալով 18 տոկոսով, հայտնել է BCS Financial Group-ը։

Ներդրողներն, ովքեր այս տարվա սկզբին Ռուսաստան էին վերադարձել 2014 թ․-ի համաշխարհային ֆոնդային շուկաների գլոբալ «հանգստից» հետո, մայիսին կրկին սկսեցին ընկրկել, երբ ռուբլը վերսկսեց անկում ապրել, իսկ նավթի գինը գրեթե կիսով չափ կրճատվեց (վերջին 5 տարիների միջին արժեքի համեմատությամբ):

Մոսկվայում «Ալֆա Կապիտալի» վերլուծաբան Անդրեյ Շենկը կարծում է, որ հումքի գների բեկումն ու տնտեսական անկման ավարտի նախանշաններն արդեն իսկ կարող են բավարար լինել ներդրողներին կրկին հետաքրքրելու համար։

«Հաշվի առնելով ետաճն ու նավթի սրընթաց գնանկումները՝ Ռուսաստանը ներդրումների համար վարդագույն վայր չէ, սակայն շուկան մատչելի է, և գնահատականները կարող են գրավիչ լինել,- ասել է Շենկը։- Երբ նավթի արժեքը սկսի աճել, իսկ տնտեսության վիճակը բարելավվի, Ռուսաստանը ներդրողների կողմից բավականին շահութաբեր կդիտարկվի»։

Լոնդոնում Barclays Plc-ի տնտեսագետ Դանիել Հյուիթն, ով 2015 թ․-ին ռուսաստանյան տնտեսության 4 տոկոսանոց նվազում էր կանխատեսել, որին 2016-ին պետք է հաջորդեր 0,7 տոկոսով անկումը, չի կարծում, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։
«Երկրորդ եռամսյակում տնտեսությունը կրճատվել է մոտ 5 տոկոսով, և հավանական է ավելի վատ այլևս չի կարող լինել, սակայն կարևոր է այն, որ դեպի լավը փոփոխություններ նույնպես դեռևս չեն նկատվում,- ասել է Հյուիթը։- Թվում է՝ վատ ժամանակներն այստեղ որոշել են հաստատվել երկարատև կերպով»։

Նյու Յորքում նախորդ շաբաթ ԱՄՆ-ում Ռուսաստանի ակցիաներին հետևող Bloomberg-ի ֆոնդային ինդեքսը նվազել է 4,2%-ով։  Market Vectors Russia ETF ակցիաների արժեքը նահանջել է 2,7%-ով՝ մինչև 15,64 դոլար։ Ռուբլին 1,7 %-ով իր դիրքերն է ամրապնդել դոլարի նկատմամբ՝ ներկայացնելով աճի միակ ցուցանիշը Bloomberg-ի կողմից դիտարկվող 24 երկրի զարգացող շուկաների շրջանում։

Bloomberg

Թարգմ․՝ Մարինե Ալեքսանյան