ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ԲԻԶՆԵՍ ՇԱՀԵՐ
Արժույթի միջազգային հիմնադրամը որոշեց բարձրացնել ՀՀ տնտեսական աճի մասին իր կանխատեսումների սանդղակը: Այսպես, ԱՄՀ-ի տարեսկզբի կանխատեսումներով Հայաստանում տնտեսական աճը զրոյական մակարդակի վրա էր լինելու, մինչդեռ երեկ ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը հայտարարել է, որ Հայաստանը 2015թ.-ին ավելի քան 2.5 տոկոս տնտեսական աճ կարձանագրի, ավելին, 2.2 տոկոս աճ էլ կանխատեսել են հաջորդ տարվա համար:
Նաեւ հայտարարեցին, որ ԱՄՀ-ի կողմից արժանահավատ է համարվում ՀՀ կառավարության 2015-ի առաջին եռամսյակում տնտեսական աճի մասին 4 տոկոսանոց ցուցանիշը: ԱՄՀ երեւանյան գրասենյակի ղեկավարը բացատրեց ճիշտ ՀՀ կառավարության ոճով՝ այդ աճն արձանագրվել է գյուղատնտեսության շնորհիվ՝ գումարած ծառայությունների ոլորտում արձանագրված աճը: Հատկանշական է, որ Մարկ Հորթոնն առանձնացրեց խաղատների ոլորտը: Նա ընդգծեց, որ խաղատները հարկվում են հաստատագրված վճարով, եւ որ տնտեսական աճն ապահովվել է խաղատների շնորհիվ:
Ինչո՞ւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը որոշեց փոխել իր նախնական կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի մասին՝ 0-ից այն հասցնելով 2.5 տոկոսի:
Տնտեսագետ Արզուման Հակոբյանն, անդրադառնալով ԱՄՀ-ի վերջին անակնկալ գնահատականներին, ասաց. «Ես չգիտեմ՝ Արժույթի միջազգային հիմնադրամն ինչն է հիմք ընդունում, որ փոխում է իր կանխատեսումները, որ ոլորտը կարող է զարգանալ Հայաստանում: Ես, ճիշտն ասած, չեմ կիսում Արժույթի միջազգային հիմնադրամի այդ օպտիմիզմը, որը կարող է պայմանավորված լինել կազինոներից ստացած եկամտով: Ուրիշ իրական ոլորտի տնտեսական աճի հետեւանք ես չեմ տեսնում»:
Արզուման Հակոբյանն ասաց, որ ինքը որեւէ դրական բան կանխատեսել չի կարող թույլ տալ իրեն, եւ որ ըստ իր կանխատեսումների՝ ՀՀ-ն 2015 թ.-ը կփակի լավագույն դեպքում զրոյական ցուցանիշով:
«Շատ կուզենայի ես էլ օպտիմիզմ ունենալ այդ հարցում, բայց, ցավոք, չունեմ»,- ասաց տնտեսագետը:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը շարունակում է վստահ լինել, որ իր՝ տարեսկզբին արված կանխատեսումներն են իրական: Լավագույն դեպքում Հայաստանը 2015 թ.-ը կփակի 0-1 տոկոսանոց աճով եւ ոչ մի սանդղակ ավելի: Ըստ նրա՝ չնչին այդ աճն էլ կապահովի Թեղուտը:
Իսկ այն, որ ծիրանն այս տարի ավելի շատ է վաճառվել, բերքն ավելի լավ է եղել, ու աճ կունենանք, սա աբսուրդ է համարում տնտեսագետը:
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունը որոշեց, որ Հայաստանն աճով կփակի այս տարին, Արտակ Մանուկյանն ունի հետեւյալ բացատրությունը. «Միջազգային կազմակերպությունների հիմնական մասն արդեն իսկ բավականաչափ վարկաբեկել է իրեն, եւ այդ հայտարարությունը պայմանավորված է հետեւյալ քաղաքականությամբ. Արժույթի միջազգային հիմնադրամը հիմնականում մեր նման երկրներում պետք է փորձի խորհրդատվություն անել, տնտեսությունը զարգացնել: Իրենք շահագրգռված են ներկայացնելու ավելին, քան իրականությունը կա»:
