ՀՆԴԿԱՍՏԱՆ՝ ԱՆՈՒՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ

Հնդկաստանն առանց անուշահոտությունների դժվար է պատկերացնել․ այստեղ բույրերն ամենուր են՝ ոչ միայն տաճարներում, այլ նաև հարսանիքների և  ընտանեկան ցանկացած միջոցառման ժամանակ։ Վարդի, մշկընկույզի, դարչինի, hիլի ու մեխակի բուրավետ առկայությունը պարտադիր է հնդկական ընտանիքում։

7686151_origԴեռ մ․թ․ա․ IX դ-ում Հնդկաստանում հայտնի էին բազմաթիվ համեմունքներ՝ պղպեղ, իմբիր (կոճապղպեղ), քրքում, մշկընկույզ։ Հենց այս երկրից էլ անտիկ շրջանում Եգիպտոս, Հունաստան ու Հռոմ էին մատակարարվում այդ համեմունքները։ Այս մասին վկայում են գրավոր հնագույն հիշատակությունները։ Բնությունն այս երկրի նկատմամբ շատ շռայլ է եղել, և Հնդկաստանի բնակիչների զգացմունքային խառնվածքը թերևս բացատրվում է բնության այդ շռայլությամբ․ ոչ բոլոր երկրները կարող են հպարտանալ ծաղիկների և բույսերի այսպիսի բազմազանությամբ։

Հնդկաստանի հարավային շրջաններում լայնորեն տարածված է արևադարձային բուսականությունը, իսկ հյուսիսային հատվածներում՝ հատկապես Քաշմիրում, ծաղկում են վարդերն ու մեզ համար սովորական դարձած այլ ծաղիկներ։

XIII դ․-ում իտալացի վաճառական ու ճանապարհորդ Մարկո Պոլոն գրում է Հնդկաստանի ու Չինաստանի հեքիաթային գանձերի մասին, նա պատմում է համեմունքների բուժիչ ազդեցության և երկրի այլ հրաշքների մաիսն։ Նրա գիրքը շատերին է ոգեշնչում այդ հեքիաթային երկիրը սեփական աչքերով տեսնելու համար։ Առեղծվածային Հնդկաստան տանող ծովային ճանապարհներ գտնել ձգտում էին Վասկո դա Գաման, Մագելանը, Քրիստափոր Կոլումբոսը՝ իրենց ճանապարհին բազմաթիվ բացահայտումներ կատարելով։

Շատ կյանքերի գնով հնդկական գանձերը հասնում են Իսպանիա և Պորտուգալիա։ Վասկո դա Գաման նրանցից մեկն էր, ով կարողանում է ավարտել նավարկությունն ու հասնել հարազատ պորտուգալիայի ափերը։ Նա մի քանի անգամ համեմունքների ու անուշահոտությունների թանկարժեք բեռով վերադառնում է Հնդկաստանից ու Ցեյլոն կղզուց։ Արդյունքում Պորտուգալիան վերածվում է համեմունքների վաճառքի կենտրոնի։ Այստեղից Եվրոպա էին մատակարարվում սև պղպեղ, դարչին, կոճապղպեղ, մշկընկույզ, մեխակ, մատնունի։

Հնդկաստանում անուշահոտություններից կազմվում էին խառնուրդներ՝ նարդեր կամ նարդյունայուղեր։ Ամենահայտնի նարդերից մեկի բաղադրամաս էր կազմում հիմալայյան նարդոսը, որը բավականին երկար ժամանակ պահում էր իր բույրը։

1426140667_2

Հնդկաստանում անուշահոտությունների բաղադրատոմսերը շատ բարձր էին գնահատվում և հայտնի էին միայն այն հաղորդակիցներին, ովքեր Աստծո, հոգու և աղոթքի մասին նվիրական գիտելիքներ կրելու իրավունք ունեին։

Հնդիկների ճաշակը անուշահոտությունների հարցում համընկնում է արաբների նախապատվություններին։

Հնդկաստանում, ինչպես և Մերձավոր Արևելքում վարդի բույրը համարվում էր ամենահաճելի բույրերից մեկը։ Արքայազնների ու արքայադուստրերի ճեմափողոցների եզրերին առկա հրաշալի այգիներում հատուկ առուներ էին անցկացված՝ լի վարդաջրով, ինչը թույլ էր տալիս ողջ օրը զմայլվել ծաղիկների զգլխիչ բույրով։

Հնդկական լեգենդներում պատմվում է, որ աշխարհի ամենագեղեցիկ կինը՝ Լակշմին, ծնվել է վարդի ծաղկող կոկոնից, իսկ տիեզերքը պահպանող Վիշնուն, տեսնելով գեղեցկուհուն, սիրահարվել է նրան։ Լակշմին դարձել է նրա կինն ու գեղեցկության աստվածուհին, իսկ վարդը՝ աստվածային գաղտնիքի խորհրդանիշը։

Վարդից բացի մեծ համարում ուներ հասմիկը, որը հնդիկ պոետների կողմից նկարագրվում էր որպես «պուրակներում լուսնի լույս»։ Հնդիկների կողմից սիրված էին մուշկը, համպարը, պաչուլին, կոսկուսը, սակայն սա Հնդկաստանում ընդունված անուշահոտությունների ամբողջական ցանկը չէ։

Հնդիկները մարմինը պատում էին տարատեսակ փոշիներով, քսուկներով, որոնց բաղադրության մեջ մտնում էր սանդալ, հալվե, վարդ, կամֆարա և այլ բուրավետ նյութեր։

Առեղծվածային Հնդկաստանն այսօր էլ հուզում է շատերի երևակայությունը։ Անցյալում ոսկու արժեք ունեցող բուրավետ բույսերն իրենց մեջ մինչ օրս մոգական ուժ են կրում՝ փոխանցելով միմիայն Արևելքին բնորոշ կախարդանքը։