ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ 82-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է

Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) կողմից հրապարակված Համաշխարհային մրցունակության  (Global Competitiveness Index, GCI) 2015-2016 թթ․-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում գրավել է 82-րդ տեղը՝ բարելավվելով իր դիրքերը 3 կետով (նախորդ տարվա համեմատ), Ադրբեջանը նահանջել է 2 կետով՝ զբաղեցնելով 40-րդ հորիզոնականը, հարևան Վրաստանը զբաղեցրել է 66-րդ տեղը։

Ռուսաստանը նախորդ տարվա 53-րդ կետից բարձրացել է 45-րդ հորիզոնականը՝ բարելավվելով իր դիրքերն 8 կետով։ Սակայն այդ առաջընթացին նպաստել է ոչ թե Ռուսաստանի իրավիճակի լավացումը, այլ մյուս երկրների մրցունակության նվազումը։ Նահանջել են Թուրքիայի (51-րդ տեղ), ՀԱՀ-ի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Մեքսիկայի ցուցանիշները։ Ռուսաստանն առաջվա նման զիջում է Չինաստանին (28-րդ կետ), Չիլիին (35-րդ), Ղազախստանին (42-րդ) և Արևելյան Եվրոպայի երկրներին։

Ռուսաստանի ուժեղ կողմերն առաջվա նման շարունակում են մնալ ներքին մեծ շուկան (7-րդ), ինչպես նաև զարգացած ենթակառուցվածքները՝ երկաթուղային (24-րդ), ավիափոխադրումներ (12-րդ) և բջջային կապ (18-րդ)։ Սակայն կրթության և առողջապահության որակը, որը նախորդ երկու տարիներին բավականին դրական առավելություններ էր հանդես բերում, այլևս չի համապատասխանում այլ երկրների ցուցանիշներին։ Այժմ Ռուսաստանը զիջում է ոչ միայն զարգացած, այլև զարգացող երկրներին։

Տնտեսության զարգացման խոչընդոտ են համարվում թույլ ինստիտուտները (100-րդ տեղ), կոռուպցիան (116-րդ), արդարադատության անկախ համակարգի բացակայությունը (108-րդ). Ռուսաստանում բիզնես բացելը հեշտ է (37-րդ տեղ), սակայն բյուրոկրատիան ու ադմինիստրատիվ արգելքները կարող են խոչընդոտ հանդիսանալ։ Խնդրահարույց են նորարարությունները․ առանցքային ցուցանիշներով Ռուսաստանը զգալիորեն զիջում է։

GCI վարկանիշային աղյուսակում 7 տարի շարունակ առաջին տեղն է զբաղեցնում Շվեյցարիան, երկրորդ տեղը պահպանել է Սինգապուրը, երրորդը՝ ԱՄՆ-ն։

Արդեն երկրորդ տարին աղյուսակը եզրափակում է Գվինեան։

Նշենք, որ Համաշխարհային մրցունակության ինդեքսը ներառում է մրցունակության 12 ցուցանիշ և կազմվում է ամեն տարի՝ սկսած 1979թ․-ից՝ բաց տեղեկատվության, ինչպես նաև ավելի քան 100 երկրների մի քանի հազար փորձագետների կարծիքների հիման վրա։

http://reports.weforum.org

Մարինե Ալեքսանյան