«ԻՄ ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ՍՑԵՆԱՐՆ ԱՅՆ Է, ՈՐ ԵՄ-Ն ԿՓԼՈՒԶՎԻ»
Եվրագոտում ճգնաժամի սրացման դեպքում գոյություն ունի Եվրամիության փլուզման վտանգ: Tagesspiegel-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել տնտեսագետ, Գերմանիայի արտաքին եւ մեծածախ առեւտրի դաշնային միավորման ղեկավար Անտոն Բերները:
«Իմ ամենասարսափելի սցենարն այն է, որ ԵՄ-ն կփլուզվի: Որ դրանից դուրս կգա Մեծ Բրիտանիան: Որ Կատալոնիան եւ Բասկերի երկիրը կառանձնանան Իսպանիայից եւ դուրս կգան ԵՄ-ի կազմից: Որ Ֆրանսիայում ավելի շատ ժողովրդականություն կհավաքի Մարին Լե Պենը»,- նշել է Բերները:
«Իտալիայում արդեն իսկ ընտրողների 40 տոկոսը դեմ է տրամադրված եվրոյին եւ Եվրոպային»: Բայց Եվրոպան, տնտեսագետի կարծիքով, չպետք է փլուզվի: «Ներկա պահին Եվրամիության առաջնորդների շարքում ես չեմ տեսնում որեւէ մեկին, բացի տիկին Մերկելից, ով կկարողանար համախմբել այդ միությունը: Սակայն մեկ անձն այդ նպատակի համար, թերեւս, բավարար չէ»:
Տնտեսագետը նաեւ կասկած է հայտնել Ռուսաստանում եւ զարգացող այլ երկրներում տնտեսական իրավիճակի շուտափույթ բարելավման վերաբերյալ: «Առաջիկա տարիներին Ռուսաստանը չի վերականգնվի: Մերձավոր եւ Միջին Արեւելքն այրվում է բոցերի մեջ, այնտեղ նույնպես չեմ տեսնում որեւէ բարելավում»,- նշել է Բերները: Նրա խոսքերով՝ այնուամենայնիվ, կան նաեւ «լույսի կղզիներ». «Կան մի շարք աֆրիկյան երկրներ, որտեղ դիտվում է կայուն աճ: Դա, իհարկե, նաեւ ԱՄՆ-ն է: Մենք նաեւ հույսեր ունենք Հնդկաստանից»:
Իսկ ինչ վերաբերում է վերջին ֆինանսական օգնությանը Հունաստանին, ապա դա դժվար թե փրկի երկիրը սնանկացումից: «Ֆինանսական օգնության նոր փաթեթը չի օգնի Հունաստանին փոփոխությունների հասնել: Հունաստանը չունի ո՛չ տնտեսական զարգացման մոդել, ո՛չ էլ կառույցներ, որոնք կարող են ապահովել իրական աճ: Ինչպե՞ս դուրս կգա Հունաստանը տհաճ իրավիճակից»,- հարց է տալիս տնտեսագետը:
«Ֆինանսական օգնության փաթեթը չի օգնում ո՛չ հունական տնտեսությանը, ո՛չ էլ հույն բնակչությանը եւ եղել է ընդամենը վերաֆինանսավորման միջոց վարկատուների համար»,- ասում է Բերները:
Աղբյուր՝ Tagesspiegel