ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՐՏՔԵՐ ՏԱԼՆ ՈՒՆԻ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ
Այն, որ 2016 թվականը բարդ տարի է լինելու, դա ակնհայտ է: Այն, որ ՀՀ քաղաքացիները ստիպված են լինելու գոտիները ձգել, դա խորհուրդ տվեցին նաև իշխանության ներկայացուցիչները: Հայտնի է, որ 2016 թվականն առանձնանալու է նաև նրանով, որ մեր երկրի արտաքին պարտքի բեռն ավելանալու է: Թեմայի վերաբերյալ տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի մեկնաբանությունը:
-Պարոն Եղիազարյան, ՀՀ կառավարությունը 2016 թ. նոր վարկեր ներգրավելու որոշումներ կայացրեց: Արդյո՞ք բյուջեի եկամտային մասի խնդիրները քողարկելու համար չէ, որ վարկային բեռն ավելի է ծանրանալու 2016-ին: Ձեր գնահատմամբ, դա ի՞նչ վտանգներով է հղի:
-Իհարկե պարտքը լավ օրից չէ, որ վերցնում են: Բայց, եթե կան պլանավորված նվազագույն ծախսեր, և դրանք կատարելու համար ներքին ռեսուրսները չեն բավարարում, պետությունները դիմում են արտաքին աղբյուրների օգնությանը: Նախկին խորհրդային տարածքի երկրների մի մասը հարուստ են հումքային ռեսուրսներով, որոնց արտահանումը նրանց թույլ է տվել քիչ ապավինել պետական արտաքին պարտքերին: Օրինակ, այդպիսի երկրներ են Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը: Սակայն այս երկրները նույնպես չեն կարողացել առանց արտաքին պարտքի մնալ: Պարզապես այս երկրներն ունեն ոչ թե մեծ արտաքին պետական պարտք, այլ ունեն մեծ արտաքին կորպորատիվ պարտքեր: Այս երկրների հումքային ընկերություններն ի վիճակի չեն զուտ սեփական ֆինանսական միջոցներով գործունեություն ծավալել: Այդ պատճառով էլ հաճախ դիմել են միջազգային և օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների օգնությանը:
Հայաստանը նախկինում էլ ներգրավել է արտաքին պարտքեր: Արտաքին պարտքի բեռը հատկապես մեծացավ 2008-2009թթ.` գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին: Ներկայումս արտաքին պետական պարտքի ավելացման նոր ալիքի հետ գործ ունենք, ինչն էլ պայմանավորված է ոչ միայն Հայաստանի տնտեսության հիմնախնդիրներով, այլև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ և դրա հետ կապված հիմնախնդիրներով:
Արտաքին պետական պարտքի ավելացման վտանգը նրանում է, որ որոշակի շեմից հետո դժվար կլինի իրականացնել դրա սպասարկումը: Իսկ եթե դա անհնար դառնա, ապա գործ կունենանք դեֆոլտի հետ:
– Անդրադառնալով արտաքին պարտք – ՀՆԱ հարաբերակցությանը, դուք քանիցս նշել եք, որ վերցված պարտքը չի նպաստում Հայաստանի տետեսական աճին, քանի որ եթե պետությունը չունի միջոցներ, ստիպված դիմում է արտաքին փոխառությունների: Ձեր կարծիքով այս դեպքում դոնորներն ինչո՞ւ են շարունակում ֆինանսավորել, երբ չկա որևէ երաշխիք, որ հնարավոր է զարգացնել տնտեսությունը: Ի՞նչ եղանակներ կան, որ վարկերը համեմատաբար ավելի նպատակային լինեն: Ճնշում է պետք ներսի՞ց, թե՞ դրսից՝ նրանցից, ովքեր տալիս են այդ գումարները:
-Հայաստանի պարտքը դեռ չի հասել այն շեմին, որ արտաքին ֆինանսավորողներն այն գնահատեն այնքան ռիսկային, որ չֆինանսավորեն: Չնայած հարկ է հիշեցնել, որ վերջին երկու տարիներին Հայաստանի վարկային ռեյտինգը վերանայվել է բացասական ուղղությամբ:
Իմ կարծիքով միջազգային ֆինանսական կազմակերպությունների և արևմտյան երկրների կողմից Հայաստանին պարտքեր տալն ունի նաև քաղաքական ենթատեքստ: Արևմտյան կառույցները շահագրգռված չեն Հայաստանի տնտեսության փլուզմամբ և երկրի անվտանգության թուլացմամբ: Հայաստանը շարունակում է մնալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործընկերը:
Որպեսզի վարկերն օգտագործվեն ավելի արդյունավետ, իհարկե, անհրաժեշտ է բարձրացնել դրանց ծախսման թափանցիկության և կառավարության հաշվետվողականության մակարդակը, պետք է երկրում իրականացվի իրական հակակոռուպցիոն ծրագիր:
– Էկոնոմիկայի նախարարությունից տարեվերջին հայտնեցին, որ 2016- ն առանձնահատուկ տարի է լինելու Հայաստանի համար, որ օտարերկրյա ներդրողների հոսք է սպասվում, քանի որ դրսի ներդրողները Հայաստանը համարում են, այսպես ասենք, տարանցիկ ուղի՝ իրենց արտադրանքը ԵՏՄ շուկա դուրս բերելու համար: Իրատեսական համարո՞ւմ եք այս խոստումները կամ սպասելիքները:
-Ես չեմ կարծում, որ որևէ օտարերկրյա ներդրողի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես տարանցիկ ուղի` իրենց արտադրանքը ԵՏՄ շուկա դուրս բերելու համար: Դրա համար որևէ հիմք և հիմնավորում չկա: Ընդհակառակը, Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցումը մեր երկիրը ներդրումների համար դարձնում է ռիսկային և ոչ հետաքրքիր: Դրա մասին ես բազմիցս խոսել եմ:
Հարցազրույցը՝ Ա. Վարդանյանի