ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԿԼԻՆԻ «ԸՆԴԱՐՁԱԿ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ»
ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը մինչեւ դեկտեմբերի 10-ը կառավարությանը կներկայացնի ծառայությունների ոլորտի թուրքական ընկերությունների համար նախատեսված սահմանափակումների եւ արգելքների ցանկը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ցանկը կլինի «ընդարձակ եւ զգայուն», որտեղ տեղ կգտնեն զբոսաշրջության եւ փոխադրումների ոլորտների ընկերությունները, հայտարարել է ՌԴ Տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը:
«Մենք մինչեւ դեկտեմբերի 10-ը կներկայացնենք սահմանափակումների ցանկը: Արգելքը կսահմանվի Թուրքիայի իրավաբանական անձանց նկատմամբ, թուրքական այն ընկերությունների, որոնք տուրիստական ծառայություններ են մատուցում»,- հայտնել է փոխնախարարը:
Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ազգային անվտանգության ապահովման եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին հրամանագիր էր ստորագրել։ Ըստ այդմ, Ռուսաստանում սահմանափակվել է թուրքական կազմակերպությունների գործունեությունը, արգելվել եւ սահմանափակվել է Ռուսաստան ներկրվող թուրքական որոշ ապրանքների մուտքը:
2016թ.-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է նաեւ Թուրքիայի քաղաքացիների համար գործող առանց վիզայի ռեժիմը: Հունվարի 1-ից կարգելվի նաեւ թուրքական բանջարեղենի, մրգերի, մսամթերքի եւ աղի ներկրումը Ռուսաստան:
Մոսկվան դադարեցրել է նաեւ առեւտրա-տնտեսական համագործակցության ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
Պատժամիջոցների բնույթը եւ ժամկետները կարող են փոփոխության ենթարկվել՝ հաշվի առնելով Թուրքիայի հետագա գործողությունները:
Աղբյուր՝ «Ինտերֆաքս»
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան