ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ ԳՆԵԼ

Ներդրողները սպասում են, որ Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները կարող են մեղմվել G20-ի գագաթաժողովից հետո Մոսկվայի եւ Արեւմուտքի հարաբերությունների ջերմացման հետեւանքով, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Արեւմուտքի հետ հարաբերությունների կարգավորման նախանշանները ներդրողներին խրախուսում են գնել ռուսաստանյան ակտիվներ, գրում է  Bloomberg-ը:

Ստոկհոլմում գտնվող Swedbank Robur-ը ներդրումներ է կատարել ռուսաստանյան պետական ընկերություններում, իսկ Հաագայի NN Investment Partners-ը հայտնել է, որ վերանայելու է իր գնահատականը ռուսաստանյան ակտիվների նկատմամբ G20-ի գագաթաժողովից հետո, ինչի արդյունքում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն կարող են միավորել իրենց ուժերն ահաբեկչության դեմ պայքարում:

Այդ ամենի շնորհիվ ՌԴ ֆոնդային շուկայի աճն ամենանշանակալին է աշխարհում, քանի որ ներդրողները հույս ունեն, որ արեւմտյան երկրները կարող են մեղմել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Քաղաքական ռիսկերը, որոնք ներառված են եղել ռուսաստանյան ակտիվների արժեքի մեջ, նվազում են: Օտարերկրացի ներդրողները, ովքեր ՌԴ բաժնետոմսերը գնահատել են շուկայականից ցածր, հիմա հապշտապ գնումներ են կատարում:

«Ռուսաստանյան ակտիվների ներդրումների վերադարձի գաղափարին ես լավ եմ վերաբերվում»,- նշել է NN Investment Partners-ի զարգացող շուկաների վերլուծաբան Մարթեն-Յան Բաքումը: -Աճում է հավանականությունը, որ Արեւմուտքի հետ Պուտինի հարաբերությունները կկարգավորվեն պրագմատիկ պատճառներով, եւ մենք դրա արտացոլումը կտեսնենք ռուսաստանյան ակտիվների արժեքի վրա»:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է փոխել նաեւ ներդրողների տրամադրությունը, ովքեր մինչեւ հիմա ռուսաստանյան ակտիվներում ներառում են այն ռիսկերը, որ Ուկրաինայի արեւելքում հակամարտությունը կարող է կրկին թեժանալ եւ հանգեցնել պատժամիջոցների երկարաձգմանը:

 

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան