«ՀԱՅԿԱԿԱՆ ՕՃԱՌԸ ՄԵԾ ՀԱՄԱՐՈՒՄ ՈՒՆԵՐ ԱՌԱՋԱՎՈՐ ԱՍԻԱՅՈՒՄ»․ Գ․ ԱՂԱՆՅԱՆ

Հին հայերի կողմից օճառաստեղծման ավանդույթների, այնուհետև օճառարտադրության առանձնահատկությունների, ինչպես նաև հայկական լեռնաշխարհում անուշահոտությունների կիրառության և հայոց մեջ գեղեցիկի ընկալման թեմաների շուրջ chapchemical.am -ը զրուցել է ազգագրագետ Գրիգոր Աղանյանի հետ։

Պարոն Աղանյան, պատմական բազմաթիվ փաստեր վկայում են, որ մարդկությունն օճառ սկսել է օգտագործել անհիշելի ժամանակներից օճառի տարիքը բավականին պատկառելի է՝ ամենաքիչը 6000 տարի, օճառի հայտնագործման պատիվը վերագրվում է միանգամից մի քանի հնագույն ժողովուրդների, որոնք բոլորն էլ գրեթե նույն ճանապարհով են հանգել օճառի բացահայտմանը։ Հայերը՝ որպես հնագույն ժողովուրդ, հնում օգտագործե՞լ են արդյոք օճառ և ինչ եղանակով են այն ստացել, կա՞ն արդյոք համապատասխան տվյալներ։

-Թեև հայերի հիգիենայի ավանդական միջոցների մասին ոչ մի հատուկ ուսումնասիրություն չկա, սակայն հայտնի է, որ հայերն օգտագործել են գիլ՝ սպիտակ կավ և բնական  սոդա՝ սպիտակեցնելու համար, այդ նյութով հատկապես հարուստ էր Վանա լիճը, որի հարևանությամբ դեպի արևմուտք Սոդագյոլլու կամ սոդայի լճակ կա, օճառ եփել են նաև տարբեր ճարպերից՝ հատկապես անասունի ոսկրածուծի յուղից, կամ պարարտ անասունի թափանի ճրագուից, որին ավելացրել են բնական սոդա կամ գիլ: Միայն Ալեք-Պոլում մի քանի օճառի մանուֆակտուրայի տիպի արհեստանոց կար, և սապոնջիները մտնում էին համքարության մեջ։

800px-Akhurian Հայկական օճառը մեծ համարում ուներ ամբողջ Առաջավոր Ասիայում, և դա բնական էր, քանի որ հումքի պակաս մեր լեռնաշխարհում չկար: Գիլը հատկապես շատ էին օգտագործում գյուղական վայրերում, այն համարվում էր վարսերի խնամքի համար լավագույն միջոց, և գարնան գալու հետ օրինակ ասենք Ախուրյան գետի մոտ ապրող աղջիկները գնում էին գետը և գիլով լվանում վարսերը:

Պարոն Աղանյան, նշեցիք, որ Ալեքսանդրապոլում օճառի արհեստանոցներ են եղել, այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ 1900-ական թթ․ Հայաստանում իրականացվել է օճառի արտադրություն։

– Մինչև 1920-30-ական թթ. Լենինականի Յուղհալ արտելը ապահովում էր օճառի պահանջարկը, բայց Երևանի Ձեթ-օճառի կոմբինատի բացումից հետո արտելը փակվեց, Լենինականի Մսի-պահածոների կոմբինատի յուղհալ արտադրամասը ապահովում էր ճրագուով և ծուծքի յուղով Ձեթ-օճառի կոմբինատին: Ավանդական օճառեփությունը իրապես պահպանվեց մինչև իմ ասած ժամանակները: Թե որքանով է այն հին ժամանակներից գալիս՝ հաստատ չեմ կարող ասել, բայց որ միջնադարից էլ է վեր, հաստատ է․ մենք շատ անուշահոտությունների սրվակներ ունենք գտած վաղ հայկական, ուրարտական և հատկապես անտիկ շրջանից ու միջնադարից, իսկ եթե դրանք կան, ուրեմն օճառը կամ դրա նման մի բան հաստատ եղել է նաև այդ շրջաններում։

Պարոն Աղանյան, հայտնի է, որ Հին Եգիպտոսում կամ Հունաստանում անուշահոտությունները, տարատեսակ եթերային յուղերը մեծ համարում ունեին և մարմնի ու հոգու ներդաշնակության վերականգնման միջոց էին, կարո՞ղ ենք ենթադրել, որ հայերը ևս բարձր են գնահատել բույրերի ազդեցությունն ու նշանակությունը և հատկապես ինչ տիպի բույրերի են նախապատվություն տվել։

cutcaster-photo-100546985-antique-vermeil-perfume-bottle2

-Հայկական լեռնաշխարհի տարածքում վաղ բրոնզի դարից սկսած տարբեր չափերի բուրանոթներ և սրվակներ են օգտագործվել, սակայն մինչև վերջ պարզ չէ, թե ինչ է պարունակվել դրանցում: Մեր լեռնաշխարհը հարուստ է զանազան եթերայուղատու և անուշահոտ բույսերով և հասկանալի է, որ դրանցից ստացվող նյութերը որպես անուշահոտություններ պետք է, որ օգտագործված լինեին: Ուշ բրոնզի դարից սկսած բազմաթիվ բուրանոթներ են գտնվել և օրինակ Ք.ա. 15-14-րդ դդ. թվագրվող բուրանոթում պահպանվել են էֆեդրայի սերմեր: Ավելի ուշ՝ ուրարտական շրջանում, ըստ մեր հնագետների վկայության՝ հստակ սահմանազատվում են կոսմետիկ միջոցների համար նախատեսված անոթներն ու սրվակները, որոնք մեծ քանակությամբ գտնվել են տարբեր հնավայրերից: Կոսմետիկ պարագաների առավել լայն տարածումը և դրանց բազմազանությունը հատկապես հատուկ է անտիկ շրջանին և միջնադարին: Բացի եթերայուղատու և բուրավետ բույսերից, օր.՝ օշինդր, սուսամբար, դժնիկ և այլն, օգտագործել են նաև անօրգանական նյութեր, օր.՝ ծարիր (սուրմա), որի ամենահարուստ հանքավայրերն Առաջավոր Ասիայում գտնվում էին Հայկական լեռնաշխարհում:

-Ժամանակի ընթացքում ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել կնոջ արտաքին գեղեցկության ընկալումը հայ մարդու մեջ, հին հայի համար ո՞վ է եղել գեղեցկության կատարելատիպ։

-Դժվարանում եմ ասել, բայց կնոջ, մոր նկատմամբ վերաբերմունքը հազարամյակների ընթացքում չի փոխվել: Հայ մարդը միշտ էլ լավ է հասկացել կնոջ դերն իր տեսակի պահպանման և վերարտադրության գործում: Ցավոք, հայ կնոջ նկատմամբ վերաբերմունքի մասին ժամանակակից հայ հասարակությունը պատկերացում է կազմում գեղարվեստական գրականության աղավաղված ու ծուռհայելային նկարագրություններով: Բայց իրականությունը լրիվ այլ էր: Նույնիսկ առաջին հայացքից բռնության դրսևորումներ հիշեցնող արգելանքները (տաբուները), որոնք կիրառվում էին ավանդական հայ հասարակության մեջ կանանց նկատմամբ, ի վերջո կին տեսակի պահպանության նախասկզբից էին բխում:

0015z8weԺամանակի ընթացքում կնոջ նկատմամբ վերաբերմունքի փոփոխության ցանկացած դրսևորում ուղիղ համեմատական է տվյալ կոնկրետ դարաշրջանի վարք ու բարքի կանոններին: Չնայած, նորից եմ կրկնում, կինը եղել ու կա հայոց հոգևոր ժառանգության հիմնական կրողը: Կինը հայ տղամարդուն բարձրացնողն էր, նաև իջեցնողը, կինը հայոց տան սյունն էր ու հենարանը:

Կնոջ գեղեցկությունն ու հմայքը ուզում եք տեսնել և պատկերացում կազմել հայ տղամարդու ընկալումների մասին, մեկ անգամ ևս կարդացեք Աստվածամորը նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղը, Քուչակի հայրենները, Սայաթ-Նովայի խաղերը և չմոռանաք նորից զմայլվել Հովնաթանյանների ստեղծած չքնաղ դիմանկարներով կամ Վարդգես Սուրենյանցի վրձնած հայուհու կերպարներով… դիտեք ալեքպոլյան հին լուսանկարները, տեսեք հայ կանանց նրբաճաշակ հագ ու կապը, վարսերի գեղեցիկ հարդարանքը, շատ մեղմ ու աչք չծակող դիմահարդարումը և կհասկանաք, թե հայ տղամարդիկ ինչքան էին գնահատում Տիրոջ ստեղծած ամենագեղեցիկ ու միևնույն ժամանակ մինչև վերջ իր գեղեցկության գաղտնիքը չբացած էակներին՝ կանանց…