ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ ՄԵՌԱԾ Է. DIE WELT

«Թուրքական Անթալիայի գործարարները վստահ են, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների բացակայությունն առողջարանային գոտում, որն առաջացել է պուտինյան պատժամիջոցների արդյունքում, հսկայական վնաս կհասցնի տարածաշրջանին, քանի որ սա եղել է ռուսաստանցիների կողմից սիրված հանգստի վայր»,- գրում է Die Welt հանդեսը: Վիճակագրության համաձայն՝ ամեն տարի Թուրքիա է այցելել մոտ 4 մլն զբոսաշրջիկ Ռուսաստանից, մոտ 3 միլիոնը մեկնել են հենց Անթալիա նահանգ, որը գտնվում է երկրի հարավում: Ռուսաստանցի զբոսաշրջիկները թվաքանակով զիջում էին միայն գերմանացիներին:

Թերթը մեջբերում է ռուսաստանցի Մարիայի խոսքերը, ով ամուսնացած է թուրքի հետ եւ Քեմեր քաղաքում վաճառասրահի սեփականատեր է, որը հաճախ անվանում են «ռուսների միջնաբերդ» Անթալիայում: Այժմ ամուսնական զույգը ցանկանում է հեռանալ Թուրքիայից Եվրոպա: «Սա աղետ է: Զբոսաշրջությունն Անթալիայում մեռած է»,- նշում է Մարիան: Կնոջ խոսքերով՝ նախկինում իր հաճախորդների առյուծի բաժինը կազմում էին հենց ռուսաստանցիները: Սեփական տվյալների համաձայն՝ ի պատասխան Թուրքիայի օդուժի կողմից ՌԴ ռմբակոծիչի ոչնչացմանը Մոսկվայի կողմից կիրառված պատժամիջոցներից հետո Ռուսաստանը չեղարկել է դեպի Թուրքիա զբոսաշրջային վեց հազար շրջագայություն: Ինչպես նշում է Մարիան, Էրդողանն «առաջին հերթին արջի ծառայություն է մատուցել իր սեփական ժողովրդին: Նա չպետք է գնար առճակատման, այլ խաղադրույք պետք է կատարեր դիվանագիտության վրա»:

Մինչդեռ նոյեմբերին Թուրքիան ահռելի օգուտներ էր ստանում Ռուսաստանի եւ Եգիպտոսի միջեւ առաջացած ճգնաժամից, երբ Մոսկվան դադարեցրեց ավիափոխադրումները Սինայի թերակղզում ռուսաստանյան ինքնաթիռում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ ռուսաստանցի զբոսաշրջիկները Կարմիր ծովի փոխարեն սկսեցին մեկնել Միջերկրական ծով:

Գործարար Մեհմեդ Ալի Գյուլթեքինը, ով կազմակերպում է զբոսանավային շրջագայություններ, չի կիսում շատ թուրք գործարարների եւ հյուրանոցների սեփականատերերի այն տեսակետը, որ գարնանն ամեն ինչ հունի մեջ կընկնի: «Քաղաքական իրավիճակը, իհարկե, կվնասի տարածաշրջանում զբոսաշրջությանը,- ընդգծում է նա: -Նույնիսկ, եթե իրավիճակը կարգավորվի, ճգնաժամը բացասական հետք կթողնի: Այսպիսով, շատ գործակալություններ արդեն հիմա կազմում են հաջորդ տարվա ծրագրերը եւ պայմանավորվում են ավիաընկերությունների հետ, ընդ որում, նրանք իրենց ծրագրերում չեն ներառում զբոսաշրջիկներին Ռուսաստանից»:

Գյուլթեքինի խոսքերով՝ այժմ բոլորը կսկսեն ավելի շատ պայքարել եվրոպական հաճախորդների համար: «Սակայն այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների շնորհիվ վնասը կարելի է հատուցել առավելագույնը 15%-ով,- պարզաբանում է գործարարը: -Այստեղ բոլորովին այլ ըմբռնումներ կան. եթե, օրինակ, ռուսաստանցիները թուրքերին եկամուտով էին ապահովում շքեղ ապրանքների գնումների եւ շրջագայությունների ամրագրումների շնորհիվ, ապա եվրոպացի զբոսաշրջիկները հիմնականում բավականին տարեց են եւ հիմնականում մնում են հյուրանոցներում»:

«Մինչդեռ Թուրքիայի կառավարությունը դեռ չի շտապում զբոսաշրջության ոլորտում ճգնաժամի ազդեցության գնահատականներ տալ»,- հավելում է Die Welt-ը: Ռուսաստանի կողմից պատժիչ միջոցները որոշ ժամանակ կանդրադառնան Անթալիայի տնտեսության վրա: Բայց ամբողջ Թուրքիայի համար սա էական նշանակություն չի ունենա»,- նշել են Անթալիա նահանգի առեւտրաարդյունաբերական պալատում:

Աղբյուր` Die Welt

Թարգմ.` Տիգրան Գասաբյան