Ի՞նչ կլինի, եթե ռուբլու գոտի դարձնեն Հայաստանը… «ռեանիմացիայի» մեջ գտնվող արժույթի ուրվականը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գրոդնոյում Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստում ԵԱՏՄ երկրներին առաջարկել է ռազմավարական ապրանքների առևտրում անցում կատարել ռուբլու՝ հրաժարվելով դոլարից: Նրա խոսքերով՝ Հայաստանը պաշտպանում է այն տեսակետը, որ Եվրասիական տնտեսական միության դոլարիզացիան պետք է կրճատել: «Կարևոր է ԵԱՏՄ-ի երկրների միջև ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլու հիմքի վրա, առանց դոլարի հետ փոխկապակցում իրականացնելու գաղափարը»,- հայտարարել է վարչապետը:

Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո մշտապես եղել է միասնական արժույթի անցնելու մտավախությունը: Ռուսաստանյան կողմը տարբեր առիթներով մշտապես ակնարկել է այդ մասին:

nkarrr1
Րաֆֆի Մխչյան

Թեմայի վերաբերյալ խոսել է Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը: Միասնական արժույթի անցնելու մասին հայտարարությունները նա ոչ միայն իրատեսական չի համարում, այլև գտնում է, որ այդ գործընթացը հղի է լուրջ վտանգներով Հայաստանի համար:

«Նախ որպես հայ չեմ կարող երկար տարիներ սպասելուց հետո, երբ որ ես իմ անկախ Հայաստանն ունեմ և իմ հայկական դրամն ունեմ, ունակ չեմ նորից հանդուրժել, որ դառնամ ստրուկ, դառնամ ինչ-որ մի միության անդամ և օգտագործեմ ռուբլի: Սա իմ գաղափարներին և իմ մտքերին լրիվ հակասող բան է: Երկրորդն էլ՝ չի կարող մի երկիր, որն այսօր սնանկության եզրին է, իր մահացած, ռեանիմացիայի մեջ գտնվող փողը ստիպի, որ մենք էլ այդ իրավիճակի մեջ գտնվենք: Ես գտնում եմ, որ դա աբսուրդ է»,- նշեց Րաֆֆի Մխչյանը:

nkaarrr2
Արզուման Հակոբյան

ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, դոցենտ Արզուման Հակոբյանը բացատրում է՝ կա համակարգային տեսություն, որի համաձայն՝ մինչև մի արժույթ իր տեղը գտնի շուկայում, դրա համար տասնյակ տարիներ է պահանջվում:

«Հիմա մի իրավիճակից փորձում են անցում կատարել մեկ այլ իրավիճակի, որն էլի այդքան ժամանակ է պահանջում, որ այդ արժույթը կայանա կամ չկայանա: Դա մի սարսափելի բան է մեր այսօրվա տնտեսության համար: Եվ նույնիսկ եթե ամեն ինչ կարգին լիներ, տնտեսությունը դրական տեմպերով զարգանար, մենք քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրներ չունենայինք, միևնույն է, այդ բոլորը հաշվի առնելով, այլ արժույթի անցնելը հիվանդագին կամ ցավագին երևույթների մասին է խոսում: Եվ մինչև այդ արժույթը կայանա որպես արժույթ, ժողովուրդն ընդունի, դրա համար երկար ժամանակ կպահանջվի: Հիշու՞մ եք, երբ որ դրամը շրջանառության մեջ մտավ, կառավարությունը որոշում կայացրեց, որ ուրիշ արժույթ օգտագործելու համար պատժվում էին, քրեական պատասխանատվության էին ենթարկում: Առանց այն էլ մենք տնտեսություն չունենք, էլ տնտեսություն կմնա՞»,-հարցադրում է տնտեսագետը:

Արտահանողների միության նախագահի խոսքերով՝ երբ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամակցության ճանապարհին էր, նա հայտարարում էր, որ հնարավոր է չանդամակցել այդ կառույցին, խուսափել այդ քայլին դիմելուց:

«Դեռևս ԵՏՄ չմտած՝ նոյեմբեր ամսին սկսվեց փողի անկումը, որն ուղիղ կապված էր ռուբլու հետ: Մենք շատ կապված ենք ռուբլու հետ, ես չեմ ժխտում դա: Մեր տրանսֆերտները ռուբլով են հասնում Հայաստան: Բոլորը կախված են ռուբլուց, բայց դա այսօր հիվանդագին վիճակի մեջ գտնվող արժույթ է: Ես ինչպե՞ս կարող եմ ասել, որ դրա մեջ շահ եմ տեսնում: Ես դրա մեջ շահ չեմ տեսնում: Բայց ո՞վ է հաշվի առնում դա: Ի՞նչ է փոխվում դրանից: Անիմաստ է ամեն ինչ: Հայաստանում խելացի մարդկանց, գործարար մարդկանց, պարկեշտ մարդկանց, բարոյական մարդկանց կարիքը չկա, նրանց կարծիքի կարիքը չունեն, իրենց պետք է սուտ, ոճրագործ, օլիգարխ մարդիկ, վե՛րջ: Նրանք են այսօր որոշում այս ազգի ճակատագիրը»,- նշեց Րաֆֆի Մխչյանը:

«Բոլորի մտավախությունն այն էր, որ այդ միությունը չի կայանա, միասնական արժույթին անցումը ևս չի կայանա: Սա մենակ խոսք չի, որ ասում են: Եթե գնացին դրան, դա կնշանակի, որ մենք ընդհանրապես ձեռք քաշենք այս երկրից և տնտեսությունից և այս հասարակությունից: Իմ կարծիքը դա է: Ես ոչ մի օգուտ դրանից չեմ տեսնում: Դրա միտքն այն է, որ մենք դոլարից կախված չլինենք, բայց մենք փակ տնտեսություն չենք, մենք բոլոր երկրների և բոլոր տնտեսական համակարգերի հետ կապված ենք: Այսպես թե այնպես, դուք պետք է ուրիշ արժույթների հետ հարաբերակցություն ունենաք: Այդ դեպքում ի՞նչ տարբերություն: Դրամ չէ, ենթադրենք թենգե է, դու պետք է Եվրոպայի, Ամերիկայի հետ չհարաբերվե՞ս: Անհնար բան է, որ արժույթը փոխելով դու կարողանաս դոլարից փրկվես, պրծնես: Դա ոչ մի տրամաբանություն չունի, ոչ մի դրական հետևանք ես չեմ տեսնում: Հարցն այն է, որ արդեն այն տպավորությունն է, որ ի՜նչ ասում են, մենք պարտադրված ենթարկվում ենք: Այդ ձևի ո՛չ տնտեսություն կլինի, ո՛չ երկիր կլինի, ո՛չ պետականություն կլինի, ո՛չ արժանապատվություն կլինի, բարոյական ո՛չ մի բան չի լինի»,- ասում է Արզուման Հակոբյանը:

Հիշեցնենք, որ թեև Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը լայն հեռանկարներ էր խոստանում Հայաստանին, սակայն, օրինակ, այս տարի ցուցանիշները, մեղմ ասած, գոհացնող չեն: Ռուսաստանից Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումներն ահռելի չափով նվազել են: Օրինակ՝ եթե նախորդ տարի ներդրումները կազմել են 36,4 միլիարդ, այս տարի 3,4 միլիարդ դրամի չափով են կատարվել ուղղակի ներդրումներ:

Թվերը շատ ավելի խոսուն կերպով են ցույց տալիս Հայաստանի տնտեսության հեռանկարները ԵՏՄ կազմում, ասում են փորձագետները:

«Դա հենց իմ նշած հիվանդության հետ է կապված, որ այսօր Ռուսաստանն ուզում է իր կայսրությունը ստեղծել: Այդ մոլուցքով բերեց հասցրեց այս վիճակին՝ Ուկրաինայում պատերազմ է, Ղրիմը զավթված: Բերեց նրան, որ աշխարհը երես թեքեց նրանից: Հիվանդ մարդուց ի՞նչ տնտեսական ակնկալիքներ կարող ենք ունենալ: Ընդամենը մենք ԵՏՄ-ից ներմուծումներ ենք անում, ուրիշ ոչ մի բան: Տեսեք խանութներում ինչ է կատարվում, մտեք արտադրողների մոտ՝ տեսեք ինչ է կատարվում: Ո՞ւր են մեր արտահանումները, ո՞ւր է այն շուկան, որը մեզ խոստացել էին: Չկա այդպիսի բան, միֆ է դա»,- ընդգծեց Հայաստանի արտահանողների միության նախագահը:

ՌԴ փորձագիտական շրջանակներն, անդրադառնալով Հայաստանից հնչող այս դժգոհություններին, բարձրաձայնում են՝ իսկ ինչո՞ւ հայերը չեն խոսում այն մասին, որ լրջագույն այլ օգուտներ է ստացել ԵՏՄ անդամակցությունից: Րաֆֆի Մխչյանի խոսքերով՝ առիթ ունեցել է այս թեմայով զրուցել այս կարծիքն առաջ տանող փորձագետների հետ, ովքեր հիմնականում շահարկում են հարցեր՝ կապված ԵՏՄ շուկայի, նրա տված հնարավորությունների և առավելությունների, բաց սահմանների և իհարկե այն մասին, թե ինչպիսի անվտանգության երաշխավոր է Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնությունը:

«Սուտ են ասում: Ես իրենց էլ եմ դա ասել: Հեռուստակամուրջով էլ ասել եմ՝ ի՞նչ բաց սահմանների մասին է խոսքը, երբ որ մեր ապրանքը դուրս է գալիս այստեղից, գնում հասնում է Լարս, ժամերով, օրերով գերի է դառնում այդ սահմանին, ինչ-որ մի «վարսավիր» պետք է գնա այնտեղ, հաշիվ-հաշվարկ անի, սա՞ է ԵՏՄ-ն, սա՞ է օգուտը: Ոչ մի դեպքում ոչ մի օգուտ չի եղել: Ինչի՞ մասին է խոսքը: Տեսեք մեր տվյալները, տեսեք՝ ինչ է կատարվում մեր երկրում: Ամեն օր մի ընկերություն սնանկանում է: Եթե այդքան օգտակար է՝ ինչո՞ւ ենք մենք այս վիճակում: Ո՞ւր է, թող ցույց տան այդ օգուտները, չկա այդպիսի բան, և եթե ռուբլու գոտի դարձնեն Հայաստանը, ես կհեռանամ Հայաստանից, և իհարկե շատերը կգնան: Հայրենիքի համար տառապած մարդն այդպես կանի, ոչ թե այնպիսի մարդկանց նման, որոնց համար ոչնչություն է այս հողը, այս ջուրը, այս ժողովուրդը, կարևոր է իրենց համար իրենց անձնական շահն ու աթոռը»,- ասաց Րաֆֆի Մխչյանը:

Արմենուհի Վարդանյան