ԵՎՐՈՊԱՆ ՆՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳԱԶԻ ՎՐԱ

Եվրոպան արդեն երկար տարիներ փորձում է թոթափել ռուսաստանյան էներգառեսուրսներից ու երկրի նախագահ Վլ․ Պուտինի փոփոխական քմահաճույքներից կախվածության բեռը։

Հարց է ծագում՝ ինչո՞ւ է այդ մայրցամաքը համաձայնություն հայտնում նոր գազատարի վերաբերյալ, որն էներգետիկ ոլորտում տասնամյակներով իրեն կներքաշի ռուսաստանյան խարդավանքների մեջ՝ դարձնելով շանտաժի զոհ։

Բալթիկ ծովի հատակով մինչև Գերմանիայի Գրաֆսվալդ քաղաքը ձգվող և բազմամիլիարդ դոլարի արժեք ունեցող «Հյուսիսային հոսք» գազատարի թողունակության ընդլայնման վերաբերյալ այս տարի բարձրաձայնված ռուսաստանյան պլաններն ավելի արագ են գործնական ուրվագծեր ստանում, քան սպասելի էր շատերի կողմից։ Ի տարբերություն այլ էներգետիկ նախագծերի, որոնց մասին մշտապես խոսվում է Ռուսաստանում, սակայն որոնք շարունակում են գտնվել սաղմնային փուլում։

Բարձրագույն էշելոնի արևմտյան ընկերությունները, ինչպիսիք են Shell, E. On, BASF և Engie (ավելի վաղ GDF Suez) «Հյուսիսային հոսքի» հզորության կրկնապատկման նպատակով միավորել են իրենց ուժերը ռուսաստանյան Գազպրոմի հետ՝ ակնկալելով, որ երկրորդ ճյուղը շահագործման կհանձնվի արդեն 2019 թ․-ի ավարտին։ 10 միլիարդ դոլար արժողությամբ այս նախագծի իրականացման դեպքում Ռուսաստանը վերջապես կկարողանա հրաժարվել Ուկրաինայի՝ որպես տարանցիկ երկրի ծառայություններից։ Դա լավ է Ռուսաստանի համար, որն «ատում է» Կիևին՝ իր գազի արտահանմանը միջամտելու հնարավորություն ունենալու պատճառով։ Սակայն դա կուժեղացնի Ուկրաինայի կախվածությունը ռուսաստանյան բռնապետական մարտավարությունից։ Բացի այդ, որոշ արևելաեվրոպական երկրներ կարող են դատարկաձեռն մնալ, քանի որ նրանք Ռուսաստանից գազ են ստանում Կիևի միջոցով։

pic_d257ce6fbe4716e8d04459419ab719c8

Նոր և կատարելագործված «Հյուսիսային հոսքը» երկու պահ է հստակեցնում․ առաջին՝ թեև Ռուսաստանի կողմից հավաստիացումներ են հնչում Ասիայի կողմը շրջադարձվելու և դեպի Արևելք էներգետիկ արտահանման ծավալների կտրուկ ավելացման մասին, սակայն Եվրոպան Գազպրոմի համար շարունակում է առաջնահերթ մնալ։ Երկրորդ՝ չնայած Եվրոպայի բազմաթիվ հայտարարություններին նոր մատակարարներ գտնելու և Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ Հին աշխարհի էներգետիկ քաղաքականությունն ավելի շատ ընկերությունների, քան թե պետության ձեռքում է։ Դա բարդացնում է Եվրամիության և դրա անդամների կողմից գործադրված ջանքերը՝ ռուսաստանյան էներգամատակարարներին հակակշռող այլընտրանքային տարբերակներ որոնելու և Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու ուղղությամբ (ինչը համառորեն պնդում է ԱՄՆ-ն)։

«Հյուսիսային հոսքը» հաստատում է, որ ռուսաստանյան գազային հայեցակարգում Եվրոպան կենտրոնական տեղ է զբաղեցնում։ Շրջադարձը դեպի Արևելք, վերջինիս՝ որպես Եվրոպային այլընտրանք դիտարկելն ու նրա հետ կապերի ամրապնդման գաղափարը պարզապես ջուրն է գնում»,- հայտարարել է Methinks Ltd. էներգետիկայի հարցերով խորհրդատվական ընկերության փորձագետ, Atlantic Council-ի գիտաշխատող Ջոն Ռոբերտսը։

Փաստը, որ արևմտյան խոշոր ընկերությունները շտապում են պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ դեպի Եվրոպայի սիրտը գազի լրացուցիչ ծավալների մատակարարման նպատակով, մատնանշում է այն, որ իր էներգետիկ պահանջները բավարարելուն ուղղված եվրոպական մոտեցման հիմքում նախ և առաջ տնտեսական նկատառումներն են, այլ ոչ թե ինչ-որ խոշոր ռազմավարություն։ Եվ դա անկախ այն հանգամանքից, որ Բրյուսելը երկար տարիներ հեծում էր Եվրոպայի՝ ներմուծվող վառելիքից հսկայական և անընդմեջ աճող կախվածության մասին։
«Ստիպված ենք առանձնացնել ընկերությունները պետությունից։ Եվրոպայում դիվերսիֆիկացման այդ ողջ աշխատանքով գլխավորապես կառավարությունն է զբաղվում»,- նշել է Ռոբերտսը՝ ավելացնելով․ «Էներգետիկ անվտանգության ապահովման առումով դիվերսիֆիկացիայի մասին խոսում են միայն այն ընկերությունները, որոնց դա շահավետ է, և որոնք շահագործելու համար ռեսուրսներ ունեն»։ Նրա խոսքով՝ այն ընկերությունները, որոնք ներդրում են կատարում «Հյուսիսային հոսքի» մեջ, դրանում «զուտ կոմերցիոն լուծումներ են տեսնում և խուսափում են առավել ծավալուն նկատառումներից՝ հաշվի առնելով եվրոպական էներգետիկ անվտանգությունը»։

1015659587

«Հյուսիսային հոսքի» հզորության կրկնապատկման որոշումը, որի մասին ասվել էր հունիսին, կարելի է ասել՝ ցնցում առաջացրեց։ Նման պլաններ կային դեռևս ամենասկզբից, երբ կառուցվում էր «Հյուսիսային հոսք»-ի ճյուղերից առաջինը, որը գործարկվեց 2011 թ․-ին։ 2012 և 2013 թթ Գազպրոմը սկսեց խոսակցություններ վարել այդ ճյուղի թողունակության կրկնապատկման և այնպիսի հեռավոր երկրներ գազի մատակարարման մասին, ինչպիսին օրինակ Բրիտանիան է։ Սակայն այս տարվա սկզբին, երբ Ռուսաստանի և Եվրոպայի միջև լարվածությունը հասավ գագաթնակետին, թվում էր, թե «Հյուսիսային հոսքի» ընդլայնման պլանը զոհ գնաց դիվանագիտական ու տնտեսական պայքարին։

«Դեռևս մենք պլաններ չունենք «Հյուսիսային հոսքի» ընդլայնման վերաբերյալ»,- հունվարին Bloomberg-ին հայտարարել էր Գազպրոմի ներկայացուցիչը։

Սակայն այդ պլանները կրկին ի հայտ եկան, ընդ որում՝ բավականին աճապարանքով։ Հունիսին ռուսաստանյան էներգետիկ հսկան ու նրա արևմտյան գործընկերները հայտարարեցին, որ այնուամենայնիվ կկրկնապատկեն «Հյուսիսային հոսքի» հզորությունը։ Բայց քանի որ այդ հայտարարությունը հնչեց ռուսաստանյան գազամուղային բազմաթիվ նախագծերի ձախողման ֆոնին (երկուսը՝ Չինաստանում, մեկը՝ Թուրքիայում և մեկ չեղյալ հայտարարված նախագիծ՝ Սև ծովում), բազմաթիվ մեկնաբաններ սկեպտիկորեն վերաբերվեցին գազատարի թողունակության կրկնապատկմանը։

«Հյուսիսային հոսքի» անգամ գործող ճյուղը չի օգտագործվում ողջ հզորությամբ։ Իսկ Եվրոպային այժմ հարկավոր չեն բնական գազի հավելյալ ծավալներ։ Որքան որ անհրաժեշտ է, Եվրոպան կարող է ստանալ Ռուսաստանից Ուկրաինայի միջոցով։ Ուստի թվում էր, թե «Հյուսիսային հոսքի» հզորության կրկնապատկման գաղափարը Պուտինի հերթական անիրականանալի երազանքն է։
Սակայն այսօր այդ գաղափարն արդեն լիովին իրագործելի է թվում։ Սեպտեմբերի սկզբին Գազպրոմն ու արևմտյան ընկերությունները համաձայնագիր են կնքել, ինչը տվյալ նախագիծը լուրջ հիմքերի վրա է դրել։ Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերն ընդգծել է, որ նախագծին արևմտյան էներգետիկ հսկաների մասնակցությունը իրականություն է դարձնում այն, ինչը կարող էր պարզապես ռուսական հերթական երազանք մնալ։

Այժմ, երբ այդ նախագիծը բառացիորեն կանաչ լույս է ստացել, եվրոպական շատ լիդերներ շտապում են իրենց վրդովմունքը հայտնել։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երեքշաբթի հայտարարել էր, որ դա կասկածներ է հարուցում եվրոպական միասնության վերաբերյալ։ Հինգշաբթի Սլովակիայի վարչապետը գազատարի նախագիծը «դավաճանություն» էր անվանել, իսկ ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այն որակել էր որպես «հակաեվրոպական և հակաուկրաինական»՝ կոչ անելով Եվրամիությանը արգելափակել դրա կառուցումը։
Էներգետիկ հարցերով ԱՄՆ գլխավոր դիվանագետ Ամոս Հոխշտեյնը նույնպես մտահոգություն էր հայտնել «Հյուսիսային հոսքի» հզորացման վերաբերյալ՝ նախորդ շաբաթ հայտարարելով, որ տվյալ նախագիծը Ռուսաստանին հնարավորություն է տալիս գազամատակարարման գործընթացից հանել Ուկրաինային և սպառնալիքի տակ դնել Եվրոպայի անվտանգությունը։

51998_nordstreaminvigning

Սակայն եթե նախագիծն այդքան ուժգնորեն հակասում է Եվրոպայի ռազմավարությանը՝ հարուցելով առաջնորդների վրդովմունքն ամբողջ Եվրոպայով, ինչո՞ւ է այն վայելում եվրոպական ընկերությունների աջակցությունը։
«Հյուսիսային հոսքի» մասնակից երկրները դա բացատրում են եվրոպական պաշարների՝ սպառման եզրին գտնվելով։ Այսպես, Եվրոպա գազի խոշոր մատակարար հանդիսացող Նորվեգիան ենթադրում է, որ իր արտահանումը կսկսի նվազել հենց այն ժամանակ, երբ մեծացած կլինի «Հյուսիսային հոսքի» թողունակությունը։ Նիդերլանդներում գազի արդյունահանումը նույնպես խնդրահարույց է։ Իսկ ԱՄՆ-ից կամ Միջերկրական ծովից գազամատակարարման այլընտրանքային տարբերակները դեռևս չեն նյութականացվել։

Սակայն կա նաև մի քանի միլիարդ դոլարանոց մեկ պատճառ, որի շնորհիվ եվրոպական ու ամերիկյան էներգետիկ ընկերությունները շարունակում են «փաղաքշել» ռուսաստանյան բիզնեսը՝ անկախ պատժամիջոցներից, որոնք կոչված են փակելու Ռուսաստանի հասանելիությունն արևմտյան տեխնելոգիաների ու կապիտալի նկատմամբ․ դա հավանական մրցանակի չափն է։ Դժվար թե պատահականություն էր այն, որ հենց այն օրը, երբ «Հյուսիսային հոսքի» բաժնետերերը համաձայնագիր էին կնքում, տեղի է ունեցել Shell, BASF և ավստրիական OMV-ի ղեկավարների հանդիպումը նախագահ Պուտինի հետ՝ այլ գրավիչ հեռանկարներն ու կոմերցիոն հնարավորությունները քննարկելու համար։ Այլ խոսքով՝ այո՛, այժմ Եվրոպայի և Ռուսաստանի միջև առկա է քաղաքական լարվածությունը, սակայն էներգետիկ բիզնեսի համար, որը մտածում է 10-յակ տարիների կտրվածքով, նեղ մտահորիզոնը կարող է ճակատագրական լինել ընկերությունների գոյատևման տեսանկյունից։

Իհարկե, նոր նախագիծը դեռ պետք է մի շարք խոչընդոտներ հաղթահարի, համապատասխանի ԵՄ կանոնակարգին։ Դեռևս հարցական է, թե որքանով Գազպրոմը հասանելիություն կունենա Եվրոպայի ոչ մեծ գազամուղներին, որոնցով գազ է մատակարարվում տարբեր երկրներ։
Նաև առկա է այն հարցը, թե որքանով է Ռուսաստանին և Գազպրոմին հարկավոր խոշորացված և հզորացված «Հյուսիսային հոսքը»։ Ռուսաստանը վաղուց ի վեր ցանկանում է հրաժարվել Ուկրաինայի միջոցով գազամատակարարումներից։

Շրջանցիկ ճանապարհների փնտրտուքով էին պայմանավորված նաև նախորդ նախագծերը՝ սկսած չկայացած «Հարավային հոսքից» մինչև կասկածելի «Թուրքական հոսքը»։
Սակայն քանի որ «Հյուսիսային հոսքը» վայելում է կորպորատիվ հզոր աջակցություն, ունի առաջին գազատարի հետ կապված հաջողված նախապատմություն և բավականին մատչելի է, ապա տվյալ պահին Ռուսաստանի համար այն գլխավոր տարբերակն է, որպեսզի վերջինս կարողանա իրականացնել Եվրոպա գազամատակարարման վերահսկողությունն իր ձեռքում պահելու ձգտումը։

Թարգմ․՝ Մարինե Ալեքսանյան

Foreign Policy