ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐ. ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Տնտեսական իրավիճակի փոփոխությունները նավթ արդյունահանող երկրներին ստիպում են վերանայել վերաբերմունքն ամերիկյան արժույթի նկատմամբ, La Stampa թերթում գրում է Ջորդանո Ստաբիլեն:

«Ամերիկյան թերթաքարային նավթին ուղղված Սաուդյան Արաբիայի մարտահրավերը կարող է ունենալ այնպիսի հետեւանք, ինչպիսին է համաշխարհային տնտեսության հիմնասյուներից մեկի՝ նավթադոլարի փլուզումը,- ենթադրում է հեղինակը: -Այս հարցը դադարել է արգելք լինել Պարսից ծոցի երկրների համար, որոնք տուժել են պետական եկամուտների նվազումից: Նրանք ցանկանում են հետեւել Ղազախստանի օրինակին, որը մեկ տարի առաջ նավթի վաճառքի պայմանագրերը չկնքեց ԱՄՆ դոլարով»:

«Ցածր գների գործոնն ավելի արագացրեց գործընթացը: BnpParibas-ի տվյալներով՝ նավթի գնանկումը հանգեցրել է ՀՆԱ-ի նվազմանն Օմանում 10 տոկոսով, ԱՄԷ-ում եւ Քաթարում՝ մոտ 5 տոկոսով: Պարսից ծոցի երկրները ստիպված են բարձրացնել հարկերը եւ վառելիքի գները: Բահրեյնը, Օմանը եւ Սաուդյան Արաբիան ամենաշատն են տուժում, քանի որ նրանց բյուջեն հիմնականում կախված է նավթից, հաստատում է Bahrain Center for Strategic կենտրոնի վերլուծաբան Օմար ալ-Ուբեյդին: -Ես կարծում եմ, որ առաջիկա տարիներին նավթի գներն աստիճանաբար կբարձրանան, քանի որ Պարսից ծոցի փոքր պետությունները գաղտնի կերպով ճնշում են գործադրում Էր-Ռիադի վրա, որպեսզի վերջինս նվազեցնի արտադրությունը եւ թույլ տա, որ նավթի գինը բարձրանա»,- գրում է Ստաբիլեն:

«Նավթի գնանկումն առհասարակ ձեռնտու չէ թերթաքարային նավթի ամերիկացի արտադրողներին: Վաշինգտոնի եւ Էր-Ռիադի միջեւ սիմբիոզը վերանում է, որը սահմանվել է 1970-ական թթ.-ին Ռիչարդ Նիքսոնի եւ Ֆեյսալ թագավորի կողմից, ինչը ենթադրում էր նավթի վաճառքը միայն ԱՄՆ դոլարով: Դրանից հետո Պարսից ծոցի երկրներն իրենց արժույթները պինդ շաղկապել էին ամերիկյան դոլարի հետ եւ գտնվում էին ամերիկյան Հինգերորդ նավատորմի պաշտպանության տակ: Այսօր նավթադոլարները եւ հաստատուն փոխարժեքը վտանգի մեջ են»,-նշում է La Stampa-ի հոդվածագիրը:

Աղբյուր՝ La Stampa

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան