«ՉԱՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է Գյումրիում 1999թ.-ին եւ վերանվանվել է «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊԸ-ի 2013թ.-ի մարտին:
Սեփականատերը հանդիսանում է Վահան Խաչատրյանը (հանրությանը հայտնի է նաեւ որպես ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր), ով 2002թ.-ին ձեռք է բերել նախկին «Արմլեգպրոմսիրյո» ձեռնարկության Գյումրու մասնաճյուղի վթարային մասնաշենքը, ծավալուն շինաշխատանքներ տարել՝ վերականգնելով եւ վերագործարկելով արդյունաբերական համալիրը:
Շինաշխատանքներին զուգահեռ ընկերության տարբեր բաժինների մասնագիտական խմբերը զբաղվել են գիտական, լաբորատոր փորձարկումներով, մշակումներով, մասնագետների ընտրություն է կատարվել, աշխատանքներ են տարվել սպառողական խմբերի եւ գործընկեր կազմակերպությունների հետ:
Ընկերության մասնագետների առաջ ի սկզբանե խնդիր է եղել դրված՝ կիրառելով արդիական տեխնոլոգիաներ, մշակել օճառի բարձրակարգ նմուշներ, որոնք պատրաստված են բացառապես բնական հումքով եւ նախատեսված են ժամանակակից բծախնդիր սպառողի համար, միեւնույն ժամանակ, տեսականու գնային առաջարկը պետք համապատասխանեցվեր եւ համարժեք լիներ հայաստանյան սպառողի պահանջներին ու հնարավորություններին:
2010թ.-ի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայից ներկրվել է օճառի արտադրության ժամանակակից տեխնիկասարքավորումների առաջին խմբաքանակը: 2011թ.-ին արտադրվել է «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊԸ-ի «Նոյեմի» ապրանքանիշի օճառի առաջին 4 տեսականին.
Ներկայումս «Նոյեմի» ապրանքանիշը շուկայում ներկայանում է 90գ.-ոց, 80գ.-ոց եւ 60գ.-ոց կոսմետիկ օճառի, նաեւ 200գ.-ոց ու 150գ.-ոց տնտեսական օճառի տեսականիով:
Ընկերության մասնագիտական խմբերը՝ հաշվի առնելով սպառողների կարծիքներն ու առաջարկները, անհատական մոտեցում են ցուցաբերել եւ նոր մշակումներ են իրականացրել՝ առաջիկայում «Նոյեմի» ապրանքանիշի նոր հավաքածուներ ստեղծելու նպատակով: Սկզբնական շրջանում օճառի բաղադրության մեջ օգտագործվում էր նաեւ բարձրորակ կենդանական սննդային ճարպ, սակայն՝ հաշվի առնելով մեր սպառողների արձագանքները, հետագայում այն փոխարինվեց արմավենու եւ կոկոսի բնական բուսական յուղերի հատուկ համադրությունով: «Նոյեմի» ապրանքանիշի բոլոր տեսակների մեջ օգտագործվում են բացառապես բնական բաղադրիչներ եւ հավելումներ՝ մեղր, կաթ, ձիթայուղ եւ այլն:
«ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ընկերության մասնագետները հատուկ ուշադրություն են դարձնում նաեւ միկրոմարքեթինգային ծրագրերին`առանձին անհատների ճաշակին եւ տեղի սպառողի կարիքներին համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով: Առանձնակի ուշադրություն է դարձվում սպառողների հետ կապին ու շփումներին, ինչը ընկերության մասնագիտական խմբերին նոր գաղափարների եւ նախաձեռնությունների իրագործման, իսկ ընկերությանը՝ առաջընթացի հնարավորություն է ընձեռում: Մշտապես գործում է «Նոյեմի» ապրանքանիշի տեսականու որակի վերահսկման ծառայությունը:
Ընկերության թիրախային նպատակը հայրենական ապրանքանիշի զարգացումն է, որակի եւ գնի այլընտրանքի առաջարկը հայաստանցի սպառողին՝ հաշվի առնելով նրա վճարունակությունը, նաեւ նոր շուկաների նվաճումը եւ օտարերկրյա բրենդների մասնակի դուրս մղումը հայաստանյան շուկայից: Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում թուրքական արտադրանքի հետ մրցակցությանը: