ՌԴ ԱՌԵՎՏՐԻ ԽՈՇՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է 10-20%-ՈՎ

Սպառողական ակտիվության անկումը եւ շահագործվող տարածքների թվի աճը զգալիորեն կրճատել են ՌԴ խոշոր առեւտրի կենտրոնների հաճախորդների թիվը: 2014 թվականի օգոստոսից դրանք կորցրել են գնորդների մինչեւ 16%-ին, եւ վերջին երկու տարիների ընթացքում՝ ռեկորդային 28%-ին, գրում է kommersant.ru-ն:

Առեւտրով զբաղվողները հուսով էին, որ իրավիճակը կփոխվի օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, երբ պահանջարկն ավանդաբար մեծանում է ուսումնական տարվա մեկնարկից առաջ: «Այնպիսի ցանցերը, ինչպիսիք են, օրինակ, «Մանկական աշխարհը», Gloria Jeans-ը եւ H&M-ը, հույս ունենալով գրավել ավելի շատ գնորդների, զգալի միջոցներ են ուղղել մարքեթինգի վրա, սակայն դա չի օգնել բարձրացնել շարժն առեւտրի կենտրոններում»,- նշում է Watcom-ի նախագահ Ռոման Սկորոխոդովը:

Shopping Index-ի ընդհանուր անկումը երկու տարիների ընթացքում կազմել է 28%: «Շուկայի համար սա շատ զգալի է, անկումը կարող է դեռ շարունակվել, բայց որոշ իմաստով մենք հասել ենք հատակին»,- բացատրում է Սկորոխոդովը:

Խորհրդատուների բացասական հաշվարկների հետ համաձայն են շուկայի մասնակիցները: BlackStone Keeping Company-ի տնօրեն Օլգա Շտոդայի խոսքերով՝ առեւտրի խոշոր կենտրոններում հաճախորդների թիվը նվազել է 10-20%-ով:

Ռուսաստանցիների սպառողական ակտիվության անկումը նկատելի ազդեցություն ունեցավ մանրածախ առեւտրով զբաղվողների եկամուտների վրա:  «Վաճառքի անկումը, ըստ էության, նկատվում է ապրանքային բոլոր խմբերով, առավել տուժում են հագուստի, կոշիկի, կահույքի, մարզական եւ կենցաղային ապրանքների խանութները»,- նշում է Շտոդան: Անկումն ազդել է նաեւ մթերային խանութների, դեղատների եւ արագ սննդի ցանցերի վրա:

Անշարժ գույքի շուկայում ճգնաժամը սկսվել է 2014 թվականի աշնանը: Այդ ժամանակ ռուբլու կտրուկ արժեզրկման ֆոնի վրա գրասենյակների սեփականատերերը համաձայնեցին ամրագրել փոխարժեքն ազգային արժույթով: Սկորոխոդովի պնդմամբ՝ իր դերը խաղաց նոր խոշոր առեւտրի կենտրոնների մուտքը: JLL-ի տվյալներով՝ առաջին կիսամյակում Մոսկվայում ի հայտ են եկել 342 հազար քառ. մետր առեւտրային նոր տարածքներ, սա 41%-ով ավելին է, քան մեկ տարի առաջ:

kommersant.ru

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան