ՈՐՔԱ՞Ն ԵՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՎՐԱ ԾԱԽՍՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Երբ մոլեգնում է երաշտը, որի պատճառով սննդամթերքի գները կտրուկ աճում են, շատ ամերիկացիներ երբեմն չեն էլ նկատում այդ փոփոխությունները։ Քանի որ միջին վիճակագրական ամերիկացին տանը սնվելու համար ծախսում է իր բյուջեի ընդամենը 6,5%-ը։ Եթե հաշվի առնենք նաև դրսում կերակրվելու հանգամանքը, ապա սննդամթերքի վրա ծախսված գումարը կկազմի ընդհանուր բյուջեի 11%-ը։
Իսկ այ Պակիստանում միջին վիճակագրական քաղաքացին տան համար գնված սննդամթերքի վրա ծախսում է իր բյուջեի 41,4%-ը։ Այս դեպքում գնային փոփոխություններն արդեն բավականին շոշափելի են դառնում։
ԱՄՆ գյուղնախարարության տնտեսական հետազոտությունների ծառայությունն իրականացնում է սննդամթերքի, ոգելից խմիչքների, ծխախոտի վրա կատարված ծախսերի հաշվարկ ողջ աշխարհով մեկ։
Ծառայության տվյալներով՝ ամերիկացիները շատ ավելի քիչ են ծախսում՝ այլ երկրների բնակիչների հետ համեմատած, առավել քիչ, քան Կանադայի, Եվրոպայի կամ Ավստրալիայի բնակիչները։
2014 թ․-ի տվյալներով՝ տան համար գնված սննդամթերքի վրա ԱՄՆ-ի միջին վիճակագրական քաղաքացին ծախսում է ընդհանուր բյուջեի 6․5 տոկոսը, Մեծ Բրիտանիայի բնակիչը՝ 8․7 տոկոսը, միջին վիճակագրական ֆրանսիացին սննդամթերքի վրա ծախսում է 13․6 տոկոսը, Թուրքիայում այդ ցուցանիշը կազմում է 21․6 տոկոս, Չինաստանում՝ 25․5, Ռուսաստանում՝ 29․4, Նիգերիայում՝ 56․6 տոկոս։
Սակայն դա սոսկ տոկոսային հարաբերակցություն է։ Կարևոր է հաշվի առնել այն, որ գումարային արտահայտությամբ ամերիկացիներն (տարեկան $2 390) ավելի շատ են ծախսում, քան Նիգերիայի($1 343) կամ Ռուսաստանի ($1 935) բնակիչները։
Տնտեսական հետազոտության ծառայության առանցքային եզրահանգումներն են․
1) Առավել հարուստ երկրներն իրենց եկամուտների ավելի քիչ մասն են ծախսում սննդամթերքի վրա։
Եվ դա տրամաբանական է․ առավել հարուստ երկրներում մարդիկ ավելի շատ գումար են ծախսում առողջապահության, ժամանցի, ալկոհոլի վրա։
Օրինակ Հարավային Կորեայում 1975 թ. քաղաքացիները ծախսում էին իրենց եկամուտների մեկ երրորդը։ Այժմ նրանք ծախսում են ընդամենը 13%։
Այսպիսով, տոկոսային այդ հարաբերակցությունը փոփոխվում է ժամանակի ընթացքում։ Մասամբ դա կախված է նրանից, թե ինչ տիպի սննդամթերք են նախընտրում երկրի բնակիչները, ինչպիսի սովորություններ ունեն, սիրում են արդյոք սնվել դրսում և այլ առանձնահատկություններ։
Նկատենք, որ Հնդկաստանում երկրի բնակիչներն իրենց բյուջեից տանն օգտագործվող սննդամթերքների վրա ավելի քիչ մասնաբաժին են հատկացնում, քան Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր ընդհանուր առմամբ ավելի հարուստ են։ Նույնը կարելի է ասել Հարավային Կորեայի դեպքում, որի բնակիչներն իրենց բյուջեի ավելի քիչ մասնաբաժինն են ծախսում տան համար գնվող սննդամթերքի վրա, քան ավելի հարուստ ճապոնացիները։
2) Ամերիկացիները տանն օգտագործվող սննդամթերքի համար ավելի քիչ են ծախսում, քան եվրոպացիները։
ԱՄՆ-ում միջին տնային տնտեսությունը սննդամթերքի վրա տարեկան $2 390 է ծախսում, գերմանական միջին տնային տնտեսությունը՝ տարեկան $2 646։ Ֆրանսիական միջին վիճակագրական տնտեսությունը՝ $3 241, իսկ Նորվեգիայում այդ գումարը կազմում է տարեկան $4 454։
Սակայն Տնտեսական հետազոտությունների ծառայությունն այդ տարբերությունները չի մեկնաբանում։ Հնարավոր է դրանք կապված լինեն Եվրոպայի հարկային համակարգի, ինչպես նաև դրսում սնվելու սովորության հետ։
ԱՄՆ-ում կան բազմաթիվ մեխանիզմներ, որոնց շնորհիվ սննդամթերքն ավելի մատչելի է դառնում՝ ֆերմերների սուբսիդավորումից մինչև գյուղատնտեսական նորարարություններ, որոնց շնորհիվ սննդամթերքի գները նվազում են։
Այսպես, վերջին տարիների ընթացքում մսի, թռչնամսի, քաղցրեղենի ու կարագի գինը նվազել է, չնայած որ աճել է թարմ մթերքների արժեքը։
3) Սննդամթերքի վրա ծախսերի բարձր տոկոսն ու թերսնումը ձեռք ձեռքի տված են ընթանում։
Կա ևս մեկ կարևոր գործոն, որի մասին արժե հիշատակել․ առավել աղքատ երկրները, որոնք ստիպված են ծախսերի մեծ մասը հատկացնել սննդամթերքին, միաժամանակ ունեն բնակչության թերսնման բարձր ցուցանիշ։
Թարգմ․՝ Մարինե Ալեքսանյան
http://www.vestifinance.ru