Եթե ստացվի, որ ԱՄՀ-ից ասում են, որ աճ չի գրանցի Հայաստանի տնտեսությունը, սա, ըստ տնտեսագետի, նախ նշանակում է, որ կազմակերպությունը գործ չի արել Հայաստանում, եւ հետո կվտանգեն նաեւ ՀՀ իշխանությունների հետ «գործընկերային» հարաբերությունները, որից, ըստ տնտեսագետի, շահում են թե իշխանությունները, թե այդ կազմակերպությունները:
«Նման կարգի մոտեցումները ռեւերանսներ են, որ քաղաքական, տնտեսական լծակներն ավելի մեծացնեն մեր իշխանությունների նկատմամբ: Վերջիվերջո նրանց դա ձեռնտու է, որովհետեւ որքան պատկերն ավելի բարվոք ներկայացվի, այնքան հետագա վարկեր տալու հնարավորությունն ավելի մեծ կլինի: Իրենց համար ձեռնտու կլինի այն, որ իրենց ծրագրերը կփորձեն հրամցնել ՀՀ կառավարությանը»:
Ֆինանսական վարկատու այդ կազմակերպություններն, ըստ Արտակ Մանուկյանի, իրենց ծրագրերի արդյունավետության մասին խոսելիս մշտապես մատնանշում են երկու երկիր, որտեղ իբրեւ թե հաջողություն են գրանցել: Այդ երկրներն են Չիլին ու Հայաստանը: Ուրիշ երրորդ երկիր չկա, որն իրենք որպես հաջողություն կարող են ներկայացնել:
«Իրենք դա օգտագործում են, ասում են՝ տեսեք, Հայաստանում մեր ծրագրերն ինչ լավ արդյունք են տալիս, ինչը, եթե անկեղծ ասենք, սկզբնական փուլում տեսանելի էր, բայց հետո ոչ»:
Ըստ տնտեսագետի՝ սա ձեռնտու է այն տեսակետից, որ շարունակում են ծրագրեր իրականացնել, վարկեր տրամադրել Հայաստանին, ինչից շահում են մեծ մասամբ ՀՀ իշխանություններն ու հենց այդ կազմակերպությունները:
«Տարբեր կարգի վերլուծություններ կան, որ այդ վարկերի արդյունավետ տոկոսադրույքը նույնը չէ, որ ներկայացվում է: Օրինակ ՀԲ-ն երբ արտոնյալ վարկ է տալիս Հայաստանին 30 տոկոսով, իրականում դա 7 տոկոս է: Իրենք ներսում ունեն խորհրդատուներ, որոնց ներգրավումը տվյալ ծրագրերում իրականացվում է այդ գումարների հաշվին: Կամ դրամաշնորհներ, որոնք տրամադրվում են մեր երկրին, դրանցից մեծ բաժին տրամադրվում են այդ միջազգային խորհրդատվությունների համար»:
Մեր այն նկատառմանը, թե փաստորեն աշխատում են ատկատով եւ այդ իսկ պատճառով փորձում են պահել գործընկերային հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ, Արտակ Մանուկյանն արձագանքեց. «Ատկատ որպես այդպիսին կդժվարանամ հստակորեն բնորոշել, բայց իրականում այսպես է արտահայտվում, որ իրենք իրենց գործազուրկներին աշխատատեղեր են գտնում այլ երկրներում եւ ֆինանսավորում հենց վարկային միջոցներից կամ դրամաշնորհներից: Այդ առումով եթե ընդհանուր թնջուկը նայենք, իրենք ավելի շատ հետապնդում են բիզնես շահեր»:
Քրիստինա Մկրտչյան