ՈՍԿՈՒ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃԵԼ Է 8%-ՈՎ. THE WALL STREET JOURNAL

Ոսկու միջազգային պահանջարկն ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում աճել է 8%-ով, քանի որ համեմատաբար «մանր գնորդները» սկսել են ակտիվորեն ձեռք բերել էժանացած ազնիվ մետաղը, հաղորդում է The Wall Street Journal-ը:

2015թ.-ի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում վաճառվել է 1.120.9 տոննա ոսկի, իսկ 2014-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 1.041.9 տոննա:

Այս շուկայում զգալի ազդեցություն ունեն նաեւ ֆինանսական շահարկումներն ու կանխատեսումները:

Հուլիս-օգոստոս ամիսներին ոսկու գինն ամենացածրն էր վերջին 5 ու կես տարիների ընթացքում:

Ընդհանուր առմամբ, ոսկե ձուլակտորների եւ մետաղադրամների պահանջարկն աճել է 33%-ով՝ մինչեւ 295.7 տոննա, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պահանջարկը եղել է 222.2 տոննա:

ԱՄՆ-ում ոսկու ձուլակտորների եւ մետաղադրամների պահանջարկը թռիչքային աճ է արձանագրել՝ 207%-ով, Չինաստանում ՝ 70%-ով, իսկ Հնդկաստանում այդ թիվը կազմել է 6%:

Ասիական այդ երկու երկրներին բաժին է հասնում ոսկու միջազգային պահանջարկի կեսը՝ շուրջ 50%-ը:
Վերլուծաբանները պնդում են, որ Ասիայի գնորդները զբաղված են «ցածր գների որսով» եւ շուկա են մուտք գործում այն ժամանակ, երբ  թանկարժեք մետաղների գները զգալիորեն նվազում են:

Իսկ ոսկու առաջարկն ամբողջ աշխարհում տարվա կտրվածքով ավելացել է 1%-ով: Տարեկան կանխատեսմամբ, ոսկու պահանջարկը կմնա գրեթե անփոփոխ՝ 4.200-4.300 տոննա, որից 900- 1.000 տոննան Չինաստանի մասով,  850-950 տոննան՝ Հնդկաստանի:

 Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